Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Անկախությունից հետո Հայաստանում ձեւավորված կապիտալը կամ բիզնեսմեն կոչված սուբյեկտները չունեն հայրենիք եւ սրբություն»

Մայիս 23,2024 19:01

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի»  ակումբում խոսելով ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած սպառնալի խոսքերի մասին’ արձանագրեց, որ ինքը բազմիցս առիթ ունեցել է ասելու, որ  անկախությունից հետո Հայաստանում ձեւավորված կապիտալը կամ բիզնեսմեն կոչված սուբյեկտները չունեն հայրենիք եւ սրբություն։

«Նրանց համար ամենակարեւորը, սրբությունը փողն է եւ իրենց կապիտալը։ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում հրապարակավ հայտարարում է, որ ինքը եղել է բունկերում, հանդիպել է Սամվել Բաբայանի հետ։ Նա ավելի հեռուն գնաց’ ընդդիմությանը սպառնալով, որ հանգիստ, խելոք չպահելու դեպքում քրեական հետապնդման կենթարկեն, կսպանեն կամ կունեզրկեն։

Ունեզրկել ձեւակերպումը Սուքիասյան տեսակների համար առաջնային խնդիր ունի։ Այս սպառնալիքը իրական դաշտում կոնկրետ բռնության կոչ է իրենից ներկայացնում։

Առաջին դեպքում բունկերում լինելը ինքնախոստովանական ցուցմունք է, երկրորդ դեպքում` կոնկրետ բռնության կոչ, կոնկրետ անձանց, կոնկրետ անձանց խմբի նկատմամբ։ Եվ գլխավոր դատախազ կոչված աղջնակը, որը չգիտես ինչու ավելի շատ  տեսական մեկնաբանություններ է անում արարքների վերաբերյալ, դրանք ձեւակերպելով միջանձնային հարաբերություններ, այդ արարքին պետք է իրական գնահատական տա։

Կապիտալ ունեցող անձանցից մեկին ժամանակին հարց էին տվել, թե ինչպես է վաստակել իր միլիոնները, որին նա շատ կոնկրետ եւ հստակ պատասխանել էր, որ առաջին միլիոնի մասին չհարցնեն, իսկ մնացածը կհիմնավորի, թե ինչպես է վաստակել։

Առաջին միլիոնի մասին Խաչատուր Սուքիասյանը թող հիշի 90-ական թվականները, թե երբ սկսեց հարստանալ, ում ուժերով եւ ում տանիքի ներքո։ Այդ վաստակած միլիոնները պատահական ժառանգություն չեն։ Եվ հիմա վախից ելնելով է նա նման մտքեր ասում։

Նա նաեւ պետք է հիշի. թե այս 30 տարիների ընթացքում ինչպես էր կարողանում տեղավորվել նախկին նախագահների ժամանակաշրջանում։ Նրա բիզնեսը երբեւէ կորուստ չունեցավ։ Նա նորից հարստացավ։ Եվ հիմա նա շարունակում է ավելիի ձգտել. իր բառապաշարով` հարեւանների, մեր բառապաշարով` մեր թշնամիների հետ բիզնես անել»,- ասաց արդարադատության գեներալ- մայորը։

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031