Ֆուտբոլի Հայաստանի լրագրողների հավաքականը վերադարձել է Բրյանսկից, որտեղ անցկացված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-ամյակին նվիրված միջազգային մրցաշարում գրավել է 3-րդ մրցանակային տեղը։
Այդ առիթով Sputnik Արմենիա մուլտիմեդիա լրատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում մեր թիմի ավագ, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը ասաց. «Բրյանսկի մրցաշարն անցկացվում էր 11-րդ անգամ եւ այս տարի միջազգային կարգավիճակ ստացավ մեր մասնակցության շնորհիվ։ Մեր թիմը տարավ երկու հաղթանակ, արեց երկու ոչ-ոքի, զիջեց Վոլգոգրադին ու գրավեց 3-րդ տեղը։ Բայց պետք է ասեմ, որ այդ հանդիպումից առաջ մեր երկու խաղացողներ վնասվածք էին ստացել եւ մենք այլեւս համապատասխան փոխարինող չունեինք։ Անգամ ստիպված էինք ներգրավել փոխարինող դարպասապահին։ Ավելի մեծ ռեսուրս եթե ունենայինք, ավելի մեծ արդյունքի կարող էինք հասնել, չնայած այս մեկից էլ դժգոհ չենք»։
Դավիթ Ալավերդյանը տեղեկացրեց, որ մեր լրագրողական ամբողջական թիմը, փաստացի բաժանվել էր երկու խմբի եւ մյուսը մեկնել էր Մոլդովա, որտեղ զուգահեռաբար, անցկացվում էր մեկ այլ մրցաշար։ Նրա խոսքով՝ այս մրցաշարերին մասնակցելը ոչ միայն մարզական արդյունքներով է կարեւոր, այլեւ շատ լավ հնարավորություն է այլոց ներկայանալու, նոր գործընկերներ ձեռք բերելու եւ նոր միջազգային կապեր հաստատելու համար։ «Մի այսպիսի ասացվացք կա. քանի որ գնդակը չունի սուր անկյուններ, այն միավորում է տարբեր երկրների բոլոր լրագրողներին, այդ թվում՝ հակամարտություն ունեցող երկրների։
Կազմակերպիչները մեզ շատ լավ ընդունեցին, ինչի համար շնորհակալ ենք։ Բայց, թերեւս, ավելի շատ տպավորված ենք Բրյանսկի հայկական համայնքով, նրանց ջերմությամբ նրանք իրենց մի տեսակ մոռացված են զգում եւ շատ եգեւորվել էին մեր գալով։ Կարելի է ասել, որ դա կարեւոր իրադարձություն էր հայ համայնքի համար»,-եզրափակեց Դավիթ Ալավերդյանը։
Մեր թիմի աջ կիսապաշտպան, հայկական «Վիքիպեդիայի» խմբագիր Արթուր Խումարյանը նշեց, որ քանի որ Բրյանսկը Ուկրաինայի հետ սահմանին շատ մոտ է, սկզբնական շրջանում տղաները մի տեսակ անհանգստություն ունեին։ «Բայց շուտով տեսանք, որ ամեն ինչ հանգիստ է եւ մտահոգվելու բան չկա։ Դա մեզ ասում էին նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք ամբողջ ընթացքում մեր կողքին էին։ Մթնոլորտն այնպիսին էր, որ թեեւ մենք մրցաշարի մասնակցում էինք օտար երկրում, սակայն տրիբունաներում գերակշռում էին հայ երկրպագուները, ինչն անշուշտ մեզ շատ էր օգնում»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Հայաստանի լրագրողական հավաքական թիմի մարզիչ, մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը նշեց, որ ոչ կարեւոր մրցաշար իրենց համար չկա։ «Այդ առումով Բրյանսկի մրցաշարը նույնպես սկզբունքային էր։ Երբ Ռուսաստանից հրավերն եկավ, մտածում էինք, որ սահմանային գոտում որոշակի լարվածություն կարող է լինել։ Բայց որոշեցինք, որ պետք է գնալ, խոստացանք ու մեր խոստումը կատարեցինք։ Իսկ եթե ստիպված չլինեինք կիսել մեր թիմի կազմը, կարծում եմ, Բրյանսկում կարող էինք նաեւ հաղթող դառնալ։
Տեսեք ինչ է կատարվել։ Մենք զբաղեցրինք 3-րդ տեղը։ Բայց դա արդեն սովորական է դարձել, ասես, այլեւս արդեն չի բավարարում։ Իրականում մեր մասնակցությամբ ցանկացած մրցաշարում մրցակիցները արդեն մեզ վերաբերվում են որպես հաղթողի հիմնական հավակնորդի եւ հատուկ տրամադրվածությամբ են խաղում։ Ընդ որում, դաշտ են հանում կազմեր, որոնք ոչ մի առնչություն չունեն լրագրողական համայնքի հետ։ Մասնավորապես, նման պրակտիկայի հարուստ փորձ ունի Ադրբեջանը։ Այդ երեւույթը ֆիքսել ու մեր հարեւան երկրին այլեւս չի հրավիրում ֆուտբոլի լրագրողական միջազգային մրցաշարեր կազմակերպող Լիտվան»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ