Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին պետք է հարկվի, Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է»․ ՔՊ-ականներ

Մայիս 23,2024 15:34

ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց ՔՊ խմբակցության պատգամավորներին՝ ինչո՞ւ են հիմա բարձրաձայնում Եկեղեցին հարկելու մասին, արդյոք սա չի՞ փաստում, որ եկեղեցականների դեմ հետապնդումներ են իրականացվում։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ո՞վ է ասում, որ նոր է դիտարկվել, այդ հարցը վաղուց է դիտարկվում։ Մենք վաղուց դիտարկում ենք ՀՀ-ում առհասարակ բոլոր ստվերային ֆինանսական միջոցները ստվերից դուրս բերելու հարցը։ Եվ, այո, Հայ Առաքելական Եկեղեցին ունի առանձնահատուկ կարգավիճակ մեր Հանրապետությունում, բայց, հաշվի առնելով ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները, հարկային փոփոխությունները, պետական ինստիտուտների կայացումը, պետության մասին մեր քաղաքացիների ընկալումները, ֆինանսական միջոցները, որոնք շրջանառվում են ՀՀ-ում, պետք է դուրս գան ստվերից։ Եվ, այո, Եկեղեցին ունի հարկային արտոնություններ, ունի մի շարք տարածքներ, նաեւ մի շարք չօգտագործվող տարածքներ, որոնք պետության ընկալման տեսանկյունից կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար։ Եվ այս իմաստով մենք մտածում ենք, որ Եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ եւ աջակցի պետությանը, որպեսզի ստվերից դուրս գան այդ ֆինանսական միջոցները։ Վերջիվերջո, Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, եւ մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է Եկեղեցին առաջնորդվի»։

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հավելեց․ «Վարչապետը խոսեց այն մասին, որ 2019 թվականից ի վեր Եկեղեցու հետ քննարկումներ են եղել այն մասին, որ իր ֆինանսական թափանցիկությունը ցույց տա պետությանը եւ իր շրջանառությունը ստվերայինից դարձնի ոչ ստվերային։ Եվ նույնիսկ կառավարությունն առաջարկել է, որ համապատասխան հարկերի մուծման դեպքում պետությունը պատրաստ է այդ ամենը հետ վերադարձնել Եկեղեցուն։ Բայց Եկեղեցին պատրաստ չէ թափանցիկ դառնալ պետության ու հանրության համար»։

Արթուր Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, մասնավորապես, Բագրատ Սրբազանի գործունեությանը․ «Երբ այս մարդիկ եկել ընկել են փողոցներում, դա մեկ բան է նշանակում՝ Աստծո դուռը փակ է իրենց համար։ Եվ հիմա իրենք փորձում են իմիտացիա անել, գալ, քաղաքի կենտրոնում կանգնել եկեղեցու բակում, իբր Աստծո դուռը բաց է մեզ համար, բայց միեւնույն ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդին կոռուպցիոներ ընդդիմադիր թիկնապահներով հանում են եկեղեցուց։ Այս ամենը մեր հանրությունը տեսնում է, այդ փիլոններով, վեղարներով մարդկանց էլ է տեսնում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031