Արցախցի Սարգսյանների՝ առանց ծնողական խնամքի մնացած հինգ երեխաների ընտանիքում ուրախալի իրադարձություն է․ Մասիս քաղաքում նրանք արդեն իրենց սեփական բնակարանն ունեն։ Այն ձեռք է բերվել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի oժանդակությամբ։
Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից բռնի տեղահանումը Սարգսյանների ընտանիքի համար կրկնակի ողբերգություն դարձավ։ Հայաստան տեղափոխվելու և փրկվելու համար բենզին որոնելու դուրս եկած Սաշային և Լիանային երեխաները վերջին անգամ ողջ տեսան սեպտեմբերի 25-ին` Ստեփանակերտի բենզինի պահեստի աղետալի պայթյունի օրը։ 12-ամյա Նարեն, 13-ամյա Նանարը, 16-ամյա Ալեքսը, 17-ամյա Էլենը և 21-ամյա Սվետլանան Հայաստան տեղափոխվելուց հետո տատիկի հետ բնակվում էին ժամանակավոր կացարանում։
Բնակարանի ձեռքբերման համար «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 25 մլն ՀՀ դրամ է տրամադրել Սարգսյանների ընտանիքին: Ընտանիքի սոցիալական հոգսը թոթափելու համար՝ ընկերությունն ընտանիքին գումարը տրամադրել է աղետալի պատահարից հաշված օրեր անց՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին։
Կարդացեք նաև
««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մեծ պատրաստակամությամբ ու սիրով է աջակցել Սարգսյանների ընտանիքին այս բնակարանի ձեռքբերման հարցում։ Մենք մեծապես կարևորում ենք հանրային միասնությունն ու հոգատարությունը մեր հայրենակիցների, մեր երեխաների համար լուսավոր ու ապահով ապագա կառուցելու գործում և շարունակաբար մեր աջակցությունն ենք բերում այդ գործընթացին։ Սա բխում է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի սոցիալական պատասխանատվության ռազմավարական նպատակադրումից, ինչը մեր բիզնես գործունեության առանցքային բաղադրիչներից է։ Ուրախ ենք ներդրում ունենալ մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման և նրանց համար բարեկեցիկ կենսապայմանների ապահովման գործում», – նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը։
Սեփական բնակարան ունենալը փոխեց Հայաստանից տեղափոխվելու ընտանիքի որոշումը: Երեխաները կշարունակեն ապրել հայրենիքում, կրթություն ստանալ և ամուր լինել՝ անկախ վրա հասած մեծ ողբերգությանը: 17-ամյա Էլենը համեստորեն պատմում է իր երազանքների մասին։ Այս տարի պատրաստվում է ընդունվել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան. «Հայաստանում եմ լինելու ես: Կշարունակեմ կրթությունս, մագիստրատուրա մինչև, կշարունակեմ Հայաստանում ապրել»:
16-ամյա Ալեքսը սովորում էր Ստեփանակերտի երաժշտական դպրոցում, Հայաստան տեղափոխվելուց հետո էլ շարունակում է երազել երգչի կարիերայի մասին. նպատակ ունի կրթությունը շարունակել Կոնսերվատորիայում։
Բադալյան ընտանիքը շարունակելու է ներդրում ունենալ հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման և նրանց համար բարեկեցիկ կենսապայմանների ապահովման գործում։