Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարության միջնաբերդի» «համառոտ դասընթացը»

Մայիս 25,2024 10:00

1938 թվականին լույս տեսավ Բոլշեւիկների համամիութենական կոմունիստական կուսակցության պատմության «Համառոտ դասընթաց» («Краткий курс истoрии ВКП(б) ») անունով «դարակազմիկ» գիրքը: Ստալինն անձամբ համակարգում էր այդ գրքի վրա աշխատանքը, իսկ նրա հոդվածը՝ «Դիալեկտիկական եւ պատմական մատերիալիզմի մասին» ներառված էր այդ դասագրքի մեջ, չնայած կուսակցության պատմության հետ անմիջական կապ չուներ: Հոդվածն անվանում էին «մարքսիստական փիլիսոփայության վարդապետություն (կատեհիզիս)»:

Կրոնական եզրաբանությունը պատահական չէր: Ամբողջ գիրքը կոչված էր կատարելու «նոր Աստվածաշնչի» գործառույթը, որը պարտադիր պետք է ուսումնասիրվեր բոլոր բուհերում: Ի դեպ, 1980-ականների սկզբին ես դեռեւս հանդիպում էի մարդկանց, որոնք հավատարիմ էին այդ «կրոնին»:

Ո՞րն էր «Համառոտ կուրսի» հիմնական ուղերձը: Ամբողջ պատմությունը «դրական» եւ «բացասական» հերոսների անզիջում պայքար է, որում, ի վերջո, հաղթում են «դրականները», իսկ «բացասականները» ջախջախվում են: Հայտնի է, որ 1920-30 թվականներին  «ջախջախումն» արտահայտվում էր զանգվածային արյունալի բռնաճնշումների տեսքով:

«Համառոտ կուրսի» վերջին գլուխը եզրափակվում էր հետեւյալ վերնագիրն ունեցող ենթագլխով. «Բուխարինյան-տրոցկիստական լրտեսների, վնասարարների, հայրենիքի դավաճանների մնացուկների ոչնչացումը»: Ձեզ այդ ձեւակերպումը ոչ մի բան չի՞ հիշեցնում:

«Քաղաքական պատմությունը», որն այժմ մատուցվում է Հայաստանի ներկայիս իբր «ժողովրդավարական», իբր «արեւմտամետ» իշխանությունների կողմից, կառուցված է նույն սխեմայի վրա: Վերջին օրինակը. հայ եպիսկոպոսները  («բացասական» կերպարները) օծվեցին Կեսարիայում, դարձան ազդեցության գործակալներ, եկան Հայաստան եւ սպանեցին Պապ թագավորին («դրական» կերպարին): Կամ՝ 1991-2018 թվականների ամբողջ ժամանակաշրջանը թալան էր եւ բռնություն, 2018-ին եկավ Փաշինյանը («դրական» հերոս) ջախջախեց թալանչներին («բացասական» հերոսներին): Սակայն դեռեւս կան թալանչիների, օտար գործակալների եւ դասալիքների մնացորդներ, որոնց դեռ պետք է ոչնչացնել: Նույն պարանոյան եւ լրտեսամոլությունը:

Բարեբախտաբար, հիմա բռնաճնշումները զանգվածային չեն, «կետային են»՝ բանտերում են ռեժիմի մի քանի հակառակորդներ: Բայց «մեթոդոլոգիան», ինչպես տեսնում եք, նույնն է՝ ո՛չ արեւմտյան, ո՛չ ազատական, ո՛չ էլ գիտական:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իսկ ինչո՞ւ, ներկայիս, այսքան անբաւարար է՝ հակազդեցութիւնը:
     
    Էն վախտ, հասկնալի էր, քանզի «զանգվածային արյունալի բռնաճնշումներ» տեղի կ’ունենային:
     
    Ներկայիս սակայն, այդպէս չէ: Մէկ բանտարկուողին տեղը, տասը հոգի կրնայ մէջտեղ գալ: Մէկին քիթը որ արիւնը, տեղը քսան հոգի պէտք է որ իրենց քիթերը հրամցնեն, ցցեն դէպի ոստիկանական բռունցքներն ու մահակները:
     
    Սակայն հիմա միակ վախը, վեհագոյն սարսափն ու յետ-յեղափոխական Ահը, կը վերաբերի հիմնականօրէն՝ նիւթականին:

    Մինչ ազգային նախկին ջոջերը շատ բան ունին կորսնցնելիք, այդ գետնի վրայ: Եւ միաժամանակ, չեն ուզում մէկդի քաշուիլ եւ թողնել որ իրենցմէ – գոնէ համեմատաբար – աւելի մաքուր, տակաւին նիւթապէս անխոցելի մարդիկ, ստանձնեն Դիմադրութեան, Հակադարձութեան իսկական ղեկավարութիւնը:

    Ապա, կայ այն իրողութիւնը, որ տակաւին բաւականին մեծ է քանակը այն հայերուն, որոնք խորքին մէջ համաձայն են այս վարչակարգի ըսածների եւ կատարածների հետ:

    Այս երկու պատճառները միասին գումարելով… Աստուա՛ծ օգնական, Սրբազան Հայր:
     
    Մ. Հայդուկ Շամլեան
     

  2. Լավատես says:

    Ես ոչ նախագահ եմ ուզում դառնալ, ոչ էլ վարչապետ, դրանք ստից բաներ են: Ես ուզում եմ դառնալ Հայքի արքա: Էլ ո՞վ է ուզում դառնալ Հայքի արքա: Ուզենալը քիչ է, պետք է համապատասխանել այդ արքայական պաշտոնին: Այդ պաշտոնը պետք է լինի ընտրովի, իսկ ընտրողն էլ արքայական քաղաքացու անձնագիր ունեցողն է, ով պետք է համապատասխանի այդ արքայական պաշտոնին, ընտրվողն էլ պետք է ունենա նման անձնագիր : Մեր այսօրվա քաղաքացին նորակոչիկն է, իսկ արքայական քաղաքացին՝ քաղհասարակական փորձ ու գիտելիքներ ունեցող փորձառու խաղաղ ժամանակների զինվորն է: Մեզ այսօր քաղաքական սովի մեջ են պահում, որ լուծենք միայն հանապազօրյա պատեհապաշտական խնդիրներ: Հայքի արքային նորակոչիկ քաղաքացիների ձայնը պետք չի, Հայքի արքա ունենալ կարող են միայն արքայական քաղաքացիները: Մեզ պետք է ստեղծել խաղաղ ժամանակների քաղաքացիական բանակ, որտեղ բոլոր սովորական քաղաքացիների պարտականությունն է ծառայել քաղաքացիական բանակում, դառնալ խաղաղ ժամանակների մասնագետ, քաղաքացիական կոչում եւ պաշտոն ստանալ: Սպասել , թե մեր այսօրվա թե վաղվա թե երեկվա ղեկավարների զատիկը երբ կգա, որ սրանք պրոֆեսիոնալ քաղաքացիների ինստիտուտ հիմնեն, անիմաստ է, սրանց իրենց նման անփորձ նորակոչիկ քաղաքացիներին միայն կարող են կառավարել: Խելոք հայերը սկսում են մտածել եւ գրել Հայքի արքայության մանիֆեստը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031