Գյումրիի Արշակ Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցի տնօրենը մանրամասներ է ներկայացնում
Գյումրիի Արշակ Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցը, որ հիմնադրվել է 1970 թվականին, միշտ առանձնացել է իր հրաշալի սաներով եւ փայլուն մասնագետներով: Լինելով ավելի քան 50 տարեկան, դպրոցը նաեւ նորարար է, հետաքրքիր գաղափարներ կյանքի կոչելու փորձառությամբ: «Առավոտի» հետ զրույցում Արշակ Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցի տնօրեն Խորեն Վարդանյանը նշեց, որ իրենց տրված դրամաշնորհով պատրաստվում են ձայնային տեխնիկա ձեռք բերել՝ դպրոցի կամերային դահլիճի համար:
Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Արշակ Բրուտյանի անվան դպրոցը մեկն է այն հաստատություններից, որին այդ նպատակով դրամաշնորհ էր տրվել:
«Դրամաշնորհն անհրաժեշտ էր մեր դպրոցի Կամերային դահլիճի ձայնային տեխնիկայի համար: Կամերային դահլիճը գործում է մեկ տարուց ավելի: Այն Գյումրիում առաջին կամերային դահլիճն է, որը վերաձեւավորվել է մեր դպրոցի դահլիճի հիմքի վրա եւ կոչվում է Գյումրի քաղաքի կամերային դահլիճ: Այդ դահլիճում արդեն մեկ տարի է՝ տարբեր խմբեր, մենակատարներ համերգներով են հանդես գալիս, այնպես որ, ձայնային տեխնիկա ձեռք բերելը հրատապ անհրաժեշտություն էր: Բարեբախտաբար, դրամաշնորհը շահել ենք, տենդեր է հայտարարվել՝ ձայնային տեխնիկան ձեռք բերելու համար»,-նշեց դպրոցի տնօրենը:
Կարդացեք նաև
«Մեր դպրոցը Գյումրիի հին եւ հանրապետության սակավաթիվ տիպային դպրոցներից է: Մինչ երկրաշարժը շուրջ 550 աշակերտ ունեինք, իսկ այժմ՝ մոտ 180: Դպրոցում աշխատում են հրաշալի մասնագետներ՝ եւ երիտասարդներ, եւ վաստակաշատ դասատուներ, որոնք որակյալ կադրեր են պատրաստում:
Ի դեպ, մեր դահլիճի վերանորոգումը մեծ խթան հանդիսացավ ոչ միայն մեր սաների, այլեւ ընդհանրապես Գյումրիի՝ եւ դպրոցական, եւ պրոֆեսիոնալ երաժիշտ կատարողների համար: Ավելի քան մեկ տարի է, ինչ դահլիճը գործում է, եւ այնտեղ բազմաթիվ խմբեր են ելույթ ունեցել, այդ թվում՝ Կոմիտաս քառյակը, Խաչատրյանական տրիոն, Երեւանի կամերային նվագախումբը՝ իսպանաբնակ մեր հայրենակից Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ, Կամերային երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Մեր դպրոցի հիմքի վրա ստեղծվել է նաեւ մանկական կամերային նվագախումբ, որը կրում է Տիգրան Մանսուրյանի անունը:
Անցյալ տարի մեր դահլիճում երգչախմբային փառատոն կայացավ, եւ շուրջ 25 երգչախումբ ՀՀ տարբեր մարզերից ելույթ ունեցավ մեր հարկի ներքո: Երկու տարի է՝ մեր դպրոցի երգչախումբը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Քույր դպրոցների հետ համագործակցության շրջանակներում մենք անցյալ տարի ելույթ ենք ունեցել նաեւ Երեւանի Ստեփան Ջրբաշյանի անվան դպրոցում, իսկ իրենք՝ մեր դպրոցում:
Հավելեմ, որ մեր սաներն էլ առանձին մասնակցում են տարբեր միջազգային եւ հանրապետական նշանակության մրցույթների, վերադառնում հաղթանակներով»,-իրենց հաջողությունները ներկայացրեց դպրոցի տնօրենը:
Նա մասնագիտությամբ փողային երաժիշտ է, ավարտել է Երեանի պետկոնսերվատորիան, ավելի քան հինգ տարի աշխատել է Ազգային օպերային թատրոնում, հետո վերադարձել է Գյումրի: 1989 թ. Խորեն Վարդանյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում հիմնել է երաժշտական դպրոց, որը գործում է մինչ օրս: Իսկ 2009 թվականից նա ղեկավարում է Արշակ Բրուտյանի անվան դպրոցը: Մեզ հետ զրույցում Խորեն Վարդանյանը ընդգծեց, որ դպրոցը համայնքապատկան է, որտեղից էլ ունի մշտական աջակցություն: Դպրոցի տնօրենը նշեց, որ իրենց եւ Կամերային դահլիճի, եւ մրցույթների, եւ երգչախմբային փառատոնի կայացման գործում մեծ է Գյումրիի համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի դերակատարությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
«Առավոտ» օրաթերթ
24.05.2024