«Պատճառը վախերն են, վախերը, մարդը վախեցած է և դեռ շատ ավելի է վախենալու, ես մտածում եմ, որ վախից բան չպատահի։ Հալածում են մարդկանց այս օրերին, որ պատրանք ստեղծեն, որ ամսի 26-ին մարդիկ չգան հանրահավաքի, նաև գործարարներին են հալածում տարբեր աստիճանի»,- Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արցախցի պաշտոնյաների, գործարարների դեմ ճնշումներին, հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա հավելեց․ «Այսօր շատ պատվական մարդու, որը տարիներով ծառայել է մեր երկրին, նրա գործարանն են մտել՝ Հայկ Շահնազարյանի։ Տարիներով Արցախին են օգնել անշահախնդիր»։
Բագրատ Սրբազանն ասաց՝ ճնշումները բավարար չեն, մամուլում էլ քիչ առաջ լուր տրվեց․ «Մեզ տեղեկություններ են հասել և իրավապահների ուշադրությունն եմ հրավիրում՝ այլևս կատակ անելու ժամանակ չէ։ Հանդարտ, խաղաղ մեզ պահել ենք, Աստված ոչ չանի, որ հանկարծ այդ լուրերը ճշտվեն։ Ըստ լուրերի՝ խմբեր են կազմում 15-17 հոգանոց իշխանությունները՝ նաև ըստ լուրերի՝ հայտնի օլիգարխի գլխավորությամբ, նույնիսկ մարտական տրամադրությամբ խմբեր են կազմում՝ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ամենածայրաստիճանի պատասխան են ստանալու։ Ավելորդ թող մարդկանց չհրահրեն»։
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի, Նիկոլ Փաշինյան, շատ լավ հիշի։ Ասել եմ, որ խոփդ ուրիշ քարի է կպել, էս անօրինություններդ, հակասահմանադրական կյանքդ՝ որպես քաղաքական կյանք վերջ է գտնելու։ Ու ամենայն պատասխանատվության առաջ ես կանգնելու բոլոր առումներով»։
Կարդացեք նաև
Բագրատ Սրբազանը վստահեցրեց՝ ՀՀ-ում որպես այդպիսին իշխանություն գոյություն չունի ոչ իրավական, ոչ բարոյական իմաստով, պարզապես կա մի մարդ, որը աջուձախ է գնում և ժամանակ անցկացնում։ Էս ընթացքը պետք է վերջակետ ունենա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ