Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է Օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնում է բանկը պայթեցնել:
Պարեկները ամբողջ տարածքը սահմանազատել են և անցել են ուժեղացված ծառայության: Այս պահին բանկի ներսում տղամարդու հետ ոստիկանները բանակցություններ են վարում, որպեսզի նա հետ կանգնի իր մտադրությունից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տղամարդու համբերության բաժակը բանկը լցրել է, նրան ունեզրկել է, տունը ձեռքից առել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ տղամարդը ճարահատյալ դիմել է նման միջոցի:
Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Էդվարդ Բաբայանը:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանձնապես ծանր հանցագործությունը կանխվել է առաջին հերթին բանկում ծառայություն կատարող կին ոստիկանի շնորհիվ. հենց նա է, որ կարողացել է ճիշտ բանակցություններ վարել տղամարդու հետ, բանկի աշխատակիցներին նաև ցուցաբերել է հոգեբանական օգնություն, մինչ կժամաներ օպերատիվ խումբը:
Քիչ առաջ ոստիկաններին ու քննիչներին հաջողվեց զինված տղամարդուն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: