Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է Յոլյանի անվան արյունաբանական եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատվել բժիշկ Սամվել Դանիելյանը։
«Պարոն Դանիելյանի աշխատանքային պայմանագիրն արդեն վաղուց լրացել է, նրա կնքվել էր ժամանակավոր պաշտոնի ժամկետային պայմանագիր, որը մի քանի օր ավելի շուտ է ընդհատվել՝ ելնելով կենտրոնի կառավարման նպատակահարմարությունից»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Հարցին, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին բարեւելը խթանե՞լ է այդ նպատակահարմարությունը, նախարարը պատասխանեց․ «Իհարկե, ոչ»։
Լրագրողները նաեւ հարցրին՝ Անահիտ Ավանեսյանը կհանդիպի՞ Բագրատ Սրբազանի հետ։ «Ոչ, իհարկե, ինչո՞ւ պիտի հանդիպեմ։ Ես չգիտեմ՝ ի՞նչ է հայտարարում, ի՞նչ համերաշխություն, ո՞ւմ միջեւ, դրա համար հանդիպման նպատակ չունեմ»,- պատասխանեց Անահիտ Ավանեսյանը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ է․ «Կարծեմ Բագրատ Սրբազանը հանդիպում է ոչ թե հոգեւոր հարցեր քննարկելու, այլ ուրիշ նպատակներով»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ