ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակում կատարվել է վերաբաշխում կատարողների միջև՝ 2 մլրդ 920 մլն դրամի չափով:
Գործադիրի նիստում հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման արդյունքում Քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են փոխանցվում 10 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Այդ հաստատություններն են՝ Արագածոտնի մարզում՝ Ճարճակիսի կրթահամալիրը, Գեղարքունիքում՝ Կախակնի, Արեգունու, Փոքր Մասրիկի և Մաքենիսի կրթահամալիրները, Լոռիում՝ Բազումի, Միխայլովկայի, Կաթնառատի և Գարգառի կրթահամալիրները, իսկ Սյունիքում՝ Շաքիի կրթահամալիրը:
Միաժամանակ, նույն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 5 հանրակրթական դպրոցի հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ 31 մլն 448 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է հաստատությունների գույքային հագեցվածության բարելավմանը և ջեռուցման աշխատանքների իրականացմանը: Այդ դպրոցներն են՝
- «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (ճաշարանի գույքի ձեռքբերում)․
- «Ալավերդու Ստ․ Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ (տեսախցիկների ձեռքբերում)․
- «Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (էլեկտրոնային գրատախտակի ձեռքբերում)․
- «Վանևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (ջեռուցման աշխատանքների իրականացում)․
- «Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (ջեռուցման աշխատանքների իրականացում)։
«Այս նախագիծը ևս մեկ աշխատանք է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թ․ 300 դպրոցի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» խոշորածավալ ծրագրի շրջանակում, ինչպես նաև դպրոցների գույքային և շենքային պայմանների բարելավման ընթացիկ ծրագրերում»,- նշել է նախարարը:
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս որոշմամբ կատարված փոփոխությունները ներառյալ՝ ընդհանուր առմամբ 133 հաստատություններ գտնվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվության շրջանակում, որոնցից 85-ը դպրոց է, իսկ 48-ը՝ կրթահամալիր: Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակման տիրույթում է 95 հաստատություն, որոնցից 59-ը՝ դպրոց, 36-ը՝ կրթահամալիր: Արդեն իսկ ավարտված է 27 ուսումնական հաստատության շինարարությունը, իսկ 107 հաստատություն այս պահին գտնվում է շինարարության փուլում, որի մի մասը կավարտվի այս տարվա ընթացքում: Այսինքն՝ 134 հաստատություններում կամ ավարտվել են աշխատանքները, կամ դրանք շինարարության փուլում են. մնացածը նախագծման կամ մրցութային գործընթացների մեջ են:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ պետական բյուջեից 300 մլն դրամի շրջանակում 96 մարզական կառույցների, որոնց մեծ մասը մարզադպրոց է, հատկացվել է գույք: Դրանցից 28-ը ՊՈԱԿ է, 61-ը՝ համայնքային մարզադպրոց, 5-ն ազգային ֆեդերացիա և 2 կազմակերպություն, որոնք ունեն մարզադպրոցներ: «Գույքի զգալի մասը հատկացվել է մարզային կառույցների, որով էապես նպաստում ենք մարզերում սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնմանը: Սա մեր շարունակական քաղաքականությունն է՝ հետևել գույքի որակին, բայց միաժամանակ ապահովել դրա հասանելիությունը մարզիկների և սպորտով զբաղվող երեխաների համար»,- ներկայացնելով հարցը՝ ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ ձեռքբերվող գույքի տեխնիկական առաջադրանքների բնութագրերը պետք է պատշաճ նկարագրվեն, որովհետև վերհանելով խնդիրները՝ հաճախ պարզ է դարձել, որ դրանց նկարագրությունը բավարար չէ. համապատասխան չափանիշները տեխնիկական առաջադրանքներում կամ նշված չեն կամ անորոշ են ձևակերպված: «Համապատասխան ստանդարտների նկարագրության, ինչպես նաև շահագործման հանձնված դպրոցների հետագա պատշաճ պահպանման և հոգատար վերաբերմունքի առումով մեծ աշխատանք ունենք անելու, որը պայմանավորված է նաև կրթական համակարգի հետևողական աշխատանքով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հաստատությունների գույքի պահպանման, գյուղական համայնքներում նոր դպրոցների կառուցման կարևորությանը և մի շարք այլ հարցերի. «Կարևոր է, որ պետության կողմից տրամադրված գույքի նկատմամբ լինի սրտացավ վերաբերմունք»:
Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այն փաստը, որ Կառավարության ծրագրերի շրջանակում արվում է հնարավորը՝ գյուղական համայնքներում ևս որակյալ կրթության հասանելիությունն ապահովելու համար:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իրենց հերթին ներկայացրել են կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող դպրոցներում իրականացվող աշխատանքների կազմակերպմանն առնչվող որոշ մանրամասներ:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ