Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամբողջությամբ մոնտաժված է, խոսքը կեսից կտրված․ դատարանը մերժել է կալանավորել երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն․ «Հրապարակ»

Մայիս 24,2024 10:22

Մեկ գիշեր անազատության մեջ անցկացրած Հրաչ Ղեւոնդյանն ազատ է արձակվել՝ դատարանը մերժել է կալանավորել երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն, որին Քննչական կոմիտեն մեղադրում է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։

Դատարանը եզրակացրել է, որ բացակայում է մեղադրանքի հիմնավոր կասկածը, այսինքն՝ Ղեւոնդյանն իրեն վերագրվող արարքը չի կատարել։

«Ստեղ մի հատ ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք՝ ոստիկանության շենքը գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 հոգի մարդ մեռնի, բայց, ընգեր, երկիր պահես»,- նման խոսակցության գաղտնալսում են իրականացրել իրավապահները, ապա հրապարակել ձայնագրությունը՝ պնդելով, որ այս խոսքերի հեղինակն ընդդիմադիր հայացքներ ունեցող Հրաչ Ղեւոնդյանն է, ով մտերիմ է Լեւոն Քոչարյանի հետ։

Քննչականի տարածած ձայնագրությունում տղամարդը դժգոհում է վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությունից ու որպես ելք տեսնում պետական կառույցների շենքեր գրավելը։ Սա իրավապահները որակել են իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ, որն իբրեւ թե կանխել են ու ծանր հոդված դրել՝ մտնելով դատարան։ Փաստաբաններն արդեն հերքել են մեղադրանքն ու շեշտել, որ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, հեռախոսահամարը՝ գոյություն չունեցող: Ի դեպ, քննչականի տարածած կադրերում Հրաչ Ղեւոնդյանի կողքին երեւում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը, եւ այդ կադրերն իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին, իբրեւ հանցանքի ապացույց: Զրուցել ենք Ղեւոնդյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւի հետ:

– Ի վերջո` ո՞ր կառույցն է նման ստորություն իրեն թույլ տվել՝ մոնտաժել, կեղծել ձայնագրությունը, կեղծ ապացույցի վրա մեղադրանք առաջադրել: Մինչ այս իշխանությունները «վհուկների որս» էին իրականացնում` ամեն արարքի ու խոսքի մեջ հանցանք փնտրելով, հիմա փաստացի հանցանք կատարողն իրավապահ համակարգն է:

– Երբ ասում ենք՝ ձայնագրությունը կեղծ է, դա ամենեւին չի նշանակում, որ ձայնը չի պատկանում Ղեւոնդյանին: Հենց երեկ էլ դատարանում ասացինք, որ դա օպերատիվ աշխատանքի սուբյեկտիվ ընկալում է: Օբյեկտիվ իրականության մեջ եղել են խոսակցություններ, առանձին մտքեր, բառեր՝ կտրվել են, կոնտեքստից դուրս են բերել, ու ստացել են լրիվ այլ բնույթի խոսակցություն: Ամբողջությամբ մոնտաժված է, խոսքը կեսից կտրված, սակայն անգամ եթե այդ տիրույթում ենք մնում, մենք կարող ենք ձայնագրության մեջ տեսնել միմիայն երկրի համար մտահոգ մարդու ցասում` ընդամենը, այլ ոչ թե իշխանազավթման փորձ: Դատարանն էլ, այս ամենը հաշվի առնելով, ոչ միայն կալանավորումը որպես խափանման միջոց մերժել է, այլեւ շեշտել է, որ բացակայում են հիմնավոր կասկածները:

– Բայց ձայնագրությունը համարվում է նախաքննական գաղտնիք, ինչպե՞ս է ստացվում, որ առաջին իսկ վայրկյանից այն հրապարակվում է:

– Բացառապես տեղեկատվական խնդիր են լուծում այս քրեական գործով: Ամսի 26-ին ընդառաջ իշխանություններն ուղղակի փորձում են ատամ ցույց տալ, որ կարող են նմանատիպ քայլեր անել, գործեր հարուցել` մարդկանց վախեցնելու համար:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031