Մամուլում հրապարակում կա, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ակտիվ է իրեն պահում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որովհետեւ նրան խոստացել են փոխվարչապետի պաշտոնը: Այսօր լրագրողների հետ զրույցում Սուրեն Պետրոսյանը արձագանքեց այդ լուրերին հումորով. «Կրեմլից շատ ավելի բարձր պաշտոններ են խոստացել, դրա համար փոխվարչապետինը մի քիչ սխալ տեղեկատվություն է: Ավելի լավ պաշտոններ կան խոստացված: Չեմ ուզում դրան անդրադառնալ, որ շրջանառության մեջ չդրվի, էլի, այնտեղ ավելի խոստումնալից պաշտոններ կան»:
Հարցին՝ ձեզ մեղադրում են, որ Հայաստանը ներքաշում եք պատերազմի մեջ, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին ասել էիք, որ չեք ճանաչում Հայաստանի 29.743 քկմ տարածքային ամբողջականությունը: Սուրեն Պետրոսյանը բացատրեց, որ Փաշինյանն ինքը սկզբից ասում էր 29.800 քկմ, հետո եկավ, ասեց՝ կլորացված էր դա, իրականում 29 հազար 743 է. «Հետո կարող է դա դառնալ 29.500 կամ 20 հազար, որ ավելի կլոր թիվ լինի: Իմ խոսքից ուղղակի հանվել է այդ մասը, որը կտրվել է կոնտեքստից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ