Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան գիտությունը զարգանում է, այնքան վկայություն կա Աստծո մասին». Բագրատ Սրբազանի հանդիպումը ՏՏ մասնագետների հետ

Մայիս 23,2024 17:50

Այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի մասնագետների հետ:

Սրբազանն ասաց, որ մեր ժողովուրդը գիտության նկատմամբ մեծ հակում, սեր ունի. «Հիմա մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ ոչ թե պարզապես գիտությունն է գործում, այլ գիտության հետ միասին գործում է բիզնես կյանքը, մեկը մյուսին սպասարկելով պետք է կյանք ունենան: Դուք մի ոլորտում եք աշխատում, որտեղ շատ հարցականներ կարող են լինել: Երբեք ու երբեք գիտությունն ու հավատքը իրար հետ հակասության մեջ չեն: Կրոնը պատասխանում է ինչու հարցին, գիտությունը պատասխանում է ինչպես հարցին: Մեր ամբողջ տնտեսությունը, կրթական համակարգը, բանակը առաջին հերթին պետք է ուղղակիորեն դարձնել գիտելիքահեն, նորարարական մեթոդներով, որոնք շատ հաճախ կարող են փոխարինել մարդկային ներկայությանը, փոխազդեցությանը, բայց՝ մարդու շնորհիվ»:

Բագրատ Սրբազանն ասաց, որ ինքը ուսումնասիրել է ու պարզել, որ մեր մասնագետները դրսի համար են ավելի շատ աշխատում, քան ներսի. «Բացատրությունը կապված է նաեւ արժանապատիվ վճարումների հետ: Յուրաքանչյուր ոլորտում մասնագետը կոչված է արժանապատիվ վաստակ ունենալու: Չի կարող լինել մեծ աշխատանք, բայց փոքր վաստակ: Հայաստանը արտահանող է այս պարագայում»:

Սրբազանն ասաց, որ երբ մարդը հանդիպում է ողբերգության, որեւէ գիտական միջոց չի կարող նրա խնդիրները լուծել. «Մենք տեսնում ենք, որ հուսահատության մեջ գտնվող նույնիսկ ամենամեծ հասարակությունները որեւէ գիտական մեթոդներով չեն կարողանում գիտական մեթոդներով մարդկանց այդ վիճակից դուրս բերել: Ինչ ջանք ուզում եք թափեք: Շատ դժվար է ներթափանցել մարդու հոգեկան, մտավոր աշխարհը: Այսօր երիտասարդության մեծ մասի ցանկությունն է ներգրավված լինել բարձր տեխնոլոգիաների աշխարհում, բայց ՝ ներգրավվում են հատկապես ոչ բարոյական իմաստով գնահատված միջավայրում, օրինակ՝ խաղատներում, որտեղ իրենք ներգրավվում են հազարավոր աշխատատեղերով,վճարներով, ուրիշի կյանքի հաշվին գումար վաստակելով: Մարդկային արժեքը ու բարոյագիտական չափանիշները սկսում են դեգրադացիա ապրել: IT ոլորտում հետաքրքիր նիհիլիզմի զգացում կա աշխատողների մեծ մասում»:

Բագրատ Սրբազանը նաեւ նշեց, որ եկել է այն համոզման, որ որքան գիտությունը զարգանում է, այնքան վկայություն կա Աստծո մասին, որ Աստվածաշունչը ճիշտ է ասում. «Մենք ասում ենք՝ Աստված ամենատես է եւ ամեն ինչ լսում է: Սրանից մի 100 տարի առաջ ոչ մեկը չէր պատկերացնի, որ ԱՄՆ-ում, կամ ՀՀ-ում 300 մլն մարդու կարող են միաժամանակ լսել մի հատ կետից ուղղակի: Կամ նստած ենք Կիրանցում, մեր առջեւ դրված է էկրան, որտեղից կարող ենք տեսնել աշխարհի մի տասը մայրաքաղաք, էլ չեմ ասում հատուկ ծառայությունների մասին, որ վերահսկող են բոլոր առումներով: Ժամանակին ասում էինք՝ Աստված ամենատես է, մարդիկ ասում էին հնարավոր չի այդպիսի բան: Եթե մարդու համար հնարավոր է դա, Աստծո համար էլ հնարավոր է, չէ՞»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031