Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք տասնամյակների ընթացքում Արգենտինան եւ Հայաստանը զարգացրել են ամուր եւ արդյունավետ հարաբերություններ. ՀՀ-ում Արգենտինայի դեսպան

Մայիս 23,2024 22:22

Երևանում նշվեց Արգենտինայի Հանրապետության ազգային տոնը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, մշակութային գործիչներ: Միջոցառման ընթացքում Հայ-արգենտինյան դպրոցի սաները կատարեցին Արգենտինայի եւ Հայաստանի օրհներգերը, իսկ բուն երեկոյի ընթացքում Լիբերտա քառյակը հնչեցրեց արգենտինական տանգոյի երաժշտություն:

Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը ողջույնի խոսքում նշեց, որ Արգենտինայի եւ Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները ջերմ եւ բարեկամական են, իսկ Լատինական Ամերիկայում Արգենտինայի հայ համայնքը ամենամեծն է: Այդ երկրում ապրում է շուրջ 120 հազար հայ։ Դեսպանի խոսքով, հայ գաղթականների առաջին ալիքը Արգենտինա է ժամանել դեռ 1892 թվականին։

Դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի խոսքով, երեք տասնամյակների ընթացքում Արգենտինան եւ Հայաստանը զարգացրել են ամուր եւ արդյունավետ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ համագործակցության և հարգանքի վրա, երկու երկրները ստորագրել են բազմաթիվ համաձայնագրեր մի շարք ոլորտներում: Նա առանձնացրեց մասնավորապես ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության եւ վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագրերը:

Դեսպանն անդրադարձավ նաեւ վերջին իրադարձություններին. «Արգենտինան ականատես է եղել վերջին ցավալի իրադարձություններին, այդ պատճառով ուզում եմ փոխանցել Արգենտինայի ժողովրդի եւ կառավարության կարեկցանքը բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները անցյալ տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետեւանքով։ Այդ նպատակով, Արգենտինայի Հանրապետությունը 2023թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացրել է «Սպիտակ սաղավարտների» առաքելությունը, որը հումանիտար ճգնաժամի զոհերի համար նախատեսված 15 տոննա մարդասիրական օգնություն էր»:

Դիվանագետը նաեւ հավելեց, որ Արգենտինայի Հանրապետության կառավարությունը ողջունում է Ալմա-Աթիի հռչակագրով սահմանների սահմանազատման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունը, եւ գտնում է, որ այն ոչ միայն հիմնարար քայլ է Կովկասում խաղաղության հաստատման համար, այլեւ կարևորում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031