Մայիսի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՄԱԿ Գլխավոր ասամբելայի նախագահը, Գլխավոր քարտուղարի տեղակալներ, ՄԱԿ անդամ երկրների բազմաթիվ դեսպաններ ու ներկայացուցիչներ։
Միջոցառման մեկնարկին ելույթ ունենալով ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանն անդրադարձավ Ազնավուրի հսկայական ժառանգությանը՝ երգարվեստին, հումանիտար գործունեությանը՝ շեշտելով, որ խորհրդանշական է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների սերը վայելող Ազնավուրի հարյուրամյակը տոնել ՄԱԿ-ում՝ կազմակերպություն, որը մարմնավորում է մեծ և փոքր պետությունների համաշխարհային հանրությունը։
Միջոցառմանը ներկայացվեց ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի՝ Ազնավուրի կյանքի և գործունեության դրվագները պատկերող եզակի լուսանկարների ցուցահանդեսը։
Կարդացեք նաև
Երեկոյի ընթացքում ՄԱԿ-ի աշխատակիցներից կազմված բազմազգ երգչախումբը (UN Singers) հանդես եկավ Ազնավուրի սիրված երգերի կատարումներով։
Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։
ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ