Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Սրբազանը՝ անցումային կառավարության, գերիների վերադարձի եւ իրական խաղաղության մասին

Մայիս 26,2024 17:39

«Այս շարժումը արժեքային եւ քաղաքակրթական փոփոխության մասին է, մենք պարզապես ապրելու եւ պետություն կառուցելու այլընտրանք չունենք: Վերջին երկու շաբաթները ցույց տվեցին, որ մեր ազգը ապրում է փոփոխությունների մեծ ակնկալիքով, որ արթնացած է հույսերով… Մեր ժողովուրդն իր մեծով ու փոքրով ընդունել է այս շարժման օրակարգը եւ պատասխանատու մասնակցությամբ ցանկանում է փոխել այն դառն իրականությունը, որը ոչ թե իր ստեղծածն է, այլ արհեստական կերպով պարտադրվել է մեզ՝ որպես չակերտավոր անխուսափելի իրականություն»,-հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

Սրբազանն անդրադարձավ, իր ձեւակերպմամբ, ստի իշխանության մունետիկ ղեկավարին եւ վերջին օրերի բռնություններին՝ ուղղված  մասնավորապես արցախցի հայրենակիցներին, շարժման հետ առնչություն ունեցող գործարարներին ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներին. «Շարունակական սպառնալիքներ, ահաբեկումներ՝ հատկապես գործիք դարձնելով ոստիկանական ուժերին եւ ողջ իրավապահ ու անվտանգային ծառայությունները, որոնք կոչված են պաշտպանելու սեփական երկիրն ու ժողովրդին, սակայն գերի լինելով լծված են հակառակ գործին՝ իրենց կամքից անկախ: Իմիջիայլոց, իշխանական բոլոր թեզերին ձայնակցում է ադրբեջանական եւ թուրքական իշխանությունների քարոզչամեքենան: Ոչ միայն  ձայնակցում, այլեւ մեկը մեկին նույնն են, կարծես նույն աղբյուրից են հրահանգ ստանում»:

Սրբազանն ասաց, որ վերջին ամիսները եղել են իր ողջ կյանքի եւ հոգեւոր ծառայության ամենաերջանիկ օրերը: Ասաց նաեւ, որ հանրահավաքը ազդարարում է «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» երրորդ եւ վճռական փուլի մասին. «Դուք անընդհատ որոշակիություն եք պահանջում՝ կապված վարչապետի թեկնածուի, օրակարգի մասին: Ինչպես նշել եմ նախորդ անգամ, այդ թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, չի կարող լինելու որեւէ կուսակցության կամ խմբակի անդամ, պետք է ձեւավորի անցումային կառավարություն, որը կլինի հաշտության կառավարություն»:

Բագրատ Սրբազանն ասաց, որ նոր կառավարությունը պետք է ունենա  օրակարգային մի քանի ուղղություն, մասնավորապես հաշտության՝ հիմնված արդարության եւ արդարադատության վրա, արտաքին հարաբերություններում առանց հակաների քաղաքականության, Ադրբեջանի զինուժի ինքնիշխան տարածքներից դուրս գալով, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է մեկնարկի Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո՝ հստակ քարտեզներով:

Ի թիվս այլնի, նա անդրադարձավ գերիների վերադարձին, խաղաղության պայմանագրի շուրջ իրական խորքային, երկարաժամկետ խաղաղությանը միտված բանակցություններին, Արցախի հայերի Արցախ վերադառնալու իրական երաշխիքներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031