Հանրապետության հրապարակում ընթանում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համազգային հանրահավաքը:
«Մինչեւ սկսելը եկեք նախ մեր զորակցությունը հայտնենք Տավուշում եւ Լոռիում բնական աղետի պատճառով տուժած մեր ժողովրդին: Այս պահին գիտենք, որ նաեւ մարդկային կորուստ կա..․ Մեր զորակցությունը, խոնարհումը, աջակցությունը, մեր աղոթքները մեր ժողովրդի հետ՝ Տավուշում, Լոռիում եւ ողջ Հայաստանում»,-ասաց Բագրատ Սրբազանը:
Սրբազանը ողջույն հղեց նաեւ Բաղանիսի, Ոսկեպարի եւ Կիրանցի ժողովրդին, որոնք, նրա խոսքով. «Ո՛չ մոլորվեցին, եւ ո՛չ էլ կաշառվեցին՝ ցույց տալով հայրենատեր լինելու իրենց ամբողջ էությունը: Ինչպես պատվով սահման են պահել այս երեսուն տարվա ընթացքում, այնպես էլ այս վայրկյանին անմնացորդ կերպով կանգնել են չզիջելու եւ չնահանջելու հայրենական մեր օջախից, որը, ցավոք, այսօր մատնվել է աղետի, ոչ բնական, այլ մարդու կողմից»:
Կարդացեք նաև
Հանրահավաքի ժամանակ տեսանյութեր ցուցադրվեցին, որտեղ Նիկոլ Փաշինյանի խոստումներն էին ընտրություններից առաջ եւ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ տնազրկվող տավուշցիներին: Սրբազանը խնդրեց խոնարհումով ողջունել նահատակ զինվորների ծնողներին: Ասաց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հստակ ուղեծրով ընթանում է դեպի բաղձալի հաղթանակ, որը սարերի հետեւում չէ: Սրբազանը ցույց տալով հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց՝ հեգնեց ընդդիմախոսներին. «Այս հրապարակը մեր մարած շարժման մասին է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ