Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ պապս տոմբի է տնկել»․ Կիրանցի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 25,2024 16:34

Կիրանցում հանդիպման ժամանակ Կիրանցի բնակիչներից մեկը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ պապս տոմբի (բրբռ․ ՝«այգու ցանկապատի սյուն») է տնկել»։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Եղբայր, հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ պետական սահմանն է»։

Այնուհետև երկխոսություն ծավալվեց Նիկոլ Փաշինյանի և Կիրանցի բնակչի միջև։ Կիրանցեցին ասաց՝ իմ հայրենիքը պահել եմ։ Նիկոլ Փաշինյանը շարունակեց․ «Պահել ես, որ էսօր, վաղը, մյուս օրը քո էրեխեն, ծոռն ապրի։ Ցավներդ տանեմ, հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ պետական սահմանն է։ Պետական սահմանը»։

Կիրանցի բնակիչն արձագանքեց․ «Պետական սահմանն ո՞վ է գծել՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Հեյդար Ալիև՞ը։ Չի կարելի հայրենիքս տված։ Էդ մի սանտի, որ ասում էիք, 15 հա էր, քանի՞ մմ ու քանի՞ սմ արժե»։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ճիշտ ես ասում՝ հայրենիքը չի կարելի տված։ Եվ ես ասում եմ՝ սահմանազատման արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի թողնվել Ադրբեջանին, ես դա պատրաստ եմ ապացուցել։ Բայց եթե իրավաբանը մենակ քեզ հետ է խոսելու, արի գնանք Երևան»։

Կիրանցեցին վրդովվեց․ «Բա որ ես թողնեմ, գամ Երևան, տեսնեմ՝ իմ կնգանս կողքը մի Ալիև է պառկա՞ծ։ Ձեռ եք առնո՞ւմ ինձ։ Տղերք, ձեռ եք առնում։ Հայրենիքս տվել եք, քիչ է, ասում է՝ արի Երևան»։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե քո հայրենիքը ՀՀ-ն է, ուրեմն ոչ մեկ ոչինչ չի տվել։

Կիրանցեցին հայտարարեց․ «Իմ հայրենիքի մի սանտի տվող տղեն պատասխան է տալու։ Համաձա՞յն ես ինձ հետ»։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այո, համաձայն եմ․ «Աչքերիս մեջ նայի, համաձայն եմ։ Ով որ տվել է հայրենիքից մի միլիմետր հող, համաձայն եմ։ Ասում եմ՝ ուզում ես գնանք, հիմնավորեմ»։

Խոսակցությանը միջամտեց կիրանցի բնակիչներից մի կին ու ասաց․ «Պարոն Փաշինյան, բա մեր էրեխեքը վաղը, մյուս օրը կարողանալո՞ւ են ստեղ դպրոց գնան»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Պետք լինի, դպրոցը կտեղափոխենք»։

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ նրան դիմավորում են ուժային կառույցների ներկայացուցիչներ, ՏԻՄ ղեկավարներ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ժողովրդական այսպիսի արտահայտություն կա. «Աշուղի հաղը որ կու հատնի, նեյնիմ-նեյնիմ կու ընգնի» (աշուղի ասելիքը երբ վերջանում է, չիմանալուց դես-դեն է ընկնում): Հիմա նիկոլը յոթ երգ գիտի, յոթն էլ պետական սահմանների մասին է, որը նեյնիմ-նեյնիմ ընկած այստեղ-այնտեղ կրկնում է: Կիրանցեցի գյուղացին պնդում է, որ հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ իր պապը թոմբի է տնկել, իսկ նիկոլն իր իմացած յոթ երգի կրկներգն է մեջբերում, թե՝ հայրենիքը սկսվում է պետական սահմանից: Գյուղացին դիպում հակադարձում է. «Պետական սահմանն ո՞վ է գծել՝ ՆիկոլՓաշինյա՞նը, Հեյդար Ալիև՞ը: Չի կարելի հայրենիքս տված»:
    Հիանալով հայրենասեր կիրանցեցի գյուղացու արդարացի ցասումով, հող հանձնող նիկոլին խորհուրդ եմ տալիս, որ նա իր ձեռքից դեն շպրտի ալիևի ընտրած քարտեզը, հետո ուշադիր լսի «С чего начинается Родина» հայտնի երգի բառերը և նոր միայն դրանից հետո գնա հանդիպելու մեր սահմանամերձ գյուղերի իմաստուն և հայրենապահ բնակիչներին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031