Լրահոս
Օրվա լրահոսը

«5 մլն դրամի մասին է խոսքը՝ որպես պետությանը հասցված չակերտավոր վնաս». դատարանը քննում է Ասկերանի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը

Մայիս 24,2024 12:44

Անդրադառնալով տեղեկություններին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հետ հանդիպելու համար են Հայկ Շամիրյանին ձերբակալել, Հայկ Շամիրյանի հորաքույրն ասաց, որ այդ հարցին չի ուզում պատասխանել։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ընթանում է Արցախի Հանրապետության Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի վերաբերյալ կալանքի միջնորդության քննությունը։ Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը երեկ ուշ երեկոյան հայտնել էր, որ բնակարանի խուզարկությունից հետո Ասկերանի քաղաքապետը ձերբակալվել է։

Հայկ Շամիրյանի հորաքույրը՝ Անահիտ Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ ըստ գործի նյութերի՝ խոսքը 5 մլն 200 հազար դրամի մասին է՝ որպես պետությանը հասցված չակերտավոր վնաս։

«Պետություն ասելով՝ նկատի ունեն Արցախի Հանրապետությունը։ Լավ մանևրում են, երբ տեղին է, կարողանում են մեր գույքերը հաշվառել, երբ՝ չէ, գործ չունեն արցախցիների խնդիրների հետ։ Դեպքերը հետեւյալն են՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի՝ ավտոմեքենայի մասին է խոսքը, որը տնօրինում էր Ասկերանի քաղաքապետարանը։ Գույքն օտարվել է համայնքի ավագանու որոշմամբ, համայնքի անդամները որոշել են, որ գույքը պետք է հանձնեն համայնքի ղեկավարի տնօրինությանը՝ հաշվի առնելով այն բոլոր ներդրումները, որոնք ունեցել է համայնքի ղեկավար Հայկ Շամիրյանը իր գործունեության ընթացքում։ Նա Ասկերանի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է բավական բարդ ժամանակահատվածում, դա եղել է 2020 թվականը, որին հետեւել է 44-օրյա պատերազմը։ Նա ակտիվ ներգրավված է եղել եւ քաղաքի ինքնապաշտպանության գործին, եւ թիկունքի հարցերի կազմակերպմանը։ Պատերազմից հետո բռնի տեղահանված արցախցիներից 100 ընտանիք տեղավորել է Ասկերան քաղաքում, ապահովել նրանց կեցության պայմանները»,- ասաց նա։

Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ այդ ավտոմեքենայով է Ասկերանի քաղաքապետը եկել Հայաստան, իր հետ տեղափոխել է նաեւ համայնքի երեք բնակիչների, որոնք դուրս գալու համար տրանսպորտային միջոց չեն ունեցել։ «Փաստորեն ստացվում է, որ ավելի լավ էր այդ մեքենան մնար այնտեղ, քան դրանով մարդիկ տեղափոխվեին Հայաստան։ Այս դեպքում մենք չենք հասկանում մայր հայրենիքում արցախցիների կարգավիճակը, ի՞նչ կարգավիճակով ենք մենք այստեղ, մենք այս պետության օրինական ներկայացուցիչներ ենք, թե՞ չէ, այստեղ հայ լինելու իրավունք ունենք, թե՞ չէ։ Մենք փախստականի կարգավիճակ ունենք, ապրում ենք բարեկամի տանը՝ 11 հոգով մի ընտանիքում։ Այս պահին ցեղասպանություն տեսած մարդկանց նորից ցեղասպանում են»,- հայտարարեց Հայկ Շամիրյանի հորաքույրը։

Անդրադառնալով տեղեկություններին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հետ հանդիպելու համար են Հայկ Շամիրյանին ձերբակալել, Հայկ Շամիրյանի հորաքույրն ասաց, որ այդ հարցին չի ուզում պատասխանել, եթե փաստաբանները հարկ համարեն, կանդրադառնան։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031