Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ում հայազգի ներկայացուցիչ կունենա՞նք. Արմինե Հարեյանը կպայքարի ԵԽ-ում մանդատ ունենալու համար

Մայիս 24,2024 20:55

Հունիսի 6-9-ը տեղի կունենան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները։ Եվրոպական պառլամենտում ներկայացվածության համար կպայքարի նաեւ Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչ Արմինե Հարեյանը:

-Առաջիկայում կայանալիք ընտրություններում՝ ԵԽ պատգամավորի մանդատի համար, նաեւ Դուք եք պայքարելու․ մի քիչ մանրամասնեք, խնդրում եմ, ինչպե՞ս հասաք այդ փուլին:

-Միշտ հետաքրքրվել եմ քաղաքականությամբ. ուսանողական տարիներից ակտիվ գործունեություն եմ ծավալել Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում։ Մի քանի ֆրանսախոս ընկերներով հիմնեցինք «Երիտասարդությունը Եվրոպայի համար» հասարակական կազմակերպությունը. փորձում էինք Հայաստանում տարածել եվրոպական արժեքներ՝ ժողովրդավարություն, խոսքի ազատություն, մարդու իրավունքների պաշտպանություն։

2010 թվականին տեղափոխվեցի Բելգիա բնակության՝ անձնական դրդապատճառներով։ Ներգրավվեցի Բելգիայի հայկական համայնքի կյանքում: Սկսեցինք արդիական՝ ՀՀ և Արցախի քաղաքական հարցերի բարձրաձայնումը, Բելգիայի և Եվրոպական տարբեր ատյաններում։ Հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում եւ մինչ այսօր աշխատում ենք՝ և Հայաստանի, և Արցախի խնդիրների արծարծման ու հարևան պետության ոտնձգությունների մասին իրազեկման ուղղությամբ։

 

Մեր նպատակն է՝ համապատասխան արձագանք ապահովել և՝ Բելգիայի, և թե՝ Եվրոպական ինստիտուտների կողմից։ Արցախյան 2020 թվականի պատերազմից հետո, Բելգիայի խորհրդարանը մի շարք բանաձևեր ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանին, որոնց ձևակերպման ու առաջ մղման հարցում իմ համեստ լուման ունեմ։ Նման աշխատանքներին մասնակցելն աննկատ չի անցնում. Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության կողմից առաջարկություն ստացա՝ առաջադրվել, որպես Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, առաջիկա եվրոպական ընտրությունների ժամանակ։

Ըստ իս՝ սա մեծ հնարավորություն է ընձեռում մեզ՝ Բելգիայի հայկական համայնքին, անմիջական ազդեցություն ունենալ քաղաքական օրակարգի սահմանման գործընթացում։ Հիմք ընդունելով հենց այդ հանգամանքը, որոշեցի ընդունել «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության առաջարկը ու պայքարել իմ՝ ԵԽ պատգամավորի մանդատի համար։

-Ի՞նչ է տալու այդ հնարավորությունը Ձեզ՝ նկատի ունենալով հայ համայնքում ձեր ակտիվ աշխատանքը։

-Ես դիտարկում եմ ԵԽ-ն, որպես լավագույն հարթակ՝ մեր համայնքին հուզող հարցերը բարձրաձայնելու համար. լինի դա՝ առօրյա թեմաներ, ինչպիսին են՝ սոցիալական հարցերը, և թե՝ ավելի ծավալուն, օրինակ ՀՀ անվտանգությանը վերաբերվող։ Ցանկացած ազգային փոքրամասնության առջև կանգնած է ինքնությունը պահպանելու հարցը. թե՛ կիրակնօրյա դպրոցները, և թե՛ հասարակական կենտրոններն իրենց գործունեությունը ծավալելու համար միջոցների և ընդհանուր սատարման կարիք ունեն։ Մեր մշակույթի/լեզվի պահպանումը ապահովելու համար, հարկավոր է խթանել նման կենտրոնների գործունեությունը։ Ընտրվելու դեպքում, ես այս խնդիրների լուծմանը մեծ կարևորություն եմ տալու։

Իսկ ինձ՝ անձնապես, սա հնարավորություն կտա ավելի շատ շփվել մարդկանց հետ, հասկանալ նրանց խնդիրները, հասկանալ ինձ որդեգրած երկրին հուզող հարցերը և փորձել լուծումներ գտնել այդ հարցերին, որպես հայկական արմատներով եվրոպացի։

-Հայկական շահերի տեսանկյունից ի՞նչ հնարավորություններ կարելի է ակնկալել։

-Առաջին հերթին ԵԽ օրակարգի ձևավորում. այսինքն՝ հայկական շահերից բխող կետերի/թեմաների ավելացում։ ԵԽ պատգամավոր լինելը նաև թույլ կտա մեր հարևանների լոբբիստական գործունեությունը բացահայտել, հակընդդեմ քայլեր ձեռնարկել։ Վստահ եմ, որ եթե պատերազմի ընթացքում Եվրոպական ատյաններում ընտրված Հայ պաշտոնյաներ ունենայինք, Եվրոմիության արձագանքն ավելի արագ և հնարավոր է՝ այլ լիներ։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031