Toxicological Sciences ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու ամորձիներում առկա միկրոպլաստիկի քանակը 3 անգամ գերազանցում է միկրոպլաստիկի այն քանակը, որը հայտնաբերվել է կենդանիներ սեռական գեղձերում և կնոջ ընկերքում։
Ինչպես նշել է հետազոտության հեղինակ, Նյու Մեքսիկոյի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Քեմփենը․ «Դրանք շատ հին պլաստիկի մանրագույն մասնիկներ են։ Մենք հիմա ենք հասկանում, թե մեր մարմիններում ինչքան պլաստիկե մասնիկներ են պարունակվում։ Այս թեման անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել՝ հաստատելու կամ հերքելու համար միկրոպլաստիկի դերը չբերության, ամորձիների քաղցկեղի և քաղցկեղի այլ տեսակների զարգացման հարցում»։
Որոշակի ապացույցներ արդեն կան․ հայտնվելով օրգանիզմում՝ մանրագույն այդ մասնիկները կարող են ներթափանցել բջիջների և կենսական օրգանների հյուսվածքների մեջ՝ խաթարելով բջջային գործընթացներն ու էնդոկրին համակարգի աշխատանքը խախտող քիմիական նյութեր, ծանր մետաղներ ներմուծելով օրգանիզմ։ Ինչպես հայտնի է, էնդոկրին խանգարումները կարող են առաջացնել սեռական ու վերարտադրողական համակարգի խնդիրներ, սերմնաբջիջների քանակի նվազեցում, չբերություն։
Հետազոտության ընթացքում փորձագետներն ակնկալում էին ավելի շատ քանակով պլաստիկ գտնել տարեց տղամարդկանց ամորձիներում, սակայն արդյունքներն այլ բան են ցույց տվել։
Կարդացեք նաև
«20 – 45 տարեկան տղամարդկանց օրգանիզմում նկատվել է պլաստիկի ավելի բարձր մակարդակ, որը սկսում է նվազել 55-ից հետո․ դա նշանակում է, որ մարդու մարմինը կարող է ազատվել պլաստիկից»,- ասել է Մեթյու Քեմփենը։
«Մտահոգիչ է այն փաստը, որ պլաստիկի քանակը, որի ազդեցությանը մենք ենթարկվում ենք, ամեն 10-15 տարին մեկ կրկնապատկվում է։ Ահա թե ինչու է անհրաժեշտ հրատապ միջոցների ձեռնարկումն այսօր»։
Հետազոտության արդյունքները համեմատելով նախկին ուսումնասիրության տվյալների հետ՝ փորձագետները պարզել են, որ ամորձիներում պլաստիկի քանակը 3 անգամ գերազանցում է կնոջ ընկերքում հայտնաբերված պլաստիկին, սակայն «պետք է հաշվի առնենք, որ ընկերքի կյանքն ընդամենը մոտ 8 ամիս է»։
Նշենք, որ առաջին անգամ չէ, որ միկրոպլաստիկ է հայտնաբերվում մարդու վերարտադրողական օրգաններում։ 2023 թ․-ի հունիսին չինացի հետազոտողները միկրոպլաստիկ էին հայտնաբերել 6 տղամարդու սեռական գեղձերում և սերմնաբջիջների 30 նմուշներում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ