Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են, հակաիրավական և հակասում են իրենք իրենց․ Արսեն Թավադյան

Մայիս 25,2024 12:22

Իրավաբան Արսեն Թավադյանի ֆեյսբուքյան գրառումը

«Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են, հակաիրավական և հակասում են իրենք իրենց:

1. Գործընթացն իրավական է և երաշխավորելու է Հայաստանի անվտանգությունը:

Իրականում գործընթացը հակասում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի օրենսդրությանը:
Ըստ ՀՀ սահմանադրության, «Պետական սահմանի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքների սահմանազատումը հնարավոր է միայն ԱԺ կողմից վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա: Ներկա գործընթացն իրականացվում է մի հանձնաժողովի կողմից, որը որևէ նման լիազորություն չունի, հետևաբար հակաիրավական է:
Եվ, որը նույնպես կարևոր է, այս գործընթացը հակասում է նաև Ադրբեջանի օրենսդրությանը, իրենց սահմանադրությանը և համապատասխան օրենքներին: Նաև իրենց օրենսդրութամբ սահմանազատումը պետք է տեղի ունենա վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա:

Այսինքն,

• Ադրբեջանի օրենսդրությանը հակասելու է իրենց փաստացի տիրապետության տակ գտնվող հողերից մեզ որևէ սանտիմետր փոխանցելը,
• Ադրբեջանն ունի ապագայում հնարավորություն հայտարարելու, որ իրենց փոխվարչապետի իրականացրած գործողությունները որևէ ուժ չունեն, և չընդունի նույնիսկ առկա սահմանազատումը:

Իշխանությունների հիմնական թեզն այն է, որ եթե սահմանը որոշված է, միջազգային հանրությունը կկանխի Ադրբեջանի հարձակումը: Թողնենք, որ այս միտքն ինքնին իրականության հետ կապ չունի: Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ սահմանազատումը երաշխիք է, այն որևէ կապ չունի ներկա գործընթացի հետ, քանի որ վերջինս հակասում է այդ թվում Ադրբեջանի օրենսդրությանը: Ալիևը վաղը կասի` «էն 25 հեկտար տալը մեր օրենքին հակասում է, փոխվարչապետին էլ ձերբակալել ենք: 25-ը հետ տվեք, թե չէ պատերազմ»:

2. Փոխանցվող հողերը Հայաստանին չեն պատկանում:

Սա ամենամանիպուլյատիվ թեզերից է:

Շատերին թվում է, թե կա ինչ-որ միջազգային «կադաստր», որտեղ նշված են երկրի փաստաթղթերը:
Երկրի տարածքի որոշումը երկու շերտ ունի`

• Ներքին` որտեղ է տարածվում երկրի փաստացի իրավազորությունը, որտեղ են գործում իր օրենքները, իրավապահ համակարգը,
• Արտաքին` որ սահմանն է որոշվել փոխադարձ կնքված և վավերացված միջազգային պայմանագրով:

Քանի դեռ չկա վավերացված միջազգային պայմանագիր, յուրաքանչյուր երկրի տարածքն այնտեղ է, որտեղ առկա է իր փաստացի իրավազորությունը: Հանձնվող տարածքները Հայաստանի իրավազորության տարածքում են, քանի որ դրանց վրա գործում է Հայաստանի օրենսդրությունը և առկա չէ Ադրբեջանի հետ կնքված, վավերացված, Ադրբեջանի և Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող իրավական փաստաթուղթ, որը կորոշի սահմանը:

Եթե հանցագործություն տեղի ունենա այդ տարածքում, քննությունն իրականացնելու է ՀՀ իրավապահ համակարգը: Բնակիչներից մեկը փորձեց այրել ինչ-որ կառույց, ոստիկանները կանխեցին: Եթե դա Հայաստանի տարածքը չէ, ի՞նչ են անում ոստիկաններն այդտեղ:
Այդ տարածքի փաստացի տիրապետության փոխանցումն առանց վավերացված միջազգային պայմանագրի հանցագործություն է:

3. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2017 թ.-ին տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցով համապատասխան տարածքները դուրս են մնացել ՀՀ տարածքից:

«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, ինչքան էլ տարօրինակ հնչի, վարչատարածքային բաժանման մասին է և ոչ` սահմանազատման: Մինչև 2017 թ.-ը համապատասխան համայնքները եղել են առանձին վարչական միավոր, այնուհետև միավորվել են Նոյեմբերյան խոշորացված համայնքին:

Սակայն եթե Կառավարությունը պնդում է, որ 2017 թ.-ի փոփոխություններով համապատասխան տարածքները ՀՀ սահմաններից դուրս են եկել, հրաշալի միտք եմ տալիս` քրեական վարույթներ նախաձեռնեք օրենքի համապատասխան փոփոխությանը կողմ քվեարկած պատգամավորների և այն ստորագրած նախագահի նկատմամբ: Ձեր պնդելով իրենք ՀՀ տարածքներ են հանձնել: Եթե չեք նախաձեռնում, դա նույնպես հանցագործություն է:

4. Ադրբեջանը կվերադարձնի հողերը,

Ադրբեջանի ոչ մի սանտիմետր չի վերադարձնի, քանի որ այս գործընթացը հակասում է իր օրենսդրությանը:

5. Սահմանազատումն իրականացվում է ձեռնտու քարտեզով:

Ընդհանրապես, քարտեզների մասին վեճը որևէ նշանակություն չունի: Կարծում եմ, սա այն ծուղակն է, որի մեջ ընկնում են նաև ընդդիմադիրները: Իշխանությունն ասում է, որ x թվականի քարտեզով y ծավալի հող կվերադարձվի, ընդդիմությունն այլ թվականի և այլ ծավալի հողերի մասին է խոսում: Կրկնում եմ` որևէ թվականի քարտեզի մասին խոսելն այս պահին ավելորդ է, քանի դեռ չկա վավերացված պայմանագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031