Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտահրավերները դիտարկել որպես հնարավորություն եւ ճախրել ավելի վեր․ մաղթանքներ սյունեցի շրջանավարտներին

Մայիս 24,2024 19:33

Կապան համայնքի Սյունիք սահմանամերձ բնակավայրի դպրոցում վաղ առավոտվանից հյուրերի էին սպասում։ Եթե Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ազգային ժողովի պատգամավոր, ծննդով կապանցի Մարինա Ղազարյանը մի քանի անգամ եղել են, ապա Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջին անգամ էր դպրոց գալու։

«Օրեր առաջ, երբ ծրագրում էի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, որոշեցի հենց վերջին զանգի օրը գալ ու այցելել սահմանամերձ դպրոցներ»,-ասաց Անահիտ Մանասյանը։

7 շրջանավարտ ունի Սյունիք գյուղի դպրոցը՝ 4 տղա եւ 3 աղջիկ։ Բեմից բոլորը խոստանում են՝ ուսումնառությունից հետո վերադառնալ Կապան։  93 տարի է՝ որ դպրոցը մեծ կյանք է ճանապարհում իր սաներին՝ նշեց դպրոցի տնօրեն Լիլիթ  Առաքելյանը։

Դպրոցի շրջանավարտ  Ալեն Աբրահամյանը մտադիր է ուսումը շարունակել  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի լեռնահանքային արդյունաբերության բաժնում,  հետագայում էլ աշխատելու Կապանի լեռնահարստացման կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Ալեն Աբրահամյանը

Իհարկե, ծառայելու է հայոց բանակում։  «Դժվարություն միշտ էլ կա սահմանամերձ գյուղում, իհարկե, վախ էլ կա, բայց այդ վախը հաղթահարելի է։ Մի տեսակ այլ զգացում ա՝ որ տեսնում ես թշնամին քո տնից 200 մետր հեռավորության վրա է, բայց հաղթահարեցինք բոլոր դժվարություններն ու դեռ կհաղթահարենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալենը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նույնպես գյուղական դպրոցում է սովորել՝ դասարանի միակ աշակերտն է եղել, ու չէր կարողանում դասերից փախչել։ «Ես ուզում եմ որ դուք ճախրեք, ճախրեք ինչքան հնարավոր է՝ բարձր։

Այն բոլոր դժվարություններն ու բարդությունները որ հանդիպեն ճանապարհին, խթան են լինելու ավելի  վեր  ճախրելու համար։ Ոչ մի բանի առաջ կանգ չառնեք ու միշտ հպարտացեք՝ որ դուք ծնվել, սովորել եք այստեղ»,-շրջանավարտներին մաղթեց Սյունիքի մարզպետը։

«Իմացեք, որ այսօր դուք մեծ կյանք եք մտնում, մեր երկրի համար  արեք կարելին ու անկարելին, արեք այն՝ ինչ դուք կարող եք, սիրեք ձեր երկիրը, սիրեք Սյունիքն ու Հայաստանը»,-իր խոսքում նշեց Ազգային ժողովի պատգամավոր, 35 տարի դպրոցում աշխատած Մարինա Ղազարյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շրջանավարտներին խորհուրդ տվեց բոլոր մարտահրավերները դիտարկել որպես հնարավորություն եւ նրանք կհաջողեն։ Հենց սա է ՄԻՊ-ի հաջողության բանաձեւը։ «Իմ բանաձեւը հաջողության հասնելու հենց դա է․ յուրաքանչյուր մարտահրավեր դիտարկել որպես հնարավորություն, այդ ամենին վերաբերել սիրով եւ այդ ամենի տեքստում գտնել ներդաշնակություն։ Յուրաքանչյուրի մեջ դա շատ անհատական է, ու իմ մաղթանքն է՝ ձեր մեջ ձեւավորել այդ սերն ու հաստատել այն, ունենալով ներդաշնակություն՝ ճիշտ արժեքների գործում»,-մասնավորապես նշեց տիկին Մանասյանը։

Սյունիք բնակավայրի դպրոցից հետո հաջորդ կանգառը Աճանան գյուղի դպրոցն էր։

Օրվա առիթով Ռոբերտ Ղուկասյանը դպրոցներին ձայնային տեխնիկա նվիրեց, Մարդու իրավունքների պաշտպանը շրջանավարտներին՝ նվերներ։ Այս ուսումնական տարում  Սյունիքի մարզի 117 դպրոցում շրջանավարտների թիվը 1074 է՝ նախորդ տարվա 1036-ի փոխարեն։

Իսկ 9-րդ դասարանն ավարտեց  1623 աշակերտ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031