Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ցույց է տալիս, թե հրաժարվում է Տավուշի գյուղերը հանձնել, որի համար պատրաստ է նույնիսկ իր ձեռքերը կտրել, բայց մյուս կողմից էլ փորձում է այդ հանձնումը հիմնավորել Ալմա-Աթայի հռչակագրով. «Փաստ»

Մայիս 25,2024 11:15

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի մեջ նշվում էր անկլավների վերադարձի մասին, սակայն այն հանվեց հայտարարության վերջնական տարբերակից։ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզի բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը խոսում էր անկլավային գյուղերի մասին՝ հերքելով այն պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Նրա դիտարկմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է անկլավների հարց, բայց այդ կետն ընդհանրապես մերժվել է։ Ավելին՝ նա հատուկ ընդգծում էր, թե ինքն ասել է, որ իր ձեռքերը կկտրի, բայց չի ստորագրի «Ղազախի շրջանի» գյուղերի հանձնման տակ։ Դրանից հետո Փաշինյանը փորձում էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե անկլավների հարցը փակված է։

Ըստ այդմ, ընդգծում էր, թե անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ։ Այսինքն, տարածքներ չեն հանձնվելու։ Բայց 2023 թվականի վերջին ամիսներին Փաշինյանը սկսեց հայտարարել, թե բանակցությունների սեղանին Տավուշի շրջանի անկլավների հարցն իսկապես կա։ Իսկ ահա այս տարի նա այցելեց Տավուշ և, փակ հանդիպումներ ունենալով, համոզում էր, որ եթե անկլավները չհանձնեն, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Տավուշի շրջանի գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին արդեն Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքի հիման վրա, այսինքն՝ վերականգնվելու են 1991 թվականի դրությամբ եղած սահմանները։ Ու փաստացի ստացվում է այնպես, որ Փաշինյանը ցույց է տալիս, թե հրաժարվում է Տավուշի գյուղերը հանձնել, որի համար պատրաստ է նույնիսկ իր ձեռքերը կտրել, բայց մյուս կողմից էլ փորձում է այդ հանձնումը հիմնավորել Ալմա-Աթայի հռչակագրով ու Հայաստանի՝ սահման ունենալու անհրաժեշտությամբ։

Բայց Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող այս հարցում իրավական հիմք լինել, քանի որ այն չի պարունակում սահմանային որևէ նկարագիր, հռչակագրին կցված չեն որևէ տեսակի քարտեզներ, իսկ դրա մեջ ընդամենը նշված է միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու հարցը: Ինչպես փորձագետներն են ընդգծում, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև սահմանների որոշման հարցի վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց: Առաջինը 1928-29 թթ. երկու հանրապետությունների գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը 1984-87 թթ. հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները, մյուս բոլոր փաստաթղթերը չունեն իրավական հիմք։ Բայց Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից որպես 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը և 2023 թվականի հուլիսի 15-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք։

 

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Որպեսզի տված խոստումի համաձայն իր ձեռքերը չկտրի, շուստրի նիկոլը գյուղերը հանձնում է առանց որևէ թղթի տակ ստորագրելու՝ ուժայիններին իր տված բանավոր հրամաների միջոցով: Եթե հետո լրագրողներն իրեն շատ նեղեն, նիկոլը հանգիստ կհրամայի, որ Մհեր Գրիգորյանի ձեռքերը կտրեն՝ հիմնավորելով, թե նա է սահմանագծման-սահմանազատման հանձնաժողովի արձանագրությունը ստորագրել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031