Տաթևի վանք համահայկական ուխտագնացության շրջանակներում այսօր տեղի է ունեցել պտղատու նոր այգու բացման արարողություն, որը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, ի շարունակություն Տաթևի վանքի հարևանությամբ կանաչ գոտի ստեղծելու Ռուբեն Վարդանյանի տեսլականի։
Այգում ծառ կարող էր տնկել յուրաքանչյուր ոք՝ կատարելով նվիրատվություն կամ աջակցելով նախագծին: Ֆինանսական մասնակցության արդյունքում հավաքված գումարը կուղղվի Տաթև համայնքի զարգացմանը: Այգին խնամելու համար նաև ոռոգման կաթիլային համակարգ է ստեղծվում:
«Նոր այգին կյանքի և նոր սկզբի, իր ժողովրդի ու հայրենիքի բարգավաճման գործում Ռուբեն Վարդանյանի ունեցած ավանդի խորհրդանիշ է: Մենք այս միջոցառումները որոշեցինք կազմակերպել հենց Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը՝ նպատակ ունենալով շարունակել Ռուբեն Վարդանյանի գործը և բարիք ստեղծել այս տարածաշրջանի բնակիչների համար, ինչպես նաև հանրությանը հիշեցնել, որ Վարդանյանն ու մի քանի տասնյակ մեր հայրենակիցներ շարունակում են ապօրինի պահվել Բաքվի բանտում, և մենք չենք կարող մեզ լիարժեք զգալ, քանի դեռ նրանք այնտեղ են», – ասել է միջոցառումների կազմակերպիչ, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:
Այգու բացմանը կատարվել է նաև անդաստանի կարգ՝ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի և թեմի հոգևորականների կողմից:
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» գործակալության նախաձեռնությամբ անցկացվող «Կենաց ծառ» ուխտագնացության շրջանակներում տեղի ունեցան նաև համատեղ աղոթք՝ հանուն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև ազգագրական-մշակութային միջոցառումներ՝ Տաթևում և Հալիձորում:
Ուխտագնացության համակազմակերպիչներն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, «Ազնավուր» հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Թուֆենկյան» հիմնադրամը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, Տաթև համայնքը:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ