Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մրցույթում դարձյալ լավագույնը ճանաչված բալետի արտիստի միակ երազանքը

Մայիս 24,2024 12:30

Վերջերս Պերմում 18-րդ անգամ անցկացված Եկատերինա Մաքսիմովայի անվան Arabesgue ռուսական բալետի մրցույթին, որին մասնակցել են ավելի քան 200 արտիստներ եւ պարուսույցներ 14 երկրից, Երեւանի օպերայի եւ բալետի  ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը ճանաչվեց լավագույնը՝ արժանանալով առաջին մրցանակի։ Միջազգային ժյուրին գլխավորում էր բալետի ճանաչված արտիստ Վլադիմիր Վասիլեւը։

Ռազմիկ Մարուքյանին, վստահաբար, առանձնակի ներկայացնելու կարիք չկա. նա 2017 թվականից մինչ օրս մենապարերով հանդես է եկել խաղացանկային բոլոր ներկայացումներում։ Առաջին դերապարից՝ Զվեզդիչ (Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»), մինչ առայժմ վերջինը՝ Սպարտակ (Արամ Խաչատրյան՝ «Սպարտակ»), եւ մյուս դերապարերում նույնպես, որոնք բացառապես տարբեր են հոգեվիճակներով, արտիստը կարողացել է եւ տեխնիկապես, եւ դերասանական խաղով հանդիսատեսին փոխանցել ամբողջական կերպարները բարձրարվեստ մատուցմամբ։ Առաջին անգամը չէ, որ ներկայացնում ենք արտիստին։ Ի դեպ, Պերմում կայացած մրցույթը թվով չորրորդն էր։ Հիշեցնենք միայն, որ նախորդ երեք մրցույթներում էլ արվեստագետը փայլել է իր կատարողական վարպետությամբ՝ հայտնվելով միայն առաջին հորիզոնականներում։

Ռազմիկ Մարուքյանի հետ զրույցի սկզբում կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե որոշել է մասնակցել բոլոր հեղինակավոր մրցույթներին, մեր զրուցակիցն ասաց, որ այդ միջոցառումները մի տեսակ հենասյուն են, պարողի համար բացում են նոր հնարավորություններ, որոնց արդյունքում արտիստը ձեռք է բերում նոր շրջապատ, ծանոթություններ, գործնական կապեր, իմպրեսարիոներ եւ այլն։ Հետաքրքրությանը՝ իսկ ինչո՞ւ ինքը չունի «անձնական» մենեջեր, գուցե շատերի նման չի՞ վստահում նրանց՝ թեկուզ ֆինանսական հարցերում, արտիստի պատասխանը հակիրճ էր. «Ինքս ինձ եմ վստահում ընդհանրապես, այդ թվում՝ ֆինանսական հարցերում»։ Հավելեց նաեւ, թե աշխատում է պայմանագրային հիմունքներով եւ փորձում է այնպես անել, որ հյուրախաղերը չխանգարեն թատրոնում իր աշխատանքին։ Մենք էլ նշենք, որ բալետի արտիստի առաջին հյուրախաղը 2021-ին էր, Անգլիայում, Չայկովսկու «Կարապի լիճ» ներկայացումով, որին հաջորդել են բեմելներ Ռուսաստանի ու Եվրոպայի տարբեր քաղաքների հեղինակավոր թատրոններում, Չինաստանում։

Դիտարկմանը՝ փաստորեն տարբեր կերպարներ է մարմնավորում նույնիսկ այնպիսի ներկայացումներում, որոնք մեր թատրոնում դեռեւս չեն բեմադրվել, մեր զրուցակիցը օրինակ բերեց «Կարապի լիճը», որ 2021-ին Երեւանի թատրոնում չէր բեմադրվել։ Հավաստիացրեց, որ չի բավարարվում միայն խաղացանկային ներկայացումներում իր մասնակցությամբ եւ շատ կուզենար, որ կերտեր Սոլորի կերպարը Մինկուսի «Բայադերկա»-ում, եւ ոչ միայն դա։

Զրույցի ընթացքում, ինչպես եւ տարիներ շարունակ իր գործընկերների հետ հանդիպումներում շոշափել ենք, դարձյալ անդրադարձ եղավ մեր երկրում պարողների, բալետի արտիստների՝ ընդհանուր հիմունքներով կենսաթոշակի անցնելու հարցին։ Արտիստի կարծիքը հետեւյալն է. «Թատրոնում ամեն ինչ հիանալի է, միակ բանը, որ պետք է պահանջել պետությունից, կառավարությունից, դա բալետի արտիստի արժանապատիվ կյանքի ապահովումն է մեծ բեմից հեռանալուց հետո»։

Պարզեցինք, որ ստեղծագործական, բեմական բուռն կյանքով ապրող արտիստը ընդամենը մեկ երազանք ունի. Երեւանում ունենալ բալետային թատրոն։ Ինչ վերաբերում է այս երազանքին, փաստենք, որ Երեւանում 1997թ. հիմնվել էր խորեոգրաֆիայի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել անվանի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանը՝ հայկական ազգային, դասական պարարվեստի ավանդույթները պահպանելու, ժամանակակից պարարվեստը մեր երկիր ներմուծելու եւ զարգացնելու նպատակով, նաեւ հանդիսանալ միջնաբեմ Երեւանի պարարվեստի քոլեջի սաների համար՝ դեպի Երեւանի օպերայի եւ բալետի թատրոն։ Այդ թատրոնում առաջին տարիներին բեմադրվեցին նույնիսկ մոնումենտալ այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Սբ. Հռիփսիմե եւ Տրդատ», «Նարեկացի. Ձայն առ Աստված», «Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտ», որին հաջորդեցին մանկական ներկայացումներ՝ «Մոխրոտը», «Կարմիր գլխարկ», «Բարդի», «Մաուգլի» եւ այլն։ Իսկ «Չիպոլինո», «Ճպուռն ու մրջյունը», «Այսիդորա Դունկան», «Չարի վերջը», «Հեքիաթ չար կուզիկի եւ մանուկի մասին» ներկայացումներով թատրոնը հանդես եկավ նաեւ մարզերում եւ Կանադայում, Վրաստանում, Ուկրաինայում, ՌԴ-ում։

Իսկ թե ինչու ենք խորեոգրաֆիայի պետական թատրոնի մասին խոսում անցյալ ժամանակով, ինչպես ասում են՝ դա «ուրիշ օպերայից է», որին կանդրադառնանք առաջիկայում։

Վերադառնալով Ռազմիկ Մարուքյանի երազանքին, այս պահին ասենք միայն, որ խորեոգրաֆիայի պետական թատրոն ունենք, բայց կարծես «անունը կա, ամանում չկա»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031