«ՀՀ դիվանագիտությունը հայտնվել է անողոք շրջափուլի մեջ, որից դուրս գալն այս իշխանության պայմաններում ուղղակի անհավանական ու անհնարին է»,- Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նա նշեց՝ ՀՅԴ կառույցները տարիներ շարունակ մեծ նպաստ են բերել Հայաստանին և հայ ժողովրդին, և ինքը դրա վկաներից է․ «Մեր համատեղ ջանքերով կարողացել ենք լուրջ հաջողությունների հասնել Արցախի ինքնորոշման հարցում, ցեղասպանության ճանաչման, տնտեսական զարգացման, ՀՀ-ի անվտանգային հարցերում»։
Անդրադառնալով ՀՅԴ կառույցներին՝ նա ասաց․ «Ես ձեզ կանվանեմ որպես հայ ժողովրդի դեսպաններ։ Այսօրվա այս հավաքը այդ տեսակետից ինձ հիշեցնում է իմ նախարարության շրջանը, հենց այս ձևաչափը, երբ տարին մեկ անգամ ՀՀ բոլոր դեսպանները հավաքվում էին Երևանում գնահատելու մեր արած աշխատանքը և ծրագրելու հետագան։ Այդ հիշողություններն ու այսօրվա իրավիճակն էապես տարբերվում են։ Այսօր չկա Արցախ, արցախահայությունը զրկվել է իր հայրենիքից, տնից, Հայաստանի դիվանագիտությունն անորոշության մեջ է, դաշնակցային հարաբերությունները փլուզվել են, բարեկամներն անտարբեր են»։
Վարդան Օսկանյանը նշեց՝ այսօր նաև մեծ անջրպետ կա հայ ժողովրդի, հայ ազգի շահերի և ՀՀ իշխանությունների շահերի միջև․ «ՀՀ իշխանությունները կամ չգիտեն կամ ազնիվ ու անկեղծ չեն։ Այսօր հայ ժողովուրդն ու Հայաստանն ունեն լրջագույն դիվանագիտական խաղաղ այլընտրանքային լուծումներ։ Հայ քաղաքական միտքը և արտաքին քաղաքական միտքը չի չորացել, կան այլընտրանքներ։ Առաջինը պետք է կարողանանք դուրս գալ այս՝ պատերազմի սպառնալիքի տակ գործելուց։ Մեր հիմնական ուղենիշը պետք է լինի մեր ազգային շահերը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ