«Հրապարակի» զրուցակիցն է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
– Սփյուռքի հանձնակատար Սինանյանը սփյուռքի համայնքներում հանձնակատարներ է նշանակում, որպես կանոն, իշխանությունների համակիրների շրջանակից։ Ֆրանսիայում արդեն հանձնակատար նշանակե՞լ են։
– Փետրվարի վերջերին է Սինանյանը եկել Ֆրանսիա եւ հայտարարել, որ պիտի նշանակեր հանձնակատարի ներկայացուցիչներ, պատգամավորներ։ Դեռ սպասում ենք, անուն չի հրապարակվել, կարծեմ՝ դժվարություններ ունի։
– Ի՞նչ դժվարություններ, մարդիկ չե՞ն համաձայնում։
Կարդացեք նաև
– Ոչ, մարդիկ մերժում են։ Մենք 1-2 հոգու անուն իմացանք, որ մերժել են Սինանյանին, որովհետեւ ի՞նչ իմաստ ունի սփյուռքի մեջ այս կառավարության ներկայացուցիչը լինել։ Նախեւառաջ դեսպանները կան, նրանք պաշտոնական ներկայացուցիչներն են, պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ։ Հարգենք դեսպաններին, հարգենք դիվանագիտական համակարգը։ Այդ անձերից գոնե մեկ հոգու գիտեմ, ում առաջարկել են, սակայն վերջինս մերժել է, որովհետեւ այդ անձը գիտի, որ եթե ընդունի, կխայտառակվի եւ կվարկաբեկվի Ֆրանսիայի մեջ։
– Այսինքն՝ Փաշինյանի համակիրները խուսափո՞ւմ են բաց համագործակցության գնալ։
– Ինչու՝ որովհետեւ իրենք չեն կարող երկրորդել Արցախի հանձնումը, չեն կարող երկրորդել ցեղասպանության հարցով Նիկոլի քաղաքականությունը, զիջողական քաղաքականությունը, Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելը։ Դժվար է այսօր Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը լինել սփյուռքում, դժվար է։ Դեսպաններն ուրիշ հարց են, նրանք իրենց գործն են անում, դիվանագիտական կադրեր են, եւ նորմալ է, որ, անշուշտ, իրենց համակարգն է պետության։
– Եկել եք Ձեր զորակցությունը հայտնելու Բագրատ սրբազանին եւ շարժմա՞նը, ի՞նչ հնարավոր զարգացումներ եք ակնկալում։
– Մենք հանդիպեցինք Բագրատ սրբազանին։ Առաջին անգամն է, որ հանդիպում էի իրեն, շատ լրջորեն եւ մոտիկից հետեւել եմ նրա քայլերին, հարցազրույցներին ու ելույթներին, իր ոճին եւ նկատել եմ, որ իսկապես մեծ մարդ է, եւ ինքը կարող է Հայաստանի առաջիկա ղեկավարը դառնալ, եթե ուզի։ Իր ծրագրով, իր տեսլականով նա կարող է վերամիավորել հայ ազգը։ Երբ որ ասում է, որ պետք է համերաշխություն լինի, երբ ասում է, որ ռազմավարական միաբանություն լինի հայ ազգի մեջ, երբ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը պառակտեց հայ ժողովրդին՝ զատելով սեւերի ու սպիտակների, ժողովուրդի եւ էլիտայի, նախկինների եւ նորերի, ներսի եւ դրսի հայերի, Հայաստանի եւ Արցախի հայերի․․․ այդ բաժանումը տկարացնում է հայկական կողմին։ Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանն այս քաղաքականությունը տանում՝ տկարացնելո՞ւ համար հայկական կողմը։ Նաեւ ուզում եմ դատապարտել այդ քայլերը, որ արեց սփյուռքահայերի դեմ, որ արգելեց սփյուռքահայերին՝ մտնել Հայաստան։ Միայն իմ պարագան չէ, իմ հարցը լուծվեց դատարանով, որովհետեւ ես պայքար տարա եւ դատարանով բեկանել տվեցի այդ անարդար որոշումը։ Սակայն Ֆրանսիայում մեր ընկերը՝ Նժդեհ Կարակավորյան, ում արգելված է, Հոլանդիայում Մասիս Աբրահամյանը, Սյունե Աբրահամյանը, ովքեր եւս դատարանով շահել էին գործը, սակայն Նիկոլ Փաշինյանը բողոքարկեց այդ որոշումը։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում