Մայիսի 22-ին` Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, ֆրանսահայ մեծանուն արտիստի և մարդասերի 100-ամյակի առթիվ նրա երկու հարազատ երկրներում՝ Ֆրանսիայում և Հայաստանում, տեղի ունեցան հատուկ միջոցառումներ։
Արտիստի 100-ամյա հոբելյանը նշանավորելու համար «Ազնավուր» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպել էր տոնական բացօթյա համերգ։ Միջոցառման հատուկ հյուրը ֆրանսիացի անվանի դաշնակահար Էրիկ Բերշոն էր, ով տարիներ շարունակ նվագակցել էր Ազնավուրին։ Բեմում հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Ելույթ ունեցան նաև տեղացի արտիստներ, որոնք կատարեցին Շառլ Ազնավուրի հայտնի երգերը հայերեն, ֆրանսերեն և անգլերեն։ Համերգի գլխավոր անակնկալներից մեկը Ազնավուրի և Բերշոյի վիրտուալ զուգերգն էր։ Համերգը եզրափակվեց «Քեզ համար, Հայաստան» երգով, որը կատարեց հենց հանդիսատեսը։
Նույն օրը Փարիզում՝ Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված անվանակոչվեց Շառլ Ազնավուրի անունով։ Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը, դուստր Կատյա Ազնավուրը, ընտանիքի այլ անդամներ, ֆրանսիացի արտիստներ և հասարակական գործիչներ։ «Շառլ Ազնավուր՝ ֆրանսիացի արտիստ և Հայաստանի ազգային հերոս»՝ այսպիսի ցուցանակով այգին այսուհետ կընդունի այցելուներին։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր ելույթում ընդգծեց, որ շուտով այդ այգում կտեղադրվի նաև Շառլ Ազնավուրի արձանը։
Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակներում տոնական միջոցառումներ են նախատեսված ողջ տարվա ընթացքում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և այլ երկրներում։ Երևանում հուլիս ամսին տեղի կունենա ֆոտոցուցահանդես, սեպտեմբերին մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կկարողանան մասնակցել Ազնավուրի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությանը, իսկ հոկտեմբերին լույս կտեսնի Շառլ Ազնավուրի տարբեր հարցազրույցների հատվածներից կազմված գիրք։
Կարդացեք նաև
ԱԶՆԱՎՈՒՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ