Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցակում երկրորդն ենք, 7-ից մեկը, միայն մեզ են դատարան կանչել». Դանիել Իոաննիսյան

Մայիս 24,2024 13:00

 «Մենք չենք զրպարտել, այլ բարեխղճորեն ներկայացրել ենք տեղեկություններ, եւ ներկայացրել ենք բոլոր այն ապացույցները, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած անաչառ ընթերցողին ստուգել, թե որքանով են մեր եզրակացությունները փաստահեն: Սա ճնշում է կազմակերպության նկատմամբ»,-մայիսի 21-ի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության քաղաքացիական գործի (դատավոր՝ Դանիել Մխեյան) դատաքննության ժամանակ հայտարարեց «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:


Դատարանն ավարտեց քննությունը եւ վճիռը կհրապարակի հունիսի 7-ին դատական տեղեկատվական համակարգում: Ամփոփենք կատարվածը:

2023 թ. օգոստոսի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայց էր ներկայացրել ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ՝ զրպարտչական համարելով «ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Երեւանի ընտրությունների համար» հրապարակումը, պահանջելով փոխհատուցել 1, 5 միլիոն դրամ:

«Քաղաքացիական պայմանագիրը» դատարան ներկայացրած իր հայցով պահանջել է հերքել հոդվածը՝ հետեւյալ տեքստով. «Հրապարակվել է լրատվական հոդված այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտագործում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երեւանի ընտրությունների համար ձայներ հավաքելու մեջ: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը, եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»:

ՔՊ կուսակցությունն արգելանքի միջնորդություն էր նաեւ ներկայացրել «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության գույքի վրա, դատարանն այն բավարարել էր, ապա վերացրել 1 միլիոն դրամի արգելանքը: Վերացման պատճառը լրագրողական, իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքն էր, կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որում ասվում էր. «Սեպտեմբերի 4-ին «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է որոշում՝ կազմակերպությանը պատկանող գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու մասին։ Սրա համար հիմք է հանդիսացել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացրած կատարողական թերթը, որն արտացոլում է այդ ատյանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով պատասխանողի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվորի միջնորդության բավարարման վերաբերյալ… Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն ընդդեմ լրատվամիջոցների հիմնադիրների հայց ներկայացնելիս նաեւ միջնորդում են, որ դատարանը պատասխանողի գույքի եւ/կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնի։ Նմանատիպ դեպքի առնչությամբ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ նաեւ մայիսի 12-ին՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի եւ լրագրող Դավիթ Սարգսյանի գործով։

ԶԼՄ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելն ինքնին լրացուցիչ ճնշում գործադրելու եւ խմբագրության հետ «հաշիվ մաքրելու» փորձ է, ինչն անթույլատրելի է եւ հակասում է միջազգային նորմերին ու պրակտիկային։ Բայց առավել անընդունելի է, երբ դատարանները բավարարում են լրատվամիջոցների գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու այդ միջնորդությունները։ Այդպիսի անհիմն որոշումները խաթարում են խմբագրությունների բնականոն գործունեությունը։ Մինչդեռ դատարանները պետք է դա թույլ չտան, ինչպես նաեւ հակազդեն հայցվորների՝ դատական մեխանիզմները որպես ԶԼՄ-ների նկատմամբ «պատժիչ գործիք» կիրառելու փորձերին»։

«Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը» նույնպես հայտարարություն տարածեց ԻՔՄ-ի դեմ իշխող ՔՊ կուսակցության ներկայացրած դատական հայցի եւ ՀԿ-ի հաշիվների սառեցման վերաբերյալ։ ԵՄ ԱլԳՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը համարում էր, որ նման քայլերով Հայաստանում նեղացվում է քաղաքացիական հասարակության տարածքը: Սա աննախադեպ քայլ է: Նույնիսկ 2017 թվականին, երբ 114 դպրոցներում ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին հոդվածին ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ հայցադիմումներ ներկայացվեցին, ՀԿ-ի դեմ հայցի ապահովման միջոց չկիրառվեց եւ ՀԿ-ի գործունեության համար խոչընդոտներ չստեղծվեցին:

Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանում Դ. Իոաննիսյանն ասաց, որ յոթ կազմակերպություններ են ըստ էության պատրաստել այդ հետաքննական հրապարակումը, սակայն իրենց կազմակերպությանն են դատի տվել, երբ. «ցուցակում երկրորդն ենք, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակից հետո», ապա հավելեց, որ նախքան դատարան ՔՊ կողմից հայց ներկայացնելը կազմակերպությանը հերքման պահանջ չի ներկայացվել:

Հիշեցնեմ, որ «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը» առաջարկել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ համաձայնել «Անկախ դիտորդի» անդամ այլ կազմակերպությունների («Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» եւ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի)՝ ՝որպես պատասխանողներ գրավվելու առաջարկությանը: Սակայն դատարանում պատասխանողը մեկն էր, քանի որ ըստ ՔՊ ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Հարությունյանի, նրանք են իրենց կայքում տպագրել հրապարումը, հետեւաբար, նրանք էլ պիտի ենթարկվեն պատասխանատվության:

7 կազմակերպությունների մեջ նշվեց նաեւ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որն իր զեկույցում անդրադարձել էր ՏԻՄ ընտրություններին, խախտումներին. «Միաժամանակ, ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները եւ անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքեր՝ հօգուտ իշխող կուսակցության։ Որպես օրինակ նշվում է մանկավարժների ու հանրային ծառայողների կազմակերպված մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին եւ տեղական բյուջեների աննախադեպ ծախսը տոնական միջոցառումների վրա, որոնց մասնակցել են իշխող կուսակցության թեկնածուները»:

Հայցվորը «Զրպարտչական արտահայտությունների» մեջ նշել էր հետեւյալը. «Ըստ էության նկարագրված արարքն իր բնույթով համապատասխանում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 40.8 հոդվածի երկրորդ մասին», «Վարչական ռեսուրսի չարաշահումն այն ընտրական զանցանքներից է, որ…», որն ըստ հայցվորի՝ արատավորող են, քանի որ կուսակցությանը վերագրվում է զանցանք՝ Երեւանի ավագանու ընտրություններում այլ համայնքների վարչական ռեսուրսների օգտագործման մասին:

Դատարանը ներկայացրեց գործում առկա ապացույցները, ռեգիստրում ՔՊ գրանցված լինելու մասին, հայցապահանջը, ներկայացուցիչների լիազորագրերը, ԻՔՄ տեղեկանքը իրենց հաշիվների վերաբերյալ, ՏՎԽ եզրակացությունը, առարկությունները…

Իրավապաշտպան միավորման ներկայացուցիչը, նաեւ համակարգող Դանիել Իոաննիսյանն իրենց դիրքորոշումը արտահայտեցին «Փաստերի ստուգման հարթակում» հրապարակված ձայնագրության վերաբերյալ, որը հայցի հիմք էր դարձել: Այդտեղ խոսվում է, որ Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետը գյուղերի վարչական ղեկավարների հետ միասին ցուցակագրում էին մարզերում բնակվող, բայց Երեւանում հաշվառված՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձայն տվող ընտրողներին։ ՔՊ-ն հերքել էր այն եւ պատճառաբանել, թե Սպիտակի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները կուսակցականներ են եւ կարող են զբաղվել քաղաքականությամբ:

Պատասխանող կողմը դատարան էր ներկայացրել Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքը, համաձայն որի՝ «Խնդրո առարկա նյութը հրապարակող «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ-ն չի խախտել ՔՊ կուսակցության իրավունքները, եւ չի կարող ենթարկվել պատասխանատվության»:

ՏՎԽ-ն հորդորել էր ՔՊ կուսակցությանը հետ վերցնել իրավապաշտպան կազմակերպության դեմ ներկայացրած հայցադիմումը: Պատասխանող կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայցվոր կողմն անմիջապես դիմել է դատարան՝ առանց օգտվելու արտադատական կարգով հերքում պահանջելու իրավունքից, ինչը, ըստ պատասխանողի, քաղաքական թիրախավորված հետապնդում է։

Պատասխանող կողմը հղումներ էր կատարում նաեւ ՍԴ որոշմանը, համաձայն որի՝ «Մամուլի ներկայացուցիչների՝ պատասխանողի դերում հանդես գալու հանգամանքը չի կարող դիտվել որպես գործոն՝ առավել խիստ պատասխանատվություն սահմանելու համար»:

Նշեմ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2011թ. նոյեմբերի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, նաեւ գտել էր. «Զրպարտության վերաբերյալ գործերով պատասխանողը կրում է միայն իր հրապարակած փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունը:

Չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը. այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները հասարակությանը տեղեկացնելու համար եւ նպաստել հասարակության համար կարեւոր հարցերի շուրջ քննարկումներին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Երեկվա դրությամբ ՔՊ-ն անավարտ դատական գործընթացների մեջ է 168.am, 24 նյուզի, news.am, «Հայելի» ակումբի դեմ` «Զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին»: Ուշագրավ է, որ դրանք դատարաններ էին ուղարկվել 2023թ. ապրիլի 25-ին:

«Առավոտ» օրաթերթ
23.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031