Ինչո՞ւ է ցանկանում անպայման կառավարական ամառանոցում խոսել Փաշինյանի հետ, ինչպես հայտարարել է հարթակից, այս հարցին ի պատասխան՝ Բագրատ Սրբազանն այսպես արձագանքեց լրագրողին հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ. «Այստեղից լավ չի լսվում… Հայերը հաճախ նախապես են լուր տալիս կամ պարզապես գնում են տուն, դուռը թակում են…»: Հարցին՝ իսկ եթե Փաշինյանը չգա հանդիպման, սրբազանն այսպես պատասխանեց. «Եթե չգա, նշանակում է՝ խուսափում է իր ժողովրդից, նշանակում է՝ այլեւս կապ չունի այս ժողովրդի հետ… Չուներ, մենք գիտենք դա»:
Սրբազանն ասաց, որ գնում է Փաշինյանի հետ հանդիպելու, խոսելու, իրավիճակը բացատրելու: Լրագրողի հարցին՝ դատարկ ձեռքո՞վ է գնում, Բագրատ Սրբազանն ասաց. «Չէ, օրհնելու եմ գնում, այս խաչով»։ Ասաց նաեւ, որ դիմել է Վեհափառ հայրապետին՝ իր հոգեւոր լիազորությունները սառեցնելու:
Նիկոլ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ ասոցացնելու հետ կապված էլ ասաց. «Հիմա տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, մի օր Հիսուս Քրիստոսն է, մի օր Պապ թագավորը, մի օր էլ կարող է Տիգրան Մեծը լինի, պիտի կողմնորոշվի»:
Կարդացեք նաև
Դիտարկման առնչությամբ, թե իշխանականները պնդում են, որ որեւէ ՔՊ-ական չի միանա իրենց որեւէ նախաձեռնության, սրբազանն ասաց, որ իր կարծիքով իշխանական պատգամավորների ողջամտությունն ի վերջո կհաղթի. «Այդ պատասխանատվության բեռը, որ դրվել է իրենց վրա՝ հայրենիքի կորուստ, տղաների նահատակության գինը, լրիվ հնարավորություններն ունեն այդ բեռից ազատվելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ