Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում կայացավ ֆրանսիացի դրամատուրգ Մարկ Կամոլետտիի «Ֆրանսիական սիրաշփոթ» պիեսի բեմադրությունը՝ ԵԹԿՊԻ-ի մի խումբ ուսանողների մասնակցությամբ։ Ներկայացումը ավարտական, դիպլոմային աշխատանք էր, որը առիթ դարձավ ուսանողների միջև ևս մեկ ստացված համագործակցության։ Կատակերգությունը թերևս ծանոթ է բոլորին։ Հայ իրականության մեջ առաջին անգամ չէ, որ անդրադարձ է կատարվում Կամոլետտիի այս ստեղծագործությանը։ Տարիներ առաջ այն հաջողությամբ բեմադրվել է Երևանի Հ․ Ղափլանյանի անվան պետական դրամատիկական, Կամերային երաժշտական և Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում։ Այժմ այն Երիտասարդական թատրոնի բեմում է և վստահորեն կարող ենք ասել՝ ոչ պակաս հաջողված, քան նախորդները։
Բեմադրիչ Լարիսա Ենգիբարյանը պիեսը մեկնաբանել էր նորովի, բեմում ստեղծել երիտասարդական, թարմ միջավայր, ներմուծել ժամանակակից ռիթմեր։ Երկու գործողությամբ ընթացող ներկայացում, որի թեթև, դինամիկ գործողությունները ձանձրանալու առիթ չեն տալիս հանդիսատեսին։ Պիեսն իրավիճակային կատակերգություն է, կենտրոնում երիտասարդ, համակրելի արտաքինով, հարուստ Բեռնարդն է, որի անզգույշ քայլը դառնում է մի ամբողջ խառնաշփոթ-սիրաշփոթի պատճառ։ Սակայն, ամեն ինչի մասին խոսենք հերթով։
Բեռնարդը (դեր․ Վահագն Թովմասյան) փորձելով օգտվել այն հանգամանքից, որ կինը՝ Ժակլինը (դեր․ Նարե Ավագյան) մեկնելու է մայրիկին այցելության, պլանավորում է հանգստյան օրերն անցկացնել սիրուհու՝ Սյուզանայի հետ, որի ծննդյան օրն էր։ Այդ նպատակով Բեռնարդը նախօրոք պայմանավորվել էր մի գործակալության հետ, որը նրա տուն պետք է ուղարկեր խոհարարուհի՝ Սյուզետա անունով։ Այս մասին իմանում է Ժակլինը, և որպեսզի կինը ոչինչ չկասկածի, Բեռնարդը հորինում է, թե հանգստյան օրերն ընկերոջ՝ Ռոբերտի հետ է անցկացնելու։ Լսելով Ռոբերտի գալստյան լուրը, Ժակլինը զանգում է մորն ու ձևացնելով, թե հիվանդ է, հետաձգում է իր այցելությունը, իսկ ամուսնուն ասում, թե մայրն է հիվանդ։ Հնչում է դռան զանգը և ո՞վ զարմանք, հայտնվում է ինքը՝ Ռոբերտը (դեր․ Կարեն Հարությունյան), որն, ըստ Բեռնարդի, կարող է իրեն հանել այդ «բարդ» իրավիճակից։
Ռոբերտի գալու առաջին վայրկյաններից իսկ պարզ է դառնում Ժակլինի հետ ունեցած սիրային կապի մասին։ Բեռնարդն ամեն ինչ պատմում է ընկերոջը և փորձում համոզել նրան, որ ձևացնի իբրև Սյուզանան, որ քիչ հետո գալու է, իր ընկերուհին է, սակայն Ռոբերտը չի համաձայնում, կարելի է ասել անգամ, վախենում է Ժակլինից։ Բեռնարդը չսպասելով նրա համաձայնությանը, նախ սիրուհուն է զգուշացնում Ռոբերտի մասին, ապա կնոջը հայտնում, որ Ռոբերտը ընկերուհի ունի։ Կրքերը թեժանում են։ Բեռնարդը «փրկված է», Ռոբերտը շփոթված, իսկ Ժակլինը՝ կատաղած։ Հետաքրքիր է կառուցված Բեռնարդ-Ժակլին-Ռոբերտ հարաբերությունները։ Մեր օրերի համար փոքր-ինչ աբսուրդային իրավիճակ։ Ամուսիններ, որոնք ինչպես պարզ է դառնում հետո, սիրում են միմյանց, հավատում, սակայն մեկն ունի սիրուհի, մյուսը սիրեկան և ոչ ավել, ոչ պակաս, ամուսնու ընկերը։
Եվ ընկեր, որ անկախ ամեն ինչից փորձում է չքանդել իր ընկերոջ ընտանիքը։ Այս երեք կերպարները միմյանցից տարբերվում են թե՛ բնավորությամբ և թե՛ մտածողությամբ, բայց կա նրանց միավորող մի ընդհանուր հատկանիշ՝ վստահությունը մեկը մյուսի նկատմամբ։ Վահագն Թովմասյանի Բեռնարդը փափկասիրտ է, հանդուրժող և չնայած անելանելի իրավիճակներին, որոնք հաճախ են պատահում իր հետ, կարողանում է արագ կողմնորոշվել և շտկել դրությունը։ Դերասանը տիպիկ մարմնավորումն էր բեմում իր ստեղծած կերպարի։ Չնայած իր գեղեցիկ արտաքինի, մեղմ բնավորությանը, գեղեցիկ կանանց նկատմամբ անտարբեր չլինելուն ու կերպարին բնորոշ այլ առանձնահատկությունների, Վահագն Թովմասյանի Բեռնարդը ամենևին էլ կնամոլ չէ, ընդհակառակը, ինչպես արդեն վերը նշեցինք, սիրում է կնոջը։ Սրանում կարելի է համոզվել երկրորդ գործողության ընթացքում, երբ Սյուզանան նրան հայտնում է կնոջ դավաճանության մասին։
Բեռնարդը չի հավատում լսածին․ «իմ փոքրիկ Ժակլի՞նը։ Դա հնարավոր չէ»։ Ժակլինը ամուսնու հակապատկերն է՝ բռնկուն ու կրքոտ, ինչպես հատուկ է արիստոկրատ փարիզուհիներին։ Նարե Ավագյանի Ժակլինը փորձում էր ներկայացնել իրական արիստոկրատ փարիզուհու կերպար՝ նուրբ, կանացի, շքեղ, միևնույն ժամանակ էգոիստ ու խանդոտ, տեղ-տեղ ցուցադրելով սեփականատիրոջ հատկություններ ամուսնու և սիրեկանի նկատմամբ։ Դերասանուհու խոսքը պարզ է, մաքուր, սակայն զսպված բարկություն ներկայացնելիս և Ռոբերտին ենթատեքստերով ինչ-որ բան հասկացնելու պահերին ձայնը կոպտանում էր, վերածվում բղավոցների, որոնք որևէ զգացողություն չէին առաջացնում, ընդհակառակը, կերպարը դարձնում էին անբնական, անկենդան։ Իսկ արդեն ներկայացման երկրորդ մասում դերասանուհին շտկում է ձայնային տեմբրը, դարձնում ավելի նուրբ ու հարմոնիկ։ Կարեն Հարությունյանի Ռոբերտը համեստ է, կարելի է ասել անգամ փոքր-ինչ կոմպլեքսավորված։
Թեպետ հարաբերությունների մեջ է Ժակլինի հետ, այնուամենայնիվ դժվարությամբ է ծանոթանում ու փորձում շփումներ հաստատել այլ կանանց հետ։ Սրանում կարող ենք համոզվել խոհարարուհու՝ Սյուզետայի մուտքի տեսարանում։ Բեռնարդն ու Ժակլինը Ռոբերտին միայնակ թողնելով տանը, գնում են ընթրիքի համար մթերքներ գնելու։ Այդ ժամանակ էլ հայտնվում է Սյուզետան։ Ռոբերտը անհասկանալի դրության մեջ է, չգիտի ինչպես վարվել, ինչպես պահել իրեն։ Մտածելով, որ աղջիկը հենց այն նույն Սյուզին է, հրավիրում է տուն և փորձում ծանոթանալ, անգամ մանրամասնություններ հայտնում իր մասին, Ժակլինի մոտ հնարավորինս բնական երևալու համար։ Սյուզետան (դեր․ Լանա Մանուկյան) սկզբում չի ընկալում Ռոբերտի ասածներն ու պահվածքը, անգամ փորձում է հեռանալ, սակայն ի վերջո Ռոբերտը կարողանում է նրան բացատրել ամեն ինչ և հավելյալ վարձատրության դիմաց, Սյուզետան համաձայնում է խաղալ Ռոբերտի ընկերուհու դերը։
Սյուզետայի կերպարը բավականին վառ է, իսկ դերասանուհին իր եթերային խաղով ավելի տպավորիչ էր դարձնում կերպարը։ Լանա Մանուկյանի Սյուզետան դժվարությամբ էր կարողանում խաղալ Ռոբերտի ընկերուհու դերը, քանի որ ակամա հիշում էր իր խոհարարուհի լինելու մասին։ Սրան նպաստում էր նաև Ժակլինի լարված դրությունը։ Վերադառնալով տուն և տեսնելով Սյուզետային` Բեռնարդը կարկամում է, փորձում հասկացնել Ռոբերտին, որ աղջիկը ամենևին էլ իր Սյուզին չէ, բայց Սյուզետան արդեն դերի մեջ է։ Դերասանուհու «միամիտ» խոսքերով համեմված խաղն ավելի երգիծական երանգներ է հաղորդում ներկայացմանը։ Եվ այս խառնաշփոթ իրավիճակում, Սյուզետայի՝ իր ամեն դերի համար Բեռնարդից ու Ռոբերտից առնվազն 200 ֆրանկ կորզելու և Ժակլինի բարկացած այս ու այն կողմ անելու ֆոնին, հնչում է դռան զանգը։ Ներս է մտնում նույն ինքը՝ Սյուզանան։
Բեռնարդն ու Ռոբերտը անելանելիությունից քարացել են։ Գալիս է Ժակլինը և մտածում, թե վերջինս հենց այն խոհարարուհին է, որին երկար ժամանակ է, ինչ սպասում են։ Բեռնարդը հազիվ կարողանում է երկու խոսքով բացատրել իրավիճակը ընկերուհուն։ Սյուզանան (դեր․ Միլենա Թևատրոսյան) դերասանուհի է, ֆոտոմոդել։ Բեռնարդը հրապուրված է և անում է նրա համար ամեն ինչ։ Սյուզանան ստիպված ստանձնում է խոհարարուհու դերը։ Խոհարարուհի, որը խոհանոցի հետ բոլորովին առնչություն չունի։ Նրան խոհանոցում օգնում է իրական խոհարարուհին։ Ի վերջո խառնաշփոթի հերոսները նստում են ընթրիքի։ Գեղեցիկ, տվյալ իրավիճակին համահունչ էին ներկայացված պարային հատվածները (պարերը՝ Տաթևիկ Գյոզալյան)։
Չենք կարող չնշել, որ դերասանները բավականին պլաստիկ էին։ Միլենա Թևատրոսյանի Սյուզանան արտաքնապես համապատասխանում էր իր մարմնավորած կերպարին, սակայն խաղը փոքր-ինչ անտարբեր էր, սառը, ձայնն այնքան ցածր, որ խոսքերը դժվարությամբ էին հասնում հանդիսատեսին։ Սյուզանային հատուկ կոկետությունը, շքեղությունն ու քնքշությունը, որ բնորոշ է փարիզուհուն, այնքան էլ չէին արտահայտվում դերասանուհու խոսքում ու շարժուձևում։ Այնուամենայնիվ, դերասանուհին կարողացել էր լուծել իր առջև դրված խնդիրները։ Ներկայացման ֆինալում ականատես ենք դառնում ևս մի զվարճալի իրավիճակի։ Խառնաշփոթ դրության մեջ, որն ավելի էր խորացել, հայտնվում է Ջորջը (դեր․ Ռազմիկ Հովհաննիսյան)՝ խոհարարուհու՝ Սյուզետայի ամուսինը, որը շեֆ խոհարար էր և եկել էր կնոջ ետևից։ Սկզբում նրան ասում են, թե կինն այդտեղ չէ, բայց Սյուզետան հայտնվում է և կանխում Ջորջի գործողությունները, որն արդեն հունից դուրս էր եկել։ Սյուզետան բացատրում է, որ իրենք խաղ էին խաղում, այդպիսով հանգստացնելով և այդտեղից տանելով ամուսնուն։ Ռազմիկ Հովհաննիսյանի Ջորջն ի՞նչ խոսք բավականին զվարճալի էր, բայց պետք է ասել նաև, որ դերասանի խաղում ևս նկատվում էր որոշակի սառնություն։ Խոհարարների հեռանալուց հետո մի պահ լռություն է տիրում։ Ռոբերտը որոշում է հեռանալ, Սյուզանան, գնում է նրա հետ։ Այսպիսով, Բեռնարդն ու Ժակլինը միասին են, որևէ մեկը նրանց չի խանգարում։ Բեռնարդն այդպես էլ չի իմանում կնոջ և ընկերոջ միջև եղած հարաբերությունների մասին։
«Ֆրանսիական սիրաշփոթ» ներկայացման առաջին գործողության դիտմանը ներկա էինք գտնվել նախորդ տարի՝ Գոյ թատրոնում։ Համեմատելով նախորդ անգամ և վերջերս դիտած ներկայացումները, կարող ենք փաստել, որ արդեն ամբողջական տարբերակով ներկայացված բեմադրությունը հաջողված է։ Բեմադրիչ Լարիսա Ենգիբարյանը կատարել է դերասանական կազմի լավ ընտրություն։ Նրանցից շատերը բավականին փորձառու են, ինչը ևս նպաստել է ներկայացման կայացմանը։ Ակներև էր բեմադրիչի կատարած աշխատանքը դերասանական կազմի հետ։ «Ֆրանսիական սիրաշփոթ» ներկայացումը ընդունվեց և սիրվեց հանդիսատեսի կողմից։ Ապացույցը բուռն ու չդադարողծափահարություններն էին, ինչպես նաև թատրոնը երկար ժամանակ չլքող հանդիսատեսը։
Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ