«Մեր պետությունը մեր ժառանգությունն է, և յուրաքանչյուրս պետք է կոչված լինենք մեր պետության, մեր ազգի զինվորը լինելու։ Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ պետք է կարողանա հստակ գիտակցել, որ այս երկիրն իր սեփական տունն է, և այդ տան հետ չպետք է վերաբերվել սպառողի հոգեբանությամբ, ընդհակառակը, միշտ պետք է նորոգել ու շեն պահել»,-ասում է Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների խորհրդակատար քահանա Տեր Արսեն Սարոյանը։
Քահանայի խոսքով՝ հայ ազգը ժառանգություն է ստացել ոչ միայն պետություն, այլև ազգային արժեքներ, որոնք ևս ներկայումս փորձ է արվում ոչնչացնել․ «Մեր թշնամիների ուզածը հենց նա է, որ մենք կորցնենք մեր ազգային դիմագիծը»,-ընդգծում է նա։
Օրերս ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Հայ եկեղեցու 1700-ամյա պատմությունը, այսպես ասած՝ Հայաստանի կողմից Քրիստոնեությունը աշխարհում առաջինը պետական կրոն ընդունելը, առասպել էր համարել։ Տեր Արսեն քահանա Սարոյանն, անդրադառնալով պատգամավորի այդ խոսքին, նշում է, որ շատ մարդ շատ բան կարող է ասել առանց փաստերի, այնուհետև հավելում․ «Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն է, և դա դարերով՝ բազում պատմական իրողություններով ապացուցված է և փաստարկված։ Իսկ ովքեր կասկածի տակ են դնում այս ամենը՝ իրենք պատասխանատվություն պիտի կրեն իրենց ասածի և իրենց առաջ քաշած թեզերի հանդեպ, կամ պետք է կարողանան դա ապացուցել։ Այսինքն՝ շատ մարդ շատ բան կարող է խոսել, բայց ամեն ասած չէ, որ պետք է պարտավորված լինես հերքելու, կան բացարձակ ճշմարտություններ, որոնք հերքման կարիք էլ չունեն»։
Տեր Արսեն քահանա Սարոյանն անդրադառնում է նաև իրենց հավատացյալ հորջորջող, բայց որևէ գործով դա չապացուցող անհավատներին, ԼԳԲՏՔԻ+ համայնքին ու արհեստական բեղմնավորման նկատմամբ եկեղեցու դիրքորոշմանը։
-Տեր հայր, գրեթե բոլորս էլ ճանաչում ենք հավատացյալ ներկայացող անձանց, որոնք շարունակաբար ստում են ու ապրում ոչ պարկեշտ կյանքով: Կրոնը նպաստու՞մ է հետևելու բարոյական նորմերին:
-Կան մարդիկ, որոնք իրենք իրենց հորջորջում են հավատավորներ, բայց ինչպես Տերն է ասում՝ իրենք միայն շուրթերով են Տեր և Աստված դավանում, մինչդեռ սրտերը հեռու են Աստծուց։ Նրանք իրենց կենցաղավարությամբ՝ ապրած կյանքով, պետք է փաստեն հավատքը։ Տեր Հիսուս Քրիստոսը հստակ ասում է՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա, և չկա բարի ծառ, որ չար պտուղ տա։ Եվ այստեղ ծառը մարդն է, իսկ պտուղը մարդու գործերը։ Հետևաբար, եթե մարդը հավատավոր մարդ է իրեն անվանում՝ պետք է նախ կարողանա այդ հավատքի գործերը կատարել, որովհետև հավատքն առանց գործերի մեռած է։ Եվ մեր ապրելակերպը, մեր կենցաղավարությունը, մեր խոսվածքը, մեր նիստուկացը պիտի տեղավորվեն այդ հավատքի մեջ՝ այլապես մենք նմանվում ենք այն մարդկանց, ում մասին տեր Հիսուսն ասում էր՝ դուք միայն շուրթերով եք Տեր և Աստված պաշտում։
Եկեղեցին Աստծուց պատվեր ունի իբրև Քրիստոսի վարդապետության, Քրիստոսի առաքելության կրողն ու շարունակողը՝ գնացեք քարոզեցեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին և մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Եվ 2000 և ավելի տարիներ, հատկապես հայկական իրականության մեջ Հայ առաքելական սուրբ եկեղեցին այդ գործառույթը՝ Տիրոջ պատգամն է իրականացնում, որը Տերը տվեց իր առաքյալներին և նրանց միջոցով փոխանցվեց մեզ՝ քարոզելու և աշակերտ դարձնելու։ Եկեղեցին այդ առաքելությունը պատմության այս ամբողջ ընթացքում լավագույնս է իրականացրել, բայց նաև եղել են ժամանակներ, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված նաև կատարվել է որոշակի թերացումներով։ Իսկ այսօր եկեղեցին այդ ամենն իրականացնում է առավել չափով։ Եվ մեծ թվով մարդիկ, հատկապես այս վերջին շրջանում, իրենց կյանքից ու հոգուց ներս վերագտնում են Աստծուն և հատկապես մեծ թվով երիտասարդներ և Աստծո հետ քայլելով իրենց կյանքից ներս վերագտնում են այն, ինչպես իրենք ստեղծված են եղել, այսինքն՝ Աստծո պատկերն ու նմանությունը։
-Արևմուտքը մշտապես հանդես է գալիս գենդերային հավասարության կոչերով, որոնք վերաբերում են ոչ միայն կենսաբանական սեռին, այլև ԼԳԲՏՔԻ+ համայնքին: Վերջերս ՀՀ ԱԺ իշխող ուժի կողմից «զուգընկեր» բառը ներմուծվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում, որը խստ քննադատվեց Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Դեպի ու՞ր են տանում այս զարգացումները, և ինչպիսի՞ դիրքորոշում ունի Եկեղեցին ԼԳԲՏՔԻ+ համայնքի վերաբերյալ:
-Եկեղեցին իր դիրքորոշումն արտահայտել է բացասական իմաստով, որ զուգընկեր տերմինը շատ խնդրահարույց է և կարող է իրավունք վերապահել նույնասեռ մարդկանց ընտանիք կազմելու։ Այս օրենքը չունի որոշակի սահմանափակում կամ հուշում, թե այդ զուգընկեր ասվածը իրենից ինչ սեռ է ներկայացնում։ Նմանատիպ շատ օրենքներ ու բանաձևեր կոչված են կազմաքանդելու, թուլացնելու ազգային պետությունները, այն պետությունները, որոնք կառչած են իրենց ազգային արժեքներին, որոնք դարերի ընթացքում հենք ունենալով Սուրբ գրային խոսքն ու ավանդույթը կարողացել են դարերով ստեղծել և սրբագործել ընտանեկան, կենցաղային, բարոյական, հոգևոր տարատեսակ օրենքներ, ավանդույթներ։ Իսկ օտարածին օրենքները, որոնք իբր թե պաշտպանում են ընտանիքի անդամներին բռնություններից՝ հիմնականում կանանց, խորթ են հայ իրականությանը, որովհետև այդ պաշտպանությունը մեր ընտանեկան կյանքից ներս ստանձնում ենք պսակի սուրբ խորհրդով՝ որպես քրիստոնեական ընտանիք։
Պսակի խորհուրդը, որը հիմքն է դնում քրիստոնեական ընտանիքի՝ մարդուն կոչում է այդ պաշտպանությանն ու պահպանությանը, որովհետև պսակի խորհրդի ժամանակ տղամարդը Աստծո առաջ խոստում է տալիս Տերը լինելու և պաշտպանը լինելու, և քրիստոնեական ընկալման մեջ Տեր և պաշտպան լինելը երբեք բռնատեր չի նշանակում, և երբեք չի նշանակում, որ ամուսինը ուժ կիրառի իր կնոջ կամ երեխայի նկատմամբ։ Առաքյալի հստակ ձևակերպումը կա, ասում է՝ տղամարդիկ՝ այրեր, սիրեցեք ձեր կնոջն այնպես, ինչպես սիրեց Քրիստոսը եկեղեցին։ Իսկ Քրիստոսի սերը եկեղեցու հանդեպ անձնազոհություն էր փրկագործության համար։ Եվ հաջորդ պատգամը՝ սիրեցեք ձեր կանանց ինչպես ձեր անձը։ Իսկ կանանց պարագայում հնազանդության կոչ է արվում՝ հնազանդվելու ամուսիններին այնպես, ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին։ Հետևաբար, այդ պաշտպանությունը մեր ընտանեկան կյանքից ներս ստանձնում ենք պսակի սուրբ խորհրդով՝ տղամարդը և կինը փոխադարձաբար մեկ մարմին լինելով և մեկը մյուսին պաշտպանելով։ Եվ պետական այրերը օտարածին այսօրինակ օրենքներ ընդունելու ու ընտանիքը կազմաքանդելու փոխարեն, պետք է կարողանան իրենց հոգուց և սրտից ներս վառ պահեն քրիստոնեական հավատքը, որպեսզի առիթ տան, որ հայ իրականության մեջ հայ մարդը կրթվի և դաստիարակվի քրիստոնեական արժեքներով և ոչ թե օտարածին և օտարամուտ արժեքներով։
-Բացառո՞ւմ եք, որ քրիստոնյա ընտանիքներում բռնություն կարող է լինել։
-Ոչ, չեմ բացառում։ Քրիստոնեությունն ու հայ եկեղեցին սովորեցնում են ինչպես հեռու մնալ ընտանիքից ներս որևէ տեսակի բռնությունից։ Եվ եթե դու քո ընտանիքի անդամին փոխհարաբերվում ես որպես քո անձի, այդ ընտանիքում չի կարող լինել բռնություն։ Եվ մենք պետք է այս արժեքները ընտանիքում վառ պահենք, եկեղեցին տարատեսակ ձևերով փորձում է ներս մտցնել այս արժեքները ընտանիք։
Օրենքները մեզ Սուրբ գրքով են տրված, բայց, անշուշտ, իրավական դաշտում ևս կան կարգավորումներ, և մեզ պետք չէ գնալ օտարածին օրենքների հետևից, որոնք մեր հասարակության համար խորթ են։ Բայց, ցավոք սրտի, մենք վերցնում ենք դրսից այնպիսի օրենքներ, որոնք գալիս են մեր հասարակությունը կազմաքանդելու, գալիս են մեզ ստիպելու ապրել այնպես, որ մենք մեր ապրելու ճանապարհին կորցնենք մեր ազգային դիմագիծը, նկարագիրը։ Ըստ իս՝ այս օրենքը գալիս է քանդելու հայկական ավանդական ընտանիքը, իսկ շատերի համար ընտանիքը պետության հիմքն է։ Եթե ուզում ես ամուր պետություն ունենալ՝ պետք է կարողանաս ունենալ ամուր ընտանիք երկրի ներսում։ Եվ քանի դեռ կոչված ես քանդելու քո պետության ընտանիքը՝ դու չես կարող վաղը ստեղծել ամուր պետություն, իսկ մենք ապրում ենք այնպիսի աշխարհաքաղաքական միջավայրում, որ մեզ համար շատ կարևոր է այդ ընտանիքի ամրությունը յուրաքանչյուր հարթության մեջ։ Եթե նայենք պատմությունը՝ կտեսնենք, որ մեր ժողովուրդը, մեր ազգը, մեր պետությունը հասել է այս օրվան միայն մի ճանապարհով, որովհետև ընտանիքը եղել է կրողն ու փոխանցողը ազգային արժեքների։
-Այսօր բժշկությունը լայն հնարավորություններ է ընձեռում անձանց` երեխա ունենալու համար։ Այդ հնարավորություններից են արհեստական բեղմնավորումը, փոխնակ մայրերը, սերմնահեղուկների, ձվաբջիջների սառեցումն ու վաճառքը: Ինչո՞ւ պետք է ընտանիքը կազմվի միայն կենսաբանորեն հակառակ սեռերի միությունից:
-Եկեղեցու քարոզչության աղբյուրը Սուրբ գիրքն է, և առաջին ընտանիքը, որ Աստված ստեղծեց Ադամն ու Եվան էին։ Եվ Սուրբ գրքում հստակ կողմնորոշում կա, որ ընտանիքը պետք է բաղկացած լինի տղամարդուց և կնոջից՝ որդեծնության նպատակով, որովհետև ընտանիքը բազում գործառույթներ ունի իր կյանքից ներս՝ և բարոյական, և հոգևոր, և նյութական։ Ընտանիքը կազմվում է որդեծնության նպատակով իբրև սիրո արտահայտություն և պտուղ։ Հետևաբար եկեղեցին դեմ է բոլոր այն նորամուծություններին, որոնք Սուրբ գրային պատգամների, պատվիրանների, օրենքների մեջ չեն տեղավորվում։ Եթե այս վիճակը, որը հաճելի չէ Աստծուն և Աստված այս մեղքի՝ նույնասեռ հարաբերությունների համար կործանեց Սոդոմն ու Գոմորը՝ այրելով ծծումբի կրակով, ինչպե՞ս կարող է Եկեղեցին այսօր ասել՝ լավ կարող եք ամուսնանալ։ Ոչ, չի կարող այդպես լինել։ Եկեղեցին կոչված է հոգևոր փրկությանն առաջնորդելու իր զավակներին։
-Արհեստական բեղմնավորմանը ինչպե՞ս է վերաբերում Եկեղեցին։
-Այս հարցի վերաբերյալ կան որոշակի վերապահումներ։ Եթե ամուսինն ու կինն ի վիճակի չեն բնական ճանապարհով որդեծնության բերկրանքն ապրելու՝ ապա որոշակի արհեստական միջամտությանը կողմ է Եկեղեցին։ Սակայն, երբ դա արվում է անծանոթ մեկի սերմը վերցնելով ու բեղմնավորելով՝ դրան, անշուշտ, դեմ է, և նաև դեմ է փոխնակ մայրությանը։ Որդեծնությունը պետք է լինի ամուսինների համատեղ կյանքի արդյունքում սիրո պտուղ, բայց երբ որևէ կին չի ուզում ամուսնանալ, բայց ուզում է երեխա ունենալ՝ իր ծեր օրերի խնամքի համար՝ սա նախ և առաջ անձնապաշտություն է։ Իսկ փոխնակ մայրության պարագայում կա և բիզնես տարր, և հոգեկան կապվածություն փոխնակ մոր կողմից պտղի նկատմամբ, և Եկեղեցին հորդորում է, որպեսզի հավատացյալ մեր զավակները հետևեն աստվածային պատվիրաններին և օրենքներին։ Եկեղեցու մեջ անպտղության հետ կապված բավական մեծ թվով օրինակներ կան, որ Աստծո շնորհով նույնիսկ զառամյալ տարիքում կարողացել են ծնող լինելու օրհնությունը ճաշակել։ Այսօր մենք դեմ ենք գնում աստվածային պատվիրաններին։
-Կարո՞ղ ենք ասել, որ Եկեղեցին ու գիտությունը որոշ ուղիներում ընդդիմանում են միմյանց:
-Գիտության շատ ճյուղեր զարգացել և զարգանում են եկեղեցու կյանքից ներս։ Մեր իրականության մեջ գիտության բավական շատ ճյուղեր իրենց զարգացման ամենաբարձր մակարդակին են հասել մեր եկեղեցու մեջ վարդապետանոցների, համալսարանների ժամանակահատվածում։ Այսօր էլ կան մեծ թվով գիտնական-հոգևորականներ։ Մարդիկ այսօր մեծամասամբ փորձում են յուրաքանչյուր հարցի համար նախ և առաջ գիտական պատասխան փնտրել, որովհետև մարդու համար ամենահեշտը շոշափելին, տեսանելին է և ոչ երբեք այն, ինչը իր աչքի համար տեսանելի չէ և հավատքի ուժով պետք է ստանա։ Գիտության ճանապարհով շատ հարցերի պատասխաններ փնտրելով մարդիկ ի վերջո հետ են գալիս դեպի Աստված և Աստծո օգնությամբ են այդ պատասխանը գտնում։ Այդպիսի մարդիկ շատ են, որոնք իրենց կյանքի դժվարության մեջ փորձում են գիտական ճանապարհներով կամ այլ բժշկական օգնություններով գտնել իրենց խնդիրներին, հիվանդություններին լուծումներ, իսկ ամենավերջում այդ ամենի լուծումն ու պատասխանը գտնում են Աստծո մոտ և սուրբ եկեղեցում։ Ամբողջ աշխարհում ոչ միայն այդ գիտական նորարարությունները, այլ շատ մոլուցքներ և մեղքեր մարդկանց փորձում են հրամցնել գեղեցիկ փաթեթավորված, հեշտ կյանքի ակնկալիքով, սակայն մարդիկ գնալով հասկանում են, թե ինչ մեծ կախվածություն են ունենում դրանցից և զղջումի ճանապարհով վերադառնում են Աստծո գիրկը՝ վերագտնելու իրենց հոգեկան խաղաղությունը։ Ի վերջո` մարդը հոգի է և մարմին, և նա կատարյալ է իր հոգու և մարմնի ներդաշնակության մեջ։ Երբ մարդը միայն նյութականի ձգտումով փորձում է իր կյանքը թեթևացնել, նա ավելի է ծանրացնում, որովհետև իր հոգին քաղց է զգալու ու չի գտնելու խաղաղություն և առաջանալու է աններդաշնակ իրավիճակ։
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ