Քիչ առաջ Ալավերդու համայնքապետարանում ավարտվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքաների նախարար Գնել Սանոսյանը:
Նիստին մասնակցել են նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Ավետիսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը, Ջրառ ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը, համայնքապետեր, պետական մարմիրնների այլ ներկայացուցիչներ:
Տեղում քննարկվել է հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակը, վնասների չափը:
Նախարարը հանձնարարել է իրականացնել վնասների գույքագրում, սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները:
Նախարար Սանոսյանը հանձնարարել է համակարգված աշխատանք տանել կամուրջների փլուզումների հետևանքով մյուս բնակավայրերից կտրված թաղամասերի, բնակավայրերի բնակիչների մասով, նրանց ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով։
Քննարկվել են նաև բնակավայրերի գազամատակարարման, ջրի և հոսանքի մատակարարման վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր։
Նախարար Սանոսյանը հանձնարարել է նաև պատշաճ պայմաններ ստեղծել հեղեղումների հետևանքով տարհանված քաղաքացիների համար՝ նրանց տեղավորել հյուրանոցներում և ապահովել նրանց առաջին անհրաժեշտության կարիքները։
Քննարկվել են իրավիճակով պայմանավորված այլ հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն