Լրագրող Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքում գրում է․
Ալավերդիում աղետ է․ Լոռու մարզում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել-տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը և հավանաբար երկար շաբաթներ աներթևեկելի կլինի մայրուղին: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանիքներն են միայն երևում:
Ալավերդու գլխավոր Թումանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ են, մակարդակն այնքան բարձր է, որ պատնեշներն էլ անցել են ջրի տակ: Ջրերը քշել տարել են «Կատա» սուպերմարկետը գույքը, մտել ոսկու խանութ, Էկոնոմբանկ, պատկերասրահ: Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին կայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը: Ըստ մեր տեղեկության՝ գետի ջրերը քշել-տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ:
Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են և մեքենաներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությանն են մասնակցել: Խոսվում է անհետացած մարդկանց մասին:
Կարդացեք նաև
Մեկ այլ գրառմամբ Հրաչյա Պապինյանը տեղեկացնում է՝
Ջրածածկ հատվածներում արգելափակված մարդիկ հաղորդակցության խնդիրներ ունեն: Չկա հեռախոսակապ, ինտերնետ, հեռուստացանցը չի գործում: Մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ կարիքների համար, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս, լցվում բնակարաններ: Չեն կարող գնումներ կատարել: