Կիրանցում կրկին լարված իրավիճակ է: Մարդիկ, ում տները սահմանազատման-սահմանագծման արդյունքում հայտնվելու է Ադրբեջանի տարածքում, մեկ ամիս ժամանակ ունեին տեղափոխելու իրենց գույքը եւ ազատելու տները:
Բայց լրագրող Անի Գեւորգյանին տեղացիները պատմել են, որ այսօր իրենց ասվել է՝ մեկ օր ժամանակ ունեն տներն ազատելու եւ հեռանալու:
Կիրանցում կրկին լարված իրավիճակ է, ոստիկանական զորքեր են կուտակված: Կիրանցում է նաեւ ոստիկանության մարզային վարչության պետը: Քիչ առաջ էլ բնակիչներից մեկն, որն այդ հատվածում նաեւ խանութ ունի, սպառնում էր այրել իր տունն ու գույքը: Որոշ բաներ նա հասցրեց այրել՝ մինչ ոստիկաններն ու հրշեջները կժամանեին: Խանութի տերերը հրաժարվում են իրենց ունեցվածքը՝ փոխհատուցման դիմաց, փոխանցել ադրբեջանցիներին:
Կարդացեք նաև
«Ես ինչ կուզեմ՝ իմ գույքը կանեմ. ո՞վ ինչ կարա ասի ինձ: Կուզեմ՝ կվառեմ: Լավ եմ անում: Չեմ ուզում թուրքին մնա: Ընտանիքս վերցնում եմ՝ տունս վառեմ՝ դուրս գամ. ես թույլ չեմ տալու հորս-մորս քրտինքը թուրքը վայելի: Ամեն ինչի վրա քրտնել ենք, կոպեկ-կոպեկ հավաքել, որ ես չկարողացա վայելեմ՝ թուրքին չեմ թողնի: Մարդիկ լյուքս հյուրանոցներ ունեն, 55 տարեկան մարդ եմ, իմ ունեցածը դոմիկն ա»,- բարկացած ասում էր նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Գրի առավ՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ