Սկիզբը՝ մայիսի 16-ի եւ 21-ի համարներում
Ամերիկայի Միացյալ Նահանգների հզորացումը
Այժմ վերադառնանք մեր ժամանակներին: Երկու հարյուր տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում ստեղծվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետությունը, որը առաջին համաշխարհային պատերազմի ավարտին սկսեց հզորանալ եւ հայտ ներկայացրեց համաշխարհային մասշտաբով դերակատարություն ստանձնելու: Շուրջ հարյուր տարվա ընթացքում դարձավ աշխարհի թիվ մեկ դերակատարը: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին հաղթող պետությունները գումարեցին Փարիզյան Վեհաժողովը, որին, հաղթող պետությունների շարքում մասնակցում էր նաեւ իր անկախությունը վերականգնած Հայաստանը: Վեհաժողովի անունից հանձնարարական տրվեց ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնին սահմանագծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը, որը եւ փայլուն իրականացրեց: Այն հայտնի է Վիլսոնի իրավարար վճիռ անվանումով, որը պետք է կենսագործվեր անմիջապես եւ առանց քննարկման: Այդպիսին էր Վեհաժողովի որոշումը, որի հետ համաձայնվել եւ ստորագրել էր պարտված Թուրքիան: Վ. Վիլսոնը 1920 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարեց իր վճռի մասին, որով Հայաստանին էր վերադարձվում իր պատմական հայրենիքի՝ իր Տիտղոսի՝ Ազգագրի զգալի մասը՝ շուրջ 160-170 հազար քառակուսի կմ, ելքով դեպի Սեւ ծով՝ Տրապիզոն նավահանգստով: Սակայն հանգամանքների բերումով, ըստ էության, Հայաստանի համար ժամանակը դեռ իր լրումին չէր հասել, Հայաստանը չկարողացավ դիմակայել ռուս-թուրքական ագրեսիային եւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կորցրեց իր անկախությունը՝ պետականությունը եւ կրկին ընկավ Ռուսաստանի տիրապետության տակ: Դրանով ժամանակավորապես չիրականացավ Վ. Վիլսոնի իրավարար վճռի կենսագործումը: Հայ ժողովուրդը իր անկախությունը 1990 թվականին վերականգնելուց հետո, ցավոք սրտի, ցայսմ, Հայաստանը չունեցավ այնպիսի կառավարություն, որ կամք դրսեւորեր եւ ձեռնամուխ լիներ մեր Տիտղոսին՝ Ազգագրին տեր կանգնելու իրավունքի կենսագործմանը:
ԱՄՆ –Հայաստան
Կարդացեք նաև
Պատահական չէ ԱՄՆ հզորացումն ու աշխարհի թիվ մեկ պետություն դառնալն ու ԱՄՆ-ում հայկական հզոր գաղութի առաջացումն ու էլ ավելի հզոր հայկական լոբբիի առկայությունն ու գործունեությունը:
Ինչպես 2500 տարի առաջ Հայաստանը զորեղացավ, որպեսզի ջախջախվի Բաբելոնը՝ այն ժամանակվա չարիքի կենտրոնը, այնպես էլ այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է հզորացել, որպեսզի ջախջախվի վերջին ժամանակների չարիքի կենտրոններ՝ Ռուսաստանը եւ Թուրքիան:
Այն ժամանակ Հայաստանն էր վերացնում չարը, այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Այն ժամանակ Հայաստանն էր միավորում չարի դեմ պայքարը, ներկայումս դա կատարում է Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Հայաստանը այս հարյուրամյակում
Հայաստանն առաջիկա տարիներին կվերափոխվի ամբողջապես՝ հոգեւոր արժեքները կգերակայեն մնացյալին, կվերականգնվի քրիստոնեության պետական կրոնի կարգավիճակը եւ հայոց լեզվի մեսրոպյան ուղղագրությունը, դպրոցի հիմնական խնդիրը կլինի քրիստոնեական արժեհամակարգով եւ հայ մշակույթի ու պատմության խորը իմացությամբ հայի կերտումը, կհաստատվի գրաբարի պարտադիր ուսուցումը դպրոցներում, կհիմնավորվի սոցիալական շուկայական տնտեսական կարգ (կընդունվի տնտեսության զարգացման հայկական մոդելը. ՄԳ), պետությունը կվերափոխվի ռազմականացված, ժողովրդավարական պետության, սփյուռքը անմիջականորեն կմասնակցի պետության կառավարմանը խորհրդարանի վերին պալատի միջոցով, զինված ուժերը կվերակառուցվեն հարձակողական նշանակության, նրա թվաքանակը կանցնի 120 հազարը, բանակը կդառնա համահայկական, Հայաստանը կդառնա Արեւմտյան մի քանի պետությունների ռազմավարական գործընկեր, Եվրամիության անդամ: Հայաստանը իր փաստացի իշխանությունը կհաստատի իր ազգագրային (տիտղոսային) տարածքների վրա: Հայաստանի բնակչության թիվը կհասնի շուրջ 40 միլիոնի՝ հայերի ինքնության բացահայտման եւ հայահավաքի հետեւանքով:
Եթե կարճ բնութագրենք ապագա Հայաստանը, ապա այն կլինի այսպիսին. -քրիստոնեական արժեքներով առաջնորդվող,
-ժողովրդավարական,
-ռազմականացված,
-տնտեսությունում արդյունաբերության գերակշիռ մասով,
-գիտական բարձր մակարդակով,
-անվճար կրթական համակարգով՝ բոլոր մակարդակներում,
-միջին կենսամակարդակից ցածր ապրուստի միջոց ունեցողների համար անվճար բժշկություն եւ բոլորի համար պարտադիր եւ անվճար ախտորոշման համակարգով առողջապահություն ունեցող պետություն:
Տնտեսության զարգացման հայկական մոդելը
Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի նպատակն է. հոգեւոր՝ քրիստոնեական արժեքների համընդհանուր վերահաստատմանը համահունչ ընդունել այնպիսի տնտեսական կարգ եւ ստեղծել այնպիսի տնտեսություն, որը կապահովի քրիստոնեական արժեքներով արդար հասարակարգի հաստատումը, ժողովրդի զբաղվածությունն ու բարեկեցությունը, Հայաստանի անվտանգությունը եւ կենսունակ պետության գոյությունն ու հարատեւությունը:
Հայաստանում տնտեսական կարգը ընդունվում է ելնելով հայ ժողովրդի հոգեւոր- քրիստոնեական արժեհամակարգից եւ հաստատվում է. սոցիալական շուկայական տնտեսական կարգ-արդար հասարակարգ՝ յուրաքանչյուրին ըստ աշխատանքի եւ գիտելիքների:
Հասարակական բարիքի բաշխումը՝ ըստ ստեղծած արդյունքի:
Հարկերի վճարումը՝ ըստ ստացած եկամտի: Բնակչության նվազագույնը 70 տոկոսը պետք է կազմի միջին խավը, գերհարուստներ չպետք է լինեն, աղքատներ չպետք է լինեն:
Պետությունը, հանձինս կառավարության, հանդիսանում է տնտեսության ակտիվ մասնակիցը՝ կարգավորիչը, ուղղորդիչը եւ քարշակը: Սեփականության ձեւերը՝ պետական, մասնավոր եւ խառը:
Տնտեսության հիմնական ճյուղերն են. արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը: Արդյունաբերությունը. գիտաարտադրական (արդյունաբերության համաչափ զարգացում ըստ տարածաշրջանների): Գյուղատնտեսությունը. ոչ մի թիզ անմշակ հող, գերակշռող պետք է դառնան կոոպերատիվ տնտեսությունները:
Սոցիալական քաղաքականությունը. ամեն ինչ մարդու համար:
Աշխատանքով ապահովվածությունը. հասնել 100 տոկոս զբաղվածության (գործազրկության դեպքում պետությունն ապահովում է նվազագույն կենսամակարդակը): Հայաստանում աղքատներ չպետք է լինեն (կենսամակարդակով եւ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով տասը տարում մտնել աշխարհի առաջին տասնյակ երկրների մեջ):
Կրթությունը. սահմանվում է անվճար կրթություն բոլոր մակարդակներում՝ նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական եւ բարձրագույն:
Առողջապահությունը. սահմանվում է բնակչության բժշկական ախտորոշման պարտադիր եւ անվճար համակարգ: Բուժումը. սահմանվում է անվճար բուժում նվազագույն կենսամակարդակ ունեցող ընտանիքների համար:
Հայաստանի ապագան
Հայ ժողովրդի համար ժամանակն արդեն իր լրումին է մոտենում, եւ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի կառավարության կամքից անկախ (եթե մնա այս ապազգային իշխանությունը), բայց ի կամս հայ ժողովրդի, Աստծո ողորմածությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Փարիզյան Վեհաժողովի մասնակից՝ Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի եւ մյուս պետությունների հետ միասին ձեռնամուխ կլինեն Վիլսոնի իրավարար վճռի իրականացման գործընթացին:
Այդ ժամանակ հայ ժողովուրդը կունենա իրեն արժանի ազգային շահերով առաջնորդվող կառավարություն (պարզ է, թե ինչու, որովհետեւ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ կքշի ցանկացած ապազգային իշխանություն): Եվ համայն հայությունը կլծվի իրեն արժանի պետության կառուցմանը: Աշխարհի բոլոր ծագերից հայ ժողովրդի արժանավոր զավակները կշտապեն Հայաստան իրենց ներդրումը կատարելու սեփական պետության կառուցման, կայացման եւ կենսունակ պետության կերտման գործում:
Ահա այն զուգահեռները՝ անցյալի եւ ներկայի, որոնք անցկացրի, որպեսզի ըմբռնելի լինի մեզ սպասվելիք ապագան: Այս ամենը կատարվում է Աստծո կամոք, ինչպես ամեն ինչ աշխարհի չորս ծագերում:
Աստված պահպանի Հայաստանը եւ Նրա Աջի հովանին անպակաս լինի մեր ազգից:
Մեխակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
02.02.2022թ.
«Առավոտ» օրաթերթ
23.05.2024