Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի փոքրիկ երգիչների» համերգային շրջագայությունը Գերմանիայում

Մայիս 23,2024 18:02

Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Գերմանիայում ունեցած համերգային շրջագայությունից։
Մայիսի 3-17-ը՝ կես ամսից ավելի, Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հայ երգի դեսպաններն իրենց կատարումներով զարդարում էին գերմանական 4 տարբեր քաղաքների պատկառելի հարթակները, հայ արվեստով լցնում տեղի տաճարներն ու մարդկանց սրտերը։

Շրջագայությունը սկսվեց Համբուրգ քաղաքից: Երգչախմբի առաջին համերգը կայացավ սուրբ Գերտրուդի տաճարում՝ տեղի հայտնի Համբուրգի աղջիկների երգչախմբի հետ համատեղ։ Միացյալ համերգն ավարտվեց արդեն ավանդույթ դարձած Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգի համատեղ կատարմամբ՝ ստեղծագործություն, որ մեր երգչախմբի հետ օտարերկրյա խմբերի ունեցած նման հանդիպում-համերգների շնորհիվ արդեն լայն տարածում է ստացել և մեծ սեր է վայելում աշխարհի տարբեր երաժշտական շրջանակներում։

Մայիսի 5-ի առավոտյան երգչախումբն իր երգեցիկ ձայնը միացրեց ս. Հակոբի եկեղեցում մատուցվող սուրբ Պատարագի արարողությանը՝ կիրակնօրյա հանդիսությանը միահյուսելով միջնադարյան հայ շարականների, Կոմիտասի, Եկմալյանի, հայ ժամանակակից կոմպոզիտորների հոգևոր գանձերի հնչյունները։
Նույն օրվա երեկոյան երգչախումբը մեկ այլ եկեղեցում՝ Համբուրգի Յուբիլատե հոգևոր կենտրոնում մենահամերգ ուներ, որը ևս մեծ ոգևորությամբ ընդունվեց ունկնդրի կողմից։ Երեխաների ելույթից խանդավառված՝ հանդիսատեսի թվում գտնվող մի տեղական երգչախումբ մինչև անգամ հանպատրաստից երգ ձոնեց հայ մանուկներին։ Դե, վերջիններս էլ, պարտք չմնալով, գերմաներեն լեզվով հայտնի Բրամսի օրորոցայինը նվիրեցին ներկաներին, ովքեր երգը լսեցին արցունքն աչքերին։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հաջորդ հանգրվանը Հանովերն էր, որտեղ խումբը մայիսի 8-13-ը մասնակցելու էր Հանովերի մանկական և պատանեկան երգչախմբերի միջազգային փառատոնին։

Մայիսի 8-ին տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացմանը Հանովերի Կոնգրեսների 3000 տեղանոց պալատում։ Այստեղ հավաքված, գրեթե երկու տասնյակի հասնող, ամենատարբեր ազգերի երգչախմբերը նախ ներկայացան յուրաքանչյուրն իր այցեքարտ-կատարմամբ, ապա երգեցին բոլորը միասին, ինչն իսկապես տպավորիչ էր և շատ հզոր։ Այնուհետև հաջորդեցին փառատոնային եռուն օրերը, որ հարուստ էին այս նույն բազմազգ խմբերի հանդիպումներով՝ լինի առավոտյան երգաստեղծական հետաքրքիր վարժանքների տեսքով, թե երեկոյան ուրախ ու հիշվող խնջույքների, միացյալ և առանձին ելույթներով։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը փառատոնի շրջանակներում ունեցավ ևս երեք մենահամերգ, մեկը Քրիստուսկիրխեի նորակառույց հարթակում, մյուսը Հանովերի լավագույն դահլիճներից մեկում՝ Ռադիոյի 2000 տեղանոց համերգասրահում, ապա Անդրեաս Սփրինգե եկեղեցում։
Երգչախումբն ինչպես միշտ ունկնդրին ներկայացավ բազմաժանր, բարձրակարգ կատարումներով, որոնք ըստ արժանվույնս գնահատվեցին փառատոնին մասնակից մասնագետների, երաժիշտների, պարզապես ներկա հանդիսատեսի կողմից։

Մայիսի 12-ին երգչախումբը մասնակցեց փառատոնի փակման արարողությանը։ Մյուս երգչախմբերի թվում Տիգրան Հեքեքյանի փոքրիկները կատարեցին իրենց լավագույն ստեղծագործություններից մի քանիսը, ապա բոլոր երգչախմբերով երգեցին միացյալ ուժերով ամենօրյա աշխատարանների ընթացքում ստեղծած փառատոնի փակման երգը, որտեղ յուրաքանչյուր խումբ երգում էր սեփական լեզվով իր իղձերի, մարդկությանն ուղղված մաղթանքների մասին, ապա միանում հզոր ու շքեղ կրկներգով։ Միացյալ երգչախմբի կատարմանը ձայնակցում էր նաեւ բազմահազարանոց սրահի ունկնդիրը, և հույզերը, սերն ու միասնականության զգացում թևածում էին համերգադահլիճում։ Թերևս, սա հենց այն իրական նպատակն էր, որ հետապնդում էին միջոցառման կազմակերպիչները, և իրենց դա հաջողվեց։

«Հայաստանի փոքրիկ երգիչներին» Հանովերի փայլուն հարթակներից և ծափերի տարափից հետո սպասում էր Դորտմունդի հայ համայնքը, որտեղ Հունան Եղոյանի հիմնադրած «Մենք» երիտասարդաց միության ջանքերով և հայ ընտանիքների ուժերով կազմակերպվել էր երգչախմբի կեցությունն ու մայիսի 14-ի համերգային ելույթը Orchesterzentrum դահլիճում։ Բայց մինչ այդ երեխաներին անակնկալ էր սպասվում՝ մատուցված Դորտմունդի հայ գործարար Թովմասյան ընտանիքի կողմից։ Երեխաներն անմոռանալի տպավորություններով հագեցած մի օր անցկացրեցին Դորտմունդի ճանապարհին գտնվող Ֆանտազիալենդ ատրակցիոնների այգում, որտեղ տեղակայված են աշխարհի ամենաարագ և էքստրեմալ տասնյակի մեջ մտնող ատրակցիոնները։Արդյունքում, թերևս, երգչախմբի անդամներն ապրեցին այս շրջագայության և իրենց կյանքի ամենատարբերվող, գունեղ ու խինդով լեցուն օրերից մեկը։
Հաջորդ քաղաքը, որտեղ սպասում էին մեր երգող մունետիկներին, Մյունխենն էր։ Այստեղ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ երգչախումբը համերգով հանդես եկավ Bürgerhaus Haar համերգադահլիճում՝ կազմակերպված «Dav Social» ընկերության կողմից: Մյունխենում 2 օր երգչախմբի անդամներն ապրել են Burg Schwaneck դղյակում և մշտապես գտնվել են Յորան և Սոնա Կրյուգերների հատուկ հոգածության ներքո:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Թոլցի մանկական արական երգչախումբը։ Համերգի ավարտին այս անգամ ևս երկու երգչախմբերը միասին հայերեն լեզվով կատարեցին Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան»-ը, ինչը մեծ խանդավառությամբ ընդունվեց ունկնդրի կողմից։
Երգչախումբը վերադարձավ հայրենիք մեծ հոգեկան «ավարով»՝ հարստացած տպավորություններով, մարդկանցից ստացած ջերմությամբ, ծափերի տարափն ականջներում։

Առջևում երգչախմբին սպասում է Սյունիքը, որտեղ մայիսի 26-29-ը նորից երգն է թևածելու, Տիգրան Հեքեքյանի կողմից անցկացվող «Երգով ու Սիրով» ամենամյա ՝ այս անգամ արդեն 4-րդ փառատոնի կոչնակների ներքո։
Հաջողություն մաղթենք մեր գանձերին և հետևենք նրանց հետագա համերգարշավին։

Մարինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031