«Մեզ համար Արցախի հարցը միայն փակված չէ, այլ վերջին չակերտավոր պատերազմը պարզապես ճակատամարտի կորուստ էր, և մենք ամեն գնով պաշտպանելու ենք Արցախի իրավունքները»,- Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նա վստահեցրեց՝ Դաշնակցության համար հուսահատությունը ոչ մի ձևով ընդունելի երևույթ չէ․ «Բնական է, որ ապրում ենք այնպիսի ճակատագրական օրեր՝ մեր ամենասև օրերը պիտի արձանագրենք, բայց մենք կասկած չունենք, որ հաղթելու ենք, ինչպես մենք հստակորեն հաղթելու ենք այն ահավոր պայքարում, որը տեղի է ունենում ՀՀ-ի մեջ ազգային արժեքների դեմ, մեր դավանած դատի դեմ»։
Նա ասաց՝ Արցախի դեպքում հստակ է իրենց պահանջը՝ վերադարձի իրավունք, միջազգային երաշխիքներ, միջանկյալ կարգավիճակ՝ մինչև ճշտվի վերջնական կարգավիճակը․ «Սա իրականությունն է, որի համար ամեն գնով պետք է պայքարել»։
Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ասաց․ «Այսօրվա տվյալներով՝ լուծում գտնելու միակ ձևը այս իշխանության անմիջական հեռացումն է։ ՀՅԴ-ն ամեն գնով քաջալերում է այն շարժումները, որոնք անկեղծորեն հայրենիքի շահից ելնելով՝ փորձում են այս իշխանություններին հեռացնել ու ստեղծել այնպիսի համակարգ ՀՀ-ում, ուր տիրի համերաշխություն, ազգային մոտեցումներ, հարգանք ազգային արժեքների, եկեղեցու, բանակի նկատմամբ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ