Միացյալ Թագավորությունը հուլիսի 4-ին Խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի ընտրություն կանցկացնի, հայտնել է երկրի վարչապետ Ռիշի Սունակը։
«Խոսել եմ Նորին Մեծություն Թագավորի հետ՝ խնդրելով արձակել Խորհրդարանը։ Թագավորն ընդունել է իմ դիմումը, և հուլիսի 4-ին մենք ընդհանուր ընտրություններ կունենանք»,– վարչապետի նստավայրի բակում հորդառատ անձրևի տակ հղած ուղերձում հայտարարել է Սունակը։
«Այնքան վտանգված աշխարհ, որքան Սառը պատերազմի ժամանակ»․ Սունակ
Պահպանողական կուսակցության առաջնորդի խոսքով՝ «Ժամանակն է, որպեսզի Բրիտանիան ընտրի իր ապագան»։
Կարդացեք նաև
«Այս ընտրությունը տեղի կունենա մի ժամանակահատվածում, երբ աշխարհն այնքան վտանգված է, որքան Սառը պատերազմի ժամանակ»,– ասել է Սունակը՝ տեսակետն ապացուցելու համար օրինակ բերելով պատերազմն Ուկրաինայում, էներգետիկ ռիսկերը, «իսլամական ծայրահեղականության սպառնալիքները Միջին Արևելքում և աշխարհում», ինչպես նաև 21-րդ դարը դոմինացնելու՝ Չինաստանի նկրտումը։
Ընդունելով, որ պահպանողականներն անսխալական չեն, վարչապետը շեշտել է, որ մարտահրավերների ֆոնին նա երբեք միայնակ չի թողել ժողովրդին։
«Ապագան փոխելու հնարավորություն»․ Ստարմեր
«Իշխանությունը վերադարձվում է ժողովրդին»,– այսպես է արձագանքել ընդդիմության ղեկավար Քիր Ստարմերը Խորհրդարանն արձակելու և ընտրություն անցկացնելու մասին լուրին։
«Սա հնարավորություն է փոխելու ձեր ապագան, ձեր համայնքը, ձեր երկիրը»,– շարունակել է ընդդիմադիր պաշտոնյան, որի կուսակցության հաղթանակի դեպքում նա կստանձնի վարչապետի պաշտոնը։
Նրա խոսքով՝ կուսակցությունը պատրաստ է «Բրիտանիան վերադարձնել աշխատավոր ժողովրդին»։
Մատնանշելով սոցիալական խնդիրները՝ հիփոթեքի և սննդի «անհավատալի» գները՝ Ստարմերը համոզմունք է հայտնել, որ «դա արդյունքն է պահպանողականների առաջացրած քաոսի»։
ԵՄ-ն լքելու գործընթացը, տնտեսական անկումը, համաճարակի կառավարումը, էթնիկ խժդժությունները, ներիշխանական վերադասավորումները վերջին տարիներին շարունակ նվազեցրել են կառավարող կուսակցության վարկանիշը։
Բրիտանական աղբյուրները հավանական են համարում հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ աշխատավորների հաղթանակը մոտակա ընտրության ժամանակ։ Եթե նրանք հաղթանակ տանեն, դա վերջ կդնի պահպանողականների 14-ամյա իշխանությանը։
Այնուամենայնիվ, այսօր պարզ դարձավ, որ երկրում ինֆլյացիան նվազել է՝ հասնելով 2.3%-ի, ինչը վերջին երեք տարվա մեջ ամենացածրն է։
Միացյալ Թագավորությունում վերջին խորհրդարանական ընտրությունը տեղի է ունեցել 2019 թվականին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ