«Մենք ունենք մի շատ գեղեցիկ տարածաշրջան՝ Սյունիք անունով։ Այսօր ամբողջ աշխարհի համար հիմնական խնդիր է դարձել խլելու մեզանից այդ տարածաշրջանը, բայց ոչ մեկին դա չի հաջողվելու, ու մենք դառնալու ենք Հյուսիս-Հարավ ճանապարհի մասնակից»,- համոզմունք հայտնեց Հայ գործարարների միության նախագահ, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայում տեղի ունեցած «Հայկական Բիզնես Ֆորում -2024» միջոցառման ժամանակ։
Ըստ Սամվել Կարապետյանի, Ռուսաստանը վերջնականապես իր հայացքը շրջել է դեպի Արևելք, իսկ Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ շատ հարմար կերպով կանգնած է Հյուսիս-Հարավ ճանապարհի հատման կետում։ Այդ իսկ պատճառով, օգտվելով առիթից, Հայաստանը պետք է դարձնել հաջողակ լոգիստիկ հանգույց, ինչը հնարավորություն կտա հայ գործարարներին մեծացնել արտադրական ծավալները, իսկ դա ուղղակի օգնություն կլինի նաև Ռուսաստանին, քանի որ վերջինս բարդ ֆինանսա-տնտեսական ժամանակներ է ապրում։
«Լոգիստիկ համակարգերի զարգացման մեջ ավելի հրապուրիչ դառնալու համար Հայաստանը պետք է մասնակից դառնա Հյուսիս-Հարավ նախագծին։ Հասկանալի է՝ այդտեղ մենք ունենք շատ լուրջ մրցակից՝ դա մեր, չակերտներում ասած, բարեկամ երկիրն է, բայց միևնույն է, մենք մեր ակտիվության շնորհիվ պետք է վերցնենք նախաձեռնությունը։ Այդ ծրագրում առկա են շատ լուրջ ֆինանսական հոսքեր, բեռնափոխադրումներ։ Ես կարծում եմ, որ մենք դեռ լրջորեն կզբաղվենք այդ հարցով»,- վստահեցրեց Ռուսաստանում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում խոշոր ֆինանսական կապիտալի տիրապետող հայազգի գործարարը։
Կարդացեք նաև
Վերլուծելով ներկայիս ֆինանսա-տնտեսական վիճակը Ռուսաստանում՝ Սամվել Կարապետյանը մատնանշեց, որ Ռուսաստանը գտնվելով արգելանքների տակ՝ խնդիր ունի նաև ֆինանսական լոգիստիկայի հարցում։ Դա հիմնականում վճարային համակարգերի կարգավորումն է՝ այլ պետությունների օգնությամբ։ Հայաստանը կարող է դառնալ նման ֆինանսական հանգույց։ Իսկ ֆինանսա-տնտեսական թեմային վերաբերող երրորդ կարևոր կետը, ըստ Կարապետյանի, Հայաստանը հզոր արդյունաբերական երկիր դարձնելն է, ինչով, նրա հավաստմամբ, զբաղվում է նրա ընկերությունը։
«Ռուսաստանի շուկան այսօր կարիք ունի ցանկացած ապրանքատեսակի։ Ռուսաստանի համար գլխավոր մատակարար է հանդիսանում Չինաստանը, որը աշխարհագրորեն հեռու է։ Այնտեղից ապրանքները տեղ են հասնում լավագույն դեպքում երկու ամսվա ընթացքում, չնայած այն առավելությանը, որ գնային ցածր սանդղակի վրա են։ Հայաստանը կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանի համար՝ արտադրական ծավալները մեծացնելու դեպքում։ Խորհուրդ եմ տալիս այստեղ հավաքված բոլոր գործարարներին մտածել ասածիս ուղղությամբ և գործի անցնել։ Մենք ընդամենը մեկ հայրենիք ունենք և պետք է ոտքի կանգնացնենք այդ հայրենիքը»,-հայտարարեց Սամվել Կարապետյանը։
Ըստ Կարապետյանի, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական համարյա բոլոր կարևորագույն հարթակներում հայազգի գործարարները զբաղեցնում են առաջատար և ազդեցիկ դիրք։ Այդ իսկ պատճառով ոչ մի նոր բան հնարելու կարիք չկա, ուղղակի պետք է ավելացնել նման գործարար խավի քանակն ու որակը։
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ