Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում այսօր տեղի է ունեցել ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը։
Այս տարի գիտության տարբեր ոլորտներում ուսումնասիրություն իրականացնելու համար դրամաշնորհների ընդհանուր թիվը 17 է, իսկ ոլորտները՝ կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, կենսաքիմիա, ֆիզիկա, քիմիա, պատմություն, հնագիտություն, նյութագիտություն և այլն։
2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) հետազոտական խորհուրդն այս տարի ներկայացված 145 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 17-ը։ Հաղթող գիտական խմբերի ղեկավարներից 7-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 13-ը՝ կանայք: Գիտական խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 55 է։
Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 7,500 դոլարին համարժեք դրամ:
Կարդացեք նաև
«Պիտի անկեղծ խոտովանեմ, որ ՀՕՖ-ի Հայաստանի գրասենյակում ամեն տարվա այսօրն առանձնակի ուրախություն է տիրում։ Հավանաբար գիտեք, որ մենք շատ տարբեր բնագավառներում ենք համապարփակ ծրագրեր իրականացնում, բայց շատ լավ գիտակցում ենք, որ մեր երկրի զարգացման կարևորագույն գործոնը գիտության առաջընթացն է։ Այսօր մեծ հպարտությամբ պիտի ասեմ, որ ՀՕՖ-ը այս ծրագրով արդեն 24 տարի լուրջ ներդրումներ է կատարում գիտության զարգացման գործում։ Գուցե թվա՝ դրամաշնորհի գումարը համեստ է լուրջ գիտահետազոտական աշխատանք իրականացնելու համար, սակայն 2000-ին մեկնարկած այս ծրագրի շնորհիվ է, որ ինչ-որ չափով կոտրվեց հայաստանցի գիտնականների մասշտաբային արտահոսքն օտար երկրներ։ Միևնույն ժամանակ ANSEF-ը բազմաթիվ գիտնականների՝ հատկապես սկսնակների համար, կարևոր սկզբնակետ է հետագայում միջազգային գիտական կառույցներից դրամաշնորհներ ստանալու կամ իրենց գիտահետազոտական աշխատանքներն ընդլայնելու ու գիտության ոլորտում նոր բացահայտումներ իրականացնելու գործում», – ողջույնի խոսքում ասել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։
Ի լրումն ԳԿՀԱՀ–ի տրամադրած դրամաշնորհների՝ այս տարի 4 գիտական խմբեր արժանացել են հատուկ՝ Երամյան ընտանիքի կողմից սահմանված, պրոֆեսոր Արամ Չոբանյանի, պրոֆեսոր Ներսես Կրիկորյանի, Անահիտ Կազանջան Լոնգոբարդոյի անվան մրցանակների՝ կենսատեխնոլոգիայի, կենսաբանության, ֆիզիկայի և մեխանիկական ինժեներիայի ոլորտներում ուսումնասիրություն իրականացնելու համար։
Պրոֆեսոր Արամ Չոբանյանի անվան հատուկ մրցանակակիր Աննա Կարապետյանն անկեղծորեն շեշտել է, որ երկար տարիներ դիմել է ծրագրին, հաղթանակի հաճույքը վայելել ընդամենը 2 անգամ։ «ANSEF-ը միջազգային է և վստահելի աղբյուր է։ Շատ եմ դիմել, մոտ 10-12 անգամ, բայց երկրորդ անգամն է, որ շահում ենք․ նշանակում է ուղղությունը ճիշտ էինք վերցրել։ Հոգու խորքում սպասում էի, որ կշահենք, ու շատ ուրախացանք», – ասել է 4 հոգանոց գիտական խմբի երիտասարդ գիտնականը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում ուսումնասիրելու են արյունատար համակարգի վրա Covid-19-ի երկարաժամկետ ազդեցությունը հայկական պոպուլյացիայում։
ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2024-ին 4 դրամաշնորհ են ստացել կենսաքիմիայի ոլորտը հետազոտելու հայտերը, 3-ը՝ կենսատեխնոլոգիայի, 3-ը՝ կենսաբանության, 3-ը՝ ֆիզիկայի և մեկական՝ քիմիայի, նյութագիտության, պատմության ու բանասիրության ոլորտներն ուսումնասիրելու հայտերը։
Անցած 24 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 3437 դիմում–առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 606 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2225 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 3,072,500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ