Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցիչները մանկավարժությանը վերաբերում են որպես առաքելության»

Մայիս 24,2024 20:25

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին վերջին դասի կապակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և բարեմաղթանքի խոսքեր հղել շրջանավարտներին. «Ամենակարևոր հմտությունը, որ ձեզ տվել է դպրոցը, սովորելու, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունն է: Այլ կերպ ասած՝ դպրոցը սովորեցրել է ձեզ սովորել. պահպանեք այդ հատկությունն ամբողջ կյանքի ընթացքում»: Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանը հանրապետության մյուս դպրոցներից առանձնանում է, քանի որ ունի Մանկավարժական համալսարանի աջակցությունն ու առաջնորդությունը։ «Դուք ունեք էլ ավելի լավ պայմաններ՝ ձևավորելու այն կարևոր կարողունակությունները, գիտելիքն ու հմտությունները, որոնք էականորեն կպայմանավորեն ձեր հաջողությունները»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա նաև նշել է, որ օրեր առաջ միջազգային պատվիրակություն էր ուղեկցել հենակետային վարժարան, որոնք հիացած և տպավորված էին աշակերտների գիտելիքով և ուսուցիչների նվիրումով։ «Ուսուցիչները մանկավարժությանը վերաբերում են որպես առաքելության․ դա շատ կարևոր է կրթության կազմակերպման գործում»,-նշել է նախարարի տեղակալն ու շրջանավարտներին մաղթել կյանքի հաջորդ բարդ փուլերում հավատալ գիտելիքի ուժին, մշտապես ու անընդհատ կրթվել՝ մրցունակ լինելու և երկրի համար լավ քաղաքացի լինելու ձգտմամբ։

Վերջին զանգի առթիվ վարժարանցիներին շնորհավորել է նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

«Այն նախապատվությունները, որոնց ներքո շարունակելու եք ձեր մասնագիտական կողմնորոշումները, իրագործելու են մեր և ձեր իղձերը, ապագայի ձգտումները։ Դուք գեղեցիկ եք, բարի, գիտելիքահեն, տաղանդաշատ, ունեք սեփական և ինքնուրույն քննադատական մտածողություն․ այս ամենը թույլ է տալիս վստահ լինելու, որ ապագան հուսալի ձեռքերում է։ Իրագործեք մեր և ձեր երազանքները, որ երկուստեք վայելենք բերկրանքը»,- նշել է Սրբուհի Գևորգյանը։

Նշենք, որ այս տարի Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանն ավարտում է 7 հոսքի 133 սովորող:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031