Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր տաճարի ֆանտաստիկ շինարարությունը. Տաճարին տվեցին «հավերժական կյանք»

Մայիս 24,2024 20:35

Ողջ հայության հոգեւոր կենտրոն Մայր տաճարը շատ շուտով իր դռները կբացի հավատացյալ հանրության առաջ: Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ 4-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ տաճարը իր հազարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվել է, վերափոխվել, բայց նման ծավալի շինարարական եւ վերականգնման աշխատանքներ այստեղ երբեւէ չեն եղել:

2012-ից սկսվեցին Մայր տաճարի նորոգման հետազոտական աշխատանքները:

2018-ից անցան բուն շինարարական աշխատանքներին: Մեկ տարի անց արդեն վերանորոգված էին արեւելյան և հյուսիսային զանգաշտարակները: 2020-ին  ամրակայվեցին գմբեթակիր 4 սյուները, վերականգնվեց գմբեթը, արեւմտյան զանգակատունը: 2021-ին վերականգնվեց Հրեշտակապետաց մատուռը:

Մինչեւ 2023-ը ավարտվեցին հիմնական շինարարական աշխատանքները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի խոսքով՝ «այսպիսի ամբողջական վերանորոգում Մայր տաճարը իր 1720-ամյա տարիքի ընթացքին չի տեսել»:

Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը մեզ հետ զրույցում նշեց. «Խնդիրը ի սկզբանե դրվեց Մայր աթոռի, մասնավորապես Վեհափառ Հայրապետի կողմից տանիքներին աճած խոտածածկույթների, մամուռների, քարաքոսերի եւ ստորին հատվածի գետնախարիսխների վրա առկա բուսածածկույթի ուսումնասիրման, լիկվիդացման, հեռացման եւ հետագայում դրանց վերաաճելը կանխարգելել»:

«Հորիզոն 95» շինարարական ընկերությունը տաճարի շուրջը տախտակամած է կապել, բարձրացել են վերեւ ու անակնկալի եկել: Բադիշյանի խոսքով ՝ «Ծիրանի ծառ կար զանգակատան ամենավերեւը՝ գագաթին: Անձամբ ես եմ քոքահան արել»:

Հետո պարզվեց գմբեթի բուսածածկույթը, մամուռներն ու քարաքոսերը ոչինչ են այն խնդիրների դիմաց, որոնց առջեւ կանգնել է Մայր աթոռը: «Ես պատրաստեցի մի զեկույց՝ ֆոտո, վիդեո ցուցադրությամբ եւ ներկայացրեցի Մայր աթոռի խորհրդի կազմին, որ խնդիրները խորքային են, առկա են  խարխլումներ, բացված ճեղքեր, որոնք անհրաժեշտ է ավելի խորը ուսումնասիրել ու համապատասխան  լուծումներ տալ»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը լրագրողներին ներկայացրեց, թե այդ լուսանկարներում ու տեսագրություններում ինչ պատկեր են իրեն ցույց տվել. «Երեւում էր, որ պատերը ամբողջ հողմնահարված են, շաղախը փոշիացած եւ այլեւս դատարկ է, քարը ուղղակի քարի վրա է հենված»:

2015-ին, երբ Հռոմի պապը պետք է այցելեր Հայաստան, մասնավորապես՝ Մայր տաճար, խնդիր դրվեց Վեհափառի կողմից որ ներքին մակերեսները, որոնք մրակալել էին մոմավառությունից առաջացած ծխի շերտից, մաքրեն ու տեսքի բերեն: Այդ ժամանակ այդտեղ բացահայտել են արդեն ներքին ծավալների վատթարագույն վիճակները. «Այնտեղ կամարների վրա առկա էին ճաքեր, որոնք սվաղված էին գաջի կամ այլ սվաղով եւ զարդանախշած էին: Այդ ամեն ինչը ներքին այսպես ասած վերքերը վիրակապված էին որմնանկարներով եւ ներքեւից ընդհանրապես նկատելի չէր, որ նման վիճակ կա: Այդ աշխատանքների ընթացքում բացահայտվեց, որ ներսում ավելի վատ վիճակներ ունենք, առանձին հատվածներում՝ վթարային, քան արտաքին ծավալներում եւ այստեղ ամբողջ ծրագիրը չասեմ գլխիվայր շուռ եկավ,այլ 100% կամ ավելի ընդարձակվեց: Առաջին հայացքից թվում էր, թե անելանելի վիճակում ենք հայտնվել, անիրականացնելի»,- ասաց Ամիրան Բադիշյանը:

Նա պատմեց, որ մի հատվածում, երբ որմնանկարը հանելուց հետո կամարի ծեփը հեռացրել են, կամարի վրայից մի մեծաչափ քար ուղղակի ընկել է գետնին. «Այսինքն, իրան պահում էր ընդամենը էդ սվաղի շերտը: Պատկերացրեք, եթե չարվեր դա, պատարագի կամ այլ արարողության ժամանակ նման երեւույթները իրոք անխուսափելի էին: Իսկ նման հատվածներ հետո պարզեցինք, որ այլ տեղերում եւս կան, շատ վտանգավոր: Այդ բոլոր աշխատանքները հիմա արվել են 100%-ով»:

Որմնանկարների վերականգման նախագծի հեղինակ, ավագ մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը նշեց, որ թանգարանային հատվածի առաստաղը կախված է եղել. «Ինքը ընկնում էր: Գիտեք, տեղ-տեղ կպած, տեղ-տեղ՝ անջատված: Մետաղները ժանգոտել էին, որմնանկարներից արդեն երեւում էին այդ տեղերը: Այնտեղ կար մետաղ, փայտ եւ բետոն: 3 իրար չհամապատասխանող նյութեր էին: Շինարարները մետաղները արդեն հակակոռոզիոն ներկով մշակել են, որ չժանգոտի, փայտային մասը ամբողջովին հեռացրել են, որովհետեւ փտած էին: Կատարվել է հսկայական աշխատանք: Միայն տաճարի ներսում 620-630 քմ որմնանկար հանվել եւ տեղադրվել է: Տաճարի որմնանկարների մասշտաբը 2400 քմ է: Պատկերացրեք, 620 քմ  որ հանվի, տեղադրվի, արդեն բավականին մեծ թիվ է դա»:

Որմնանկարներն ապամոնտաժելիս հայտնաբերվել են ավելի վաղ շրջանի՝ Հովնաթանյանների հեղինակած որմնանկարների շերտեր՝ մոտավորապես 60 քմ. «Դրանք պետք է ցուցադրվեն թանգարանում: Այս որմնանկարները, որ մենք տեղադրել ենք, հետագայում հնարավոր է բավականին հեշտ ձեւով հանել, նորից տեղադրել: Նախկինում սվաղ էր, սվաղը չես կարա չէ՞ հանես, ձեր տան ռեմոնտը պատի կարա՞ք հանեք: Դժվար է, չի հելնի»:

Շատ տեղերում լուծվող աղերի, խոնավության պատճառով որմնանկարները քայքայվել են, հյուսիսային խորանում այս պահին մասնագետները վերստեղծում են այդ կորսված հատվածները:

12 առաքյալների հատվածում մասնագետները կարողացել են բոլոր միջամտությունները, փոփոխությունները մաքրել ու պատմական նյութերի հիման վրա վերականգնել բնօրինակը: Զանգակատան հատվածում նույնպես աշխատանքներն ավարտին են մոտենում:

Մայր տաճարի շինարարության մեջ օգտագործվել են Իտալիայից ներկրված վերականգնման համար նախատեսված սերտիֆիկացված նյութեր: Ուշագրավ է, որ Վեհափառը բծախնդրորեն ստուգել է տվել բոլոր նյութերը:

«Ահռելի քանակությամբ՝ մի քանի հարյուր տոննա նյութ է ներարկվել պատերի դատարկությունների մեջ: Մինչեւ օգտագործելը Վեհափառը մեզ ուղղակի կարգադրեց, ասեց՝ շատ լավ է, որ սերտիֆիկացված է, ունեն իրենց որակի սերտիֆիկատները եւ այլն, բայց ինքը ցանկացավ, որ մենք դա փորձարկենք տեղական շինանյութերի՝ քարի, ավազի եւ այլնի հետ: Ե՛վ բծախնդրություն կար իր մոտ, ե՛ւ թող համարձակությունս ներվի ասել՝ մտավախություն, որ հանկարծ այնպիսի բան չարվի տաճարի վրա, որ ավելորդ քննադատությունների, խոսակցությունների եւ այլնի առիթ ստեղծվի: Դա իր գլխավոր նախապայմաններից մեկն է եղել»,- ասաց Ամիրան Բադիշյանը:

Մայր տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Սրբազան այս տաճարի շինարարական աշխատանքներում ներգրավվել է մասնագիտական հզոր թիմ՝ կոնստրուկտորականից մինչեւ ճարտարապետական ու նյութաբանական:

Վերականգնող ճարտարապետը վստահեցրեց. «Մայր տաճարի այս վերանորոգումը, ամրակայումը, որ արվեց, իր ամբողջական համալիր բովանդակությամբ աննախադեպ երեւույթ էր՝ սկսած իմ տեսած Խորհրդային ժամանակներից, որ այնտեղ ֆանտաստիկ աշխատանքներ են կատարվել: Բայց համակարգված, համընդհանուր որպես մի կոմպլեքս վերականգնման աշխատանք մի տաճարի վրա, սա աննախադեպ երեւույթ էր, ֆանտաստիկ երեւույթ էր հայկական վերականգնողական պրակտիկայում: Այս կարգի համալիր աշխատանք աննախադեպ է եւ առայժմ առաջինը: Այսօր շատ շատերը կարող է կանգնեն տաճարի մոտ, նայեն ամբողջական վերականգնած, հիշեն իր հին տեսքը եւ ասեն՝ տասնը քանի տարի ա՝ փակ ա տաճարը, աշխատում են իբր թե  եւ այլն, ի՞նչ են արել, որ: Ոչ մի բան չի փոխվել: Առաջին օրվանից իմ նպատակակետը դա է եղել, որ մարդիկ գան, նայեն ու ասեն՝ ոչ մի բան չի փոխվել, այսինքն, մենք վերարտադրել ենք հինը»:

Վերջապես ե՞րբ հավատացյալները հնարավորություն կունենան վայելել այս լուսապայծառ շինության ողջ հմայքն ու մասնակցել տաճարի վերաօծմանը: Ծանր աշխատանքները ավարտել են եւ հիմնական ամենամեծ աշխատանքը մնացել է ներքին սալահատակը: Բայց մասնագետները զգուշավոր ժամկետներ են ասում: Արժանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ «Հսկայական աշխատանք արել ենք, մենք հասնում ենք արդեն ավարտին, հուսով ենք, մինչեւ սեպտեմբերի 1-ը մենք ավարտած կլինենք աշխատանքը»: Պարոն Բադիշյանն էլ ասաց. «Կապրենք, կտեսնենք, բայց եթե սեպտեմբերին նույնիսկ ինչ-որ բաներ մնա, չհասցվի վերաբացել, 2025-ը կարող եմ ասել 100%-ով իրատեսական է»:

Այսպիսի հսկայածավալ շինաշխատանքներից հետո ենթադրում են, որ առնվազն 200 տարի Մայր տաճարը վերանորոգման կարիք չի ունենա, ճարտարապետի դիտարկմամբ՝ «տաճարը ստացավ հավերժական կյանք»:

Առաջարկում ենք դիտել Սրբության Սրբոց այս տաճարի աննախադեպ շինարարության ու վերանորոգման մասին պատմող մեր պատրաստած տեսանյութը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031