Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Սրբազանը Տավուշից խնդիրը բերեց մայրաքաղաք, քանի որ մայրաքաղաքում է, ցավոք, այդ խնդրի լուծումը. «Փաստ»

Մայիս 25,2024 10:30

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը առաջ է քաշել մեր երկրում իշխանափոխության հարցը՝ վստահ լինելով, որ բոլոր խնդիրները բխում են մեկ կետից: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ևս շեշտում է՝ ներկա պահին կարող է արձանագրել, որ մեր խնդիրների գերագույն մասը բխում է հենց իշխանությունից և նրա կողմից տարվող արտաքին քաղաքականությունից և, որպես դրա արտացոլում, ներքին քաղաքական դրսևորումներից:

«Սա կարելի է բնութագրել որպես հանձնվողական և պարտվողական քաղաքականություն կամ սողացող կապիտուլյացիա մեր թշնամիների առջև՝ թելադրված օտարի շահով և սպասարկող մեր թշնամիների օրակարգը: Բնական է, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը պետք է հայրենիքի փրկության հարց առաջադրեր՝ հաշվի առնելով, թե ինչ ենք այսօր տեսնում Տավուշում, իսկ դրանից հետո, պանդորայի արկղը բացելով, մնացած բոլոր խնդիրները, որոնց առումով այս իշխանություններն ունեն հանձնառություններ, ինչը մեր պետությունը կանգնեցնելու է գոյատևման կամ գոյաբանական խնդրի առջև: Բնական է, որ այս առումով հանրության մեջ օրեցօր աճում են անվտանգային մտավախությունները, օրեցօր աճում են հայրենիքում, պատմական Հայաստանի այս մի փոքրիկ փրկված մասում գոյության մտահոգություններն ու անհանգստությունները: Բագրատ Սրբազանը Տավուշից խնդիրը բերեց մայրաքաղաք, քանի որ մայրաքաղաքում է, ցավոք, այդ խնդրի լուծումը, և այն անհնարին է առանց գործող իշխանության հեռացման: Այս առումով հանրությունն իր մեծ աջակցությունը ցուցաբերեց շարժմանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աղաջանյանը:

Նշում է՝ Բագրատ Սրբազանի կերպարը շատ խորհրդանշական է: «Այսօր փաստացի կանգնած ենք արժեքային պայքարի առջև, արժեքային այն առումով, որ պետք է պահպանենք մեր ինքնությունը՝ իր բոլոր ելևէջներով, տարրերով ու առանձնահատկություններով: Մեր՝ որպես հայ ինքնության քայքայմանը, ոչնչացմանն է ուղղված այսօր իշխանությունների վարած քաղաքականությունը: Դրա արտացոլումն է թե՛ Ցեղասպանությունից հրաժարումը, թե՛ պատմության խեղաթյուրումը և զեղծարարությունները, որոնք սպասարկում են իրենց «խաղաղության օրակարգին», ինչի ընկալումն է պարզապես, որ պետք է ստրուկի և հպատակի, հլու-հնազանդի կարգավիճակով ենթարկվես քո թշնամիների պահանջներին, ինչը բացարձակապես չի բխում մեր ինքնությունից, մեր ընդհանուր արժեհամակարգային դրվածքից: Այդ դրվածքը քանդելուն է ուղղված այս իշխանությունների վարած քաղաքականությունը: Դրա դեմ է դուրս եկել Բագրատ Սրբազանը: Լինելով Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, որը դարերով ու հազարամյակներով կանգնած է եղել հայի ինքնության և հայի արժեքային համակարգի պահպանման հիմքերում, բնական է, որ նրա կողմից նման կերպով խնդիրների արծարծումը շատ լավ արձագանք է ունենում հանրության մեջ, որովհետև դա բխում է նրանց սրտից և մտքից: Այդ առումով է նաև պայմանավորված, որ հանրային մեծ աջակցություն կա»,-նշում է մեր զրուցակիցը:

Շարժման օրակարգում դրված է ներքին համերաշխության հասնելու հարցը: «Դա շատ բարդ երևույթ է, այս իշխանությունները, մինչև իրենց իշխանության գալը, հսկայական աշխատանք են տարել մեր հանրությանը պառակտելու համար, և իշխանության ղեկին լինելով՝ էլ ավելի են խորացրել այդ պառակտումը:Այսօր համերաշխության, ներդաշնակության ինչ-որ մթնոլորտ ստեղծելը տաժանակիր աշխատանք է: Անգամ հանդիպումների արձագանքներից, որ ստանում ենք տարբեր լրատվամիջոցներով, ակնհայտ է, որ մարդկանց մեջ այնքան ամուր են նստած շատ դեպքերում խիստ սին հիմքերով ստեղծված ինչ-որ կարծրատիպեր, որ անհնարին է դառնում ուղղակի մարդկանց բացատրել դրանք մի կողմ դնելու անհրաժեշտությունը և հանուն սեփական գոյության, սեփական պետության գոյության պայքարին լծվելու անհրաժեշտությունը: Սա այդ դժվար և տաժանակիր աշխատանքն է, որն այս պահին կատարում է Սրբազանը, և կարծում եմ, որ հաջողությամբ է իրականացնում, քանի որ օրեցօր տեսնում ենք համակիրների ընդլայնվող շրջանակը»,-շեշտում է դեսպանը:

Անդրադառնում է նաև իշխանությունների՝ շարժմանը վերաբերող հայտարարություններին: «Իշխանությունների կողմից նետվող թեզերը, որ իբր շարժումը մարում է, զուտ հանրության ինչ-որ մի շերտի մոտ թյուր տպավորություն ստեղծելու նպատակով է արվում, բայց դա իրականությանը չի համապատասխանում մի պարզ պատճառով. խնդիրները չեն վերացել, հակառակը՝ էլ ավելի են խորացել, վտանգները չեն ոչնչացել, հակառակը՝ դրանք պատիկներով ավելացել են: Իրավիճակը հանրապետության ներսում թե՛ տնտեսական, թե՛ մարդու իրավունքների, թե՛ արդարադատության, թե՛ կոռուպցիայի առումով ուղղակի անհամադրելի է այն խոստումներին, ինչով նրանք, փաստացի խաբելով հանրությանը, եկան իշխանության: Մարդկանց համար այս իրավիճակը դառնում է պարզ ջրի նման հասկանալի: Նրանք, բնականաբար, ուզում են փոփոխություն, իսկ այդ փոփոխությունը ինչ-որ կոսմետիկ բաներով հնարավոր չէ անել, այդ փոփոխությունը հնարավոր է անել բացառապես հեռացնելով այն փտած գլուխը, որն այսօր ուղղակի նեխման պրոցեսի մեջ է դրել մեր պետությունը»,-հավելում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031