Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հանդիպում էր ՏՏ ոլորտի մասնագետների հետ: Մասնագետներից մեկը հարցրեց՝ դուք գիտե՞ք որտեղ է վերջակետը զիջումների. «Ուզում եմ հասկանալ՝ որտեղ է դրվելու այդ վերջակետը: Արդյոք կա՞ հակառակորդի եւ մեր ներկա իշխանությունների կողմից դրված վերջակետը՝ որտեղ ենք մենք կանգնելու զիջումների մասով, որովհետեւ կարող է մարդիկ կան՝ Հանրապետության հրապարակի մինչեւ ժամի կողքն են տեսնում»:
Բագրատ սրբազանը պատասխանեց. «Այդ հարցը մենք էլ ենք տալիս եւ պատասխանը չունենք: Երբ մեր տարածքները զիջվում են միակողմանի, հետեւյալ բանաձեւումն է տվել մարդը՝ ասելով, որ մենք 2,5 գյուղ տվեցինք, փոխարենը ստացանք ռիսկերի նվազեցում: Ոչ թե վերացում: Ես յուրաքանչյուր գյուղ 5 մատիս պես գիտեմ, խրամատները գնացել եմ, տեսել եմ, այդ գյուղերը անընդհատ կրակոցների տակ են եղել: Եթե ժամանակին 20 փամփուշտ էին կրակում, հիմա 8 են կրակելո՞ւ, ռիսկերի նվազեցումը դա՞ է: Դրա շարունակությունը ի՞նչ է լինելու: Մենք բացարձակ ոչինչ չգիտենք երկուստեք ինչ են խոսում, ինչ են պայմանավորվում, մենք գիտենք, որ թշնամին ասում է՝ ինչ ասենք, դա էլ կլինի, մենք ենք թելադրողը: Սա է պատճառը, որ ենք ասում ենք՝ դադար, ստոպ, կանգնե՛ք: Հաջորդը չգիտենք ինչ է լինելու, կարող է անկլավների հարցն է բարձրանալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ