«Ազատություն». Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Անալենա Բերբոքն ու Ջեյհուն Բայրամովը ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` «նախարարները քննարկել են Բաքվի և Բեռլինի միջև ներկայիս հարաբերություններն ու հեռանկարները, Հարավային Կովկասի իրավիճակը, ինչպես նաև խաղաղության գործընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև»։
Ըստ հաղորդագրության՝ Բայրամովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մայիսի 10-11-ը Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ է հայտնել Բերբոքին։
«Բայրամովը և Բերբոքը քննարկել են տարաձայնությունները (Ադրբեջանի և Հայաստանի միջև) խաղաղության գործընթացի շրջանակում՝ ընդգծելով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Նախարարները քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանազատման հարցը, որի շրջանակում Հայաստանը Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձրեց 4 գյուղեր», – նշված է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, թե այդ բանակցություններից հետո Բաքվի հետ առանցքային հարցերի շուրջ առաջընթաց կլինի:
Բանակցություններին օրերս անդրադարձավ Ազգային ժողովի նախագահը՝ փաստելով՝ Երևանի համար կարևոր երկու հարցերի՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ամրագրելու և տարածաշրջանի ապաշրջափակման սկզբունքների շուրջ դեռ համաձայնություն չկա: