Aravot.am-ի տեղեկություններով ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին ստացվել է գրություն այն մասին, որ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Մ.-ն իր պաշտոնավարման ընթացքում նշված դպրոցում աշխատանքի է ընդունել իր մտերիմներին, մասնավորապես 2014-2019թթ., որպես պահակ, ձեւակերպել է Հ.Ա.-ին, որը աշխատանքի չի հաճախել, բայց վերջինիս անվամբ հաշվարկված շուրջ 6 մլն դրամ գումարը յուրացվել է:
Մայիսի 20-ին բաժին հրավիրված երաժշտության ուսուցչուհի Ա. Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2007-2022թթ. ինքն աշխատել է Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի համայնքապետարանում, գործի բերումով հաճախ այցելել է Սոթքի միջնակարգ դպրոց, սակայն երբեւէ Հ. Ա.-ին չի տեսել:
Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: