Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է սահմանենք և ճշգրտենք մեր ազգային շահերը՝ ճիշտ հավասարակշռություն հաստատելով ներսում․ Վարդան Օսկանյան

Մայիս 26,2024 15:51

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել է երեկ Երևանում կայացած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ելույթի խմբագրված սղագրությունը․

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՅԴ բոլոր ժամանակների ղեկավարությանը, որ ստեղծել և տասնամյակներ շարունակ պահպանում են Հայ դատի կառույցները՝ հայ ժողովրդի և Հայաստանի շահերը բարձրացնելու և հետապնդելու նպատակով ամբողջ աշխարհում։

Այս տասնամյակների ընթացքում մեծ աշխատանք է արվել ձեր կողմից ի նպաստ հայության և դրա վկաներից մեկն էլ ես եմ, երբ իմ նախարարության շրջանում ձեր օգնությամբ և մեր համատեղ ջանքերով կարողացել ենք լուրջ դիվանագիտական հաջողություններ գրանցել Արցախի ինքնորոշման, ցեղասպանության ճանաչման, Հայաստանի անվտանգային, տնտեսական զարգացման ու ժողովրդավարության հարցերում։ Այդ բոլորի արդյունքում մենք կարողացանք 2008 ի սկզբին թողել լավ ժառանգություն հատկապես արցախյան հարցում։
Ձեզանից յուրաքանչյուրը դեսպան է, որը ծառայում է համապատասխան երկրում՝ բարձրաձայնելով, պաշտպանելով և առաջ մղելով հայկական շահերը։

Շատ առումներով այս հավաքն ինձ հիշեցնում է իմ նախարարական տարիները, երբ աշխարհի տարբեր երկրներից մեր դեսպանները ամեն տարի հավաքվում էին Երևանում՝ գնահատելու մեր աշխատանքը, վերլուծելու իրավիճակը և ծրագրավորելու մեր հետագա անելիքները:

Դժբախտաբար այդ օրերի հիշողությունների և այսօրվա իրավիճակի մեջ հսկայական տարբերություններ կան։
Նախ՝ մենք ունեինք Արցախ՝ որպես անկախ քաղաքական միավոր՝ իր պետական կառույցներով և ընտրված ղեկավարությամբ։ Հայաստանը ներկայություն ուներ բանակցային սեղանի շուրջ, ունեինք մեզ աջակցող դաշնակիցներ ու բարեկամներ, իսկ մեր հակառակորդները հարգում էին մեր սահմաններն ու ինքնիշխանությունը։

Այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է։ Մենք այլևս չունենք Արցախ՝ նրա ժողովուրդը տեղահանվել է իր պապենական հողերից։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը խճճված է, դաշինքները փլուզված, բարեկամները անտարբեր և հակարակորդը անընդհատ սպառնում է մեզ։ Հայաստանը բացակայում է բանակցությունների սեղանից՝ հայտնված անողոք շրջափուլի մեջ, որից դուրս գալը անհավանական է ներկայիս ղեկավարության օրոք։
Երկրորդ՝ խորը անջրպետ կա հայ ժողովրդի և Հայաստանի իշխանության շահերի միջև։ Հայ ժողովրդի շահերը ենթադրում են մեր արդար և հիմնավոր իրավունքների պաշտպանության հիման վրա հասնել արդար և տևական խաղաղության, իսկ իշխանության շահերը խարսխված են՝ հայ ժողովրդի գլխին բերած այս արհավիրքի իրենց սխալները, մեղքերը և ճակատի խարանը մաքրելու, ուրիշներին մեղադրելու և իշխանությունը պահպանելու նպատակների ու շահերի վրա։

Այս պայմաններում չափազանց դժվար է հայկական շահերը հետապնդելը միջազգային թատերաբեմում։

Ես կանգնած եմ ձեր առջև՝ որպես անցյալ տարեվերջին Արցախի Ազգային ժողովի կողմից ստեղծված հանձնաժողովի համակարգող՝ միջազգային ասպարեզում արցախցիների շահերը պաշտպանելու և առաջին հերթին՝ միջազգային պաշտպանության ներքո հայրենիք վերադառնալու իրավունքը։ Մենք սերտորեն աշխատում ենք ձեզ հետ այս հարցում, և իմ վերջին մի քանի ամիսների փորձը ցույց է տվել, որ այս հարցը խաղաղ բանակցությունների օրակարգում ներառելու առաջնային խոչընդոտը Հայաստանի ներկայիս կառավարությունն է։ Եվ սա միակ հարցը չէ։ Բոլոր տեսակի այլ հարցերում էլ բախվում ենք և բախվելու ենք այլոց այն անառարկելի արդարացման հետ, որ՝ «մենք հասկանում ենք ձեզ, բայց Հայաստանի իշխանություններն այլ բան են ուզում»։

Հայաստանի իշխանություններն ազնիվ և անկեղծ չեն։ Հայաստանն ու հայ ժողովուրդը այսօր ունեն լրջագույն խաղաղ դիվանագիտական այլընտրանքներ այն ամենին ինչ անում են Հայաստանի իշխանությունները։ Հայ ազգի քաղաքական միտքը, մասնավորապես արտաքին քաղաքական միտքը, չի չորացել։

Առաջին՝ մենք պետք է դադարենք գործել պատերազմի մշտական վախի ներքո և ճիշտ գհահատենք այս անտեղի ու միտումնավոր շահարկվող պատերազմ/խաղաղություն հարաբերակցությունը։ Մեզ առաջնորդող սկզբունքը պետք է լինի մեր ազգային շահը։ Մենք պետք է հասկանանք, որ միջազգային քաղաքականությունը ազգային շահերի համադրման և կարգավորման, բայց ոչ միակողմանի զիջումների գործընթաց է։ Այս գործընթացը չի ենթադրում ներդաշնակ, խաղաղ աշխարհ, ոչ էլ պատերազմի անխուսափելիություն։ Փոխարենը, դա ենթադրում է հակամարտող ազգային շահերի շարունակական ճշգրտում դիվանագիտական գործողությունների միջոցով։

Ուստի և երկրորդ՝ մենք պետք է սահմանենք և ճշգրտենք մեր ազգային շահերը՝ ճիշտ հավասարակշռություն հաստատելով ներսում և մեր շուրջ ստեղծված նոր իրողությունների և մեր հիմնարար իրավունքների, ինչպես նաև՝ անցյալի և ապագայի միջև։ Հենց այս հարցում է, որ մենք պետք է կարողանանք բաց, անկեղծ ու հիմնավոր համազգային դիսկուրս ունենալ և ոչ թե դրանք ձևավորվեն ու սահմանվեն մի խումբ մարդկանց նեղ շահերի կամ մի մարդու ուղեղի սահմանների արդյունքում։ Ազգային շահի վերանայումը չի կարող լինել ի հաշիվ մեր հիմնարար իրավունքների զիջման, մեր ազգային ինքնության կերպարափոխման և մեր պետականության հիմնասյուների խախտման։

Մեր անկախության առաջին օրվանից ու հաջորդած տարիներին, մեր պետականությունը խարսխվել է հինգ հենասյուների վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, Հայ առաքելական եկեղեցի և սփյուռք։ Այսօր այդ հիմնասյուները կամ քանդված են կամ հիմնովին թուլացած։ Ոչնչացվել է Արցախը, փոշիացվել է բանակը, ոտնահարվում է սահմանադրությունը, հալածվում է եկեղեցին, արհամարհվում ու նվաստացվում է սփյուռքը։

Մենք միասին հսկայական աշխատանք ունենք անելու՝ վերականգնելու մեր պետականության հենասյուները, և դա հնարավոր կլինի միայն ազգային կառավարությամբ, ներքին համերաշխությամբ, միասնությամբ, համախոհությամբ ու հավատով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031