Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ մեծ հույս ունի՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը իրավիճակ է փոխելու մեր երկրում ու հաջողությամբ է ավարտվելու. «Այն, ինչ տեսնում եմ, խճանկարի փոքր պատկերները հավաքում եմ, վերլուծում եմ, տեսնում եմ, որ հնարավոր է, եթե լինի կամք եւ պատրաստակամություն շարժումը մինչեւ վերջ տանելու՝ առանց հիասթափության: Երկար տարիներ է, հայ ժողովուրդը հիասթափվել է տարբեր քաղաքական շարժումներից, մարդկանցից, իսկ այս պահին մի փոքր հույս է ծնվել, որ ի վերջո հնարավոր է փոխվի երկրում իրավիճակ: Փաստացի մենք հողի վրա տեսնում ենք ինչ է կատարվում, արդեն Տավուշում մարդիկ իրենց տները, գույքը այրում են, հանձնում են: Սրանից ավել ի՞նչ պետք է լինի, սա արդեն Արցախը չի: Իրականում վատ համեմատություն է, որովհետեւ Արցախն էլ մեր հայրենիքի մի մասն էր, բայց կային մարդիկ, որ ասում էին՝ դա Արցախն էր: Սա փաստացի ՀՀ-ն է: Չեմ պատկերացնում՝ էլ ի՞նչ պիտի լինի, որ մարդիկ արտահայտեն իրենց անհամաձայնությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ